Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:6

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կհագենան»։
   
   Ի՞նչ արդարության մասին է խոսքը։ Արդյո՞ք Նա (Հիսուս) խոսում է առհասարակ առաքինության մասին, թե՞ նկատի ունի հատկապես ա´յն արդարությունը, որը հակադրվում է ագահությանը։ Քանի որ Նա մտադիր էր առաջադրել ողորմածության մասին պատվիրանը, ուստի և սովորեցնում է, թե ինչպես պետք է ողորմած լինել։ Մասնավորապես, Հիսուս այստեղ երանելի է անվանում նրանց, ովքեր ձգտում են արդարության, ինչն էլ բնականորեն արգելում է գողություն անելն ու ագահությունը։
   Ուշադրությո´ւն դարձրու, թե Քրիստոս ինչպիսի զորությամբ է արտահայտում Իր պատվիրանը։ Նա չի ասում՝ « երանելի են նրանք, ովքեր փնտրում են արդարություն», այլ՝ «երանելի են արդարության քաղցն ու ծարավն ունեցողները»` սրանով հուշելով, որ մենք ոչ այլ կերպ, քան միայն` լիակատար սիրով պետք է ձգտենք այդ արդարությանը։ Եվ քանի որ արծաթասերները լիակատար սեր ունեն դրամի նկատմամբ, այսինքն՝ նրանք այնքան չեն մտածում իրենց բնական քաղցն ու ծարավը հագեցնելու մասին, որքան ավելի ու ավելի շատ ունենալու և ձեռք բերելու մասին, ուստի Քրիստոս պատգամում է նմանօրինակ սեր ցուցաբերել անշահասիրության նկատմամբ։ Այնուհետև Նա կրկին առաջ է քաշում զգայական (նյութական) վարձատրության խոստումը՝ ասելով. «որովհետև նրանք կհագենան»։
   Ու քանի որ շատերն են կարծում, թե արծաթասիրությունը հարստացնում է մարդուն, ուստի Հիսուս ասում է, որ իրականում ճիշտ հակառակն է տեղի ունենում, այսինքն՝ արդարությո´ւնն է հարստացնում։ Այդպիսով, արդար գործեր կատարելով՝ մի՛ վախեցիր աղքատությունից և մի՛ սարսափիր քաղցից։ Իսկապես որ, առավելաբար հենց նրա´նք են զրկվում ամեն ինչից, ովքեր գողանում են ուրիշի ունեցվածքը, մինչդեռ նա, ով սիրում է արդարությունը, ապահովաբար տիրում է ամեն ինչին։ Եթե նրանք, ովքեր չեն խլում ուրիշի ունեցվածքը, այսպիսի բարօրություն են վայելում, ապա որչափ առավել երանելի են նրանք, ովքեր իրենց ունեցվածքն էլ են բաժանում աղքատներին։
   Նկատի´ր Վարդապետի իմաստությունը. Նա իր այս խոսքերով ո´չ միայն խրախուսեց (նախանձախնդրություն արթնացնելով) երանության խոստումով, այլ նաև` «արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին» հիշատակելով Իր ունկնդիրներին ուսուցանեց, թե ինչպիսի եռանդով պետք է ձեռնամուխ լինել հոգևոր խոսքերի ուսումնասիրությանը։ Նմանապես նաև, ինչպես Քրիստոս է ասում, նրանք, ովքեր քաղց են զգում, անասելի շտապողականությամբ նետվում են դեպի կերակուրը, և նրանք, ովքեր այրվում են ուժգին ծարավից, իսկույն շտապում են դեպի ըմպելիքը: Ճիշտ այդ կերպ էլ այս քաղցածներն ու ծարավածները պետք է շտապեն դեպի հոգևոր ուսուցումը։ Այդպիսի մարդիկ ոչ միայն արժանանում են երանության, այլ նաև ստանում են իրենց փնտրածը. «նրանք, - ասում է, - կհագենան», այսինքն՝ գոհացում կստանան և կիրականանան նրանց հոգևոր իղձերը։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան:
   
   Երանի՜ արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին:
   Քանի որ մենք կրկնակի բնություն ունենք, ապա դրանց կերակուրները տարբեր են. մարմնինը նյութական է՝ ըստ նրա գոյացության, իսկ հոգունը՝ աննյութ և իմանալի: Եվ ինչպես որ մարմինն առանց իր կերակրի չի կարող ապրել, այդպես էլ՝ հոգին, եթե իր [կերակուրը] չճաշակի միշտ: Եթե մարմնի [մաս կազմող] ստամոքսն ինչ–որ հիվանդության հետևանքով դառն մաղձով է լցված, հագեցած է թվում և երբեք ախորժելի կերակուրների քաղց չի զգում, [և մարդն] ուտում է ասես առանց կարիքի, իսկ երբ բժիշկների ձեռքով հիվանդության պատճառներից ազատվում է, առողջարար կերակուրների ցանկությունը վերստանում է: Նույնը կարելի է տեսնել մտքի պարագայում, որը մեր հոգու կերակուրների ընդունարանն է: Եթե մեղքերի ճաշակմամբ հիվանդանում է, քանի դեռ այդ [վիճակում] է, չի փափագում կենդանարար և աստվածային կերակուրները, որոնք իմաստության խոսքն ու գործն են: Բայց երբ փնտրում է հոգևոր բժիշկներ, առաքինության [գործերով] հոժարությամբ ընդունում ու խմում նրանց [տված] դեղերը և դուրս փսխում մեղքերի պատճառով հավաքված ժահահոտությունը, այդժամ հոժարությամբ փափագում է ուտել հոգևոր կերակուրը: Ահա սրա՛նք են այն քաղցածները, որոնց երանի է տալիս Տերը: Ուրեմն՝ ով կամենում է հոգևոր կերակուրներից զորություն ստանալ, նախ միտքը թող մաքրի եկամուտ ախտերից, որպեսզի [իր հոգու] բնական կերակուրների քաղցն ունենա:

   Բայց արժե քննել, թե ի՛նչ է արդարությունը: Արտաքին 1  [իմաստունները] արդարությունը սահմանում են [այսպես]: Եթե մեկը, [օրինակ], նյութական բաները հավասարապես է բաշխում՝ ըստ ստացողների կարիքի չափի, ապա արդար է համարվում, ինչպես նաև այն դատավորը, ով ճշմարտությամբ է դատում. արդար են կոչվում նաև այն տանուտերը, քաղաքի իշխանը, ազգերի թագավորը, ովքեր անիրավությամբչեն գործում, այլ իրենց հնազանդվողներին ուղիղ են դատում: Բայց ես այս արդարությունը չէ՛, որ Տիրոջ կողմից երանված եմ համարում: Որովհետև երանության այս խոսքը միայն մարդկանցից ոմանց չի [հասցեագրված], իսկ ոմանց՝ ոչ, այլ բոլո՛ր նրանց, ովքեր կամենում են այն ընդունել: Ուրեմն ո՞րն է արդարության կերակուրը, որ նախատեսված է բոլորի համար և իբրև սեղան՝ բացված է բոլո՛ր նրանց առաջ, ովքեր նրա քաղցն ունեն: Դա այն է, ինչի մասին Ինքը [Տերն] ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կատարեմ Իմ Հոր կամքը» (Հովհ. 4:34):

   Եվ ոչ միայն պահանջում է արդարության քաղցն ունենալ, այլև ծարավը: Ծարավը հիշատակելով՝ այս խոսքն օրինադրում է բարու ծայրաստիճա՛ն փափագը, որովհետև ծարավը բնությանն ավելի է ստիպում հագուրդ ստանալու, քան քաղցը, այնպես, ինչպես Դավիթն էր Աստծուն փափագում (Սաղմ. 41:3):

   Այս խոսքը քաղցի և ծարավի հիշատակմամբ երանի է տալիս նաև երկու՝ խոսքով և գործով, իմաստությունները փափագողին. քաղցը՝ իբրև ավելի թանձր առարկայի [փափագ], խորհրդանշում է գործնական իմաստությունը, իսկ ծարավը՝ իբրև ավելի անոսր նյութի [փափագ]՝ տեսականը:

   Նաև արդարություն է պետք հասկանալ հենց Նրան՝ Աստծո Խոսքին, Ում մասին Պողոսն ասում է. «Ով մեզ համար դարձավ արդարություն ու սրբություն» (Ա Կոր. 1:30): Ազնիվ մարդիկ «արդար» են կոչվում, բայց ո՛չ՝ «արդարություն», ուստի սա միայն Աստծուն է [վերաբերում], Ով աղբյուրի պես բխում է արդարություն, ինչպես որ Ինքը Տերն էլ Իրեն երբեմն կոչում էր «երկնքից իջած հաց», երբեմն՝ ջուր՝ ծարավյալների համար  (Հովհ. 6:33, 35):

   Սակայն ինչո՞ւ է այս խոսքը միայն արդարության քաղցն ունեցողին երանի տալիս, երբ հոգու առաքինությունները չորսն են  2: Որովհետև [արդարությունն] իր մեջ ամփոփում է բոլորը: Նաև որովհետև ինչպես որ խոսքով ու գործով [կատարվող] բոլոր չարիքները [մեկ] անվամբ կոչվում են անիրավություն, այդպես էլ բոլոր բարի [խոսքերի ու գործերի] անունն արդարություն է, քանի որ դրանք արդարապես են խոսվում ու գործվում: Հետևաբար, երանի՜ աստվածային իմաստության քաղցն ունեցողին, որովհետև կհագենա նրա գիտությամբ: Երանի՜ Աստծո սիրո քաղցն ունեցողին, որովհետև կխմի անճառ ուրախություններով զմայլումը՝ այստեղ՝ մասամբ, իսկ հանդերձյալում [Տերը] նրան կպարգևի կատարյա՛լ ուրախությունը:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն  արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:1
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:3