Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ Հիսուս նրանց ասաց. «Մի՞թե փեսայի բարեկամները կարող են սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց կգան օրեր, երբ փեսան նրանց միջից կվերցվի, ու այն ժամանակ նրանք ևս ծոմ կպահեն»»։
Քրիստոս չի հանդիմանում Հովհաննեսի աշակերտներին և նրանց սնապարծ կամ գոռոզ չի անվանում, այլ ամենայն հեզությամբ պատասխանում է նրանց՝ ասելով. «Փեսայի բարեկամները (առագաստի որդիները) չեն կարող ծոմ պահել, քանի դեռ փեսան նրանց հետ է»: Երբ Քրիստոս պաշտպանում էր ուրիշներին, մասնավորապես՝ մաքսավորներին (հարկահավաքներին), այդժամ նրանց կոտրված ոգին մխիթարելու համար խստորեն հանդիմանում էր մաքսավորներին չարախոսողներին, իսկ ահա երբ հանդիմանում էին Իրեն և Իր աշակերտներին, Փրկիչը պատասխանում էր ամենայն հեզությամբ: Հովհաննեսի աշակերտների ասած խոսքերի իմաստը հետևյալն է. «Հասկանալի է, որ Դու, որպես բժիշկ, այդպես ես վարվում, բայց ինչո՞ւ են Քո աշակերտնե՛րը, ծոմը խախտելով, մասնակցում այդպիսի ճաշկերույթների»: Եվ որպեսզի ավելի մեծ զորություն տան իրենց մեղադրանքին, նրանք օրինակ են բերում, նախ՝ իրենք իրենց, ապա՝ փարիսեցիներին, ցանկանալով այդ համեմատությամբ մեծացնել Հիսուսի աշակերտների մեղքը: «Մենք և փարիսեցիները, — ասում են նրանք, — հաճախ ենք ծոմ պահում»: Եվ իսկապես որ, թե՛ մեկը, և թե՛ մյուսը ծոմ էին պահում. առաջինները՝ Հովհաննեսից սովորած լինելով, երկրորդները՝ ուսանելով օրենքից, ինչպես որ ասում էր նաև այն փարիսեցին. «Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում» (Ղուկ. 18:12):
Ի՞նչ է պատասխանում Հիսուս: «Մի՞թե փեսայի բարեկամները (առագաստի որդիները) կարող են սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է»: Ավելի վաղ Հիսուս Ինքն Իրեն բժիշկ էր անվանել, իսկ այժմ անվանում է փեսա՝ այդ անվանումներով բացահայտելով անարտահայտելի խորհուրդները: Նա կարող էր ավելի խստորեն հանդիմանել նրանց (Հովհաննեսի աշակերտներին) այսպիսի խոսքերով. «Դուք իրավունք չունեք ծոմապահության մասին օրենքներ սահմանելու: Ի՞նչ օգուտ կա ծոմից, երբ հոգին լի է նենգությամբ, երբ մեղադրում ու դատապարտում եք ուրիշներին՝ ձեր աչքերում գերան ունենալով հանդերձ, և այդ ամենը անում եք ինքներդ ձեզ ցույց տալու համար»:
Ամենից առաջ պետք է հեռու վանել սնապարծությունը և կատարել բոլոր առաքինությունները, ինչպիսիք են սերը, հեզությունը, եղբայրասիրությունը: Բայց Քրիստոս նմանատիպ ոչինչ չի ասում, այլ ամենայն հեզությամբ պատասխանում է Հովհաննեսի աշակերտներին. «Մի՞թե փեսայի բարեկամները (առագաստի որդիները) կարող են սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է»՝ այդպիսով նրանց հիշեցնելով Հովհաննեսի խոսքերը. «Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար» (Հովհ. 3:29):
Քրիստոսի խոսքերի իմաստը հետևյալն է. ներկա ժամանակն ուրախության և զվարճության ժամանակ է, ուստի այն չպե՛տք է դարձնել տրտմության ժամանակ: Իսկ ահա ծոմապահությունը, իսկապես որ, իր մեջ մի որոշակի տրտմություն է պարունակում՝ ոչ թե իր բնույթով, այլ որովհետև աշակերտներն էին դեռևս տկար, չնայած որ նրանց համար, ովքեր ցանկանում են խոհեմություն դրսևորել, ընդհակառակը, ծոմը հաճելի և ցանկալի զբաղմունք է: Ինչպես մարմնի առողջությունն է մեծ ուրախություն բերում, այնպես էլ հոգու բարօրությունն է մեծագույն հաճույք պատճառում: Այսպիսով, Փրկիչն Իր պատասխանն ուղղում էր նրանց մտքերի դեմ: Այդպես նաև Եսային, խոսելով ծոմապահության մասին, այն անվանում է հոգու խոնարհություն (տե՛ս Ես. 58:3)՝ ճիշտ այնպես, ինչպես և Մովսեսը (Թվ. 30:14):
Այնուամենայնիվ, Փրկիչը ոչ միայն սրանով է փակում Հովհաննեսի աշակերտների բերանը, այլև մեկ այլ եղանակով՝ ասելով. «Կգան օրեր, երբ փեսան նրանց միջից կվերցվի, ու այն ժամանակ նրանք ևս ծոմ կպահեն»։ Իր այս խոսքերով Տերը ցույց է տալիս, որ սա ոչ թե որովայնի հաճույքի համար էր, այլ որոշակի հոգևոր խնամածության։ Պատասխանելով Իր հակառակորդների խոսքերին՝ Հիսուս միաժամանակ սկսում է կանխագուշակել նաև Իր չարչարանքների մասին՝ Իր աշակերտներին նախապես ուսուցանելով խորհել առաջին հայացքից տրտմալի թվացող իրադարձությունների մասին: Եթե Փրկիչն Իր չարչարանքների մասին ուղղակիորեն խոսեր Իր աշակերտների հետ, ապա դա նրանց համար դժվարըմբռնելի և տրտմալի կլիներ, որովհետև նույնիսկ հետագայում Քրիստոսի չարչարանքների մասին խոսքը խռովքի մեջ էր գցում Փրկչի աշակերտներին:
Իսկ ահա երբ սա ասվում էր ուրիշներին (այսինքն՝ Հիսուսի աշակերտներն այս մասին լսում էին միջնորդավորված կերպով, և ոչ թե անմիջականորեն), Քրիստոսի աշակերտների համար դա լսելն առավել նվազ ծանր էր: Եվ քանի որ, ինչպես ես կարծում եմ, Հովհաննեսի չարչարանքը գոռոզացնում էր նրա աշակերտներին, Փրկիչն այս խոսքերով խոնարհեցնում է նաև նրանց (Հովհաննեսի աշակերտների) այդ գոռոզությո՛ւնը: Իր Հարության մասին, սակայն, Քրիստոս դեռևս ոչինչ չի ասում, որովհետև ժամանակը դեռ չէր հասել: Հիսուսի՝ որպես սովորական մարդու (ինչպիսին որ, մեծավ մասամբ, Նրան համարում էին) մահը բնական էր, իսկ ահա Նրա Հարություն առնելը գերբնական իրողություն էր:
Եվ, այնուամենայնիվ, ոչինչ չստիպեց Քրիստոսին փոխել Իր կարծիքը, և Նա չասաց. «Ամոթ է, որ մեկը ծոմ պահի, իսկ մյուսը՝ ոչ»: Եվ, ինչպես հմուտ նավավարը չի նայում կատաղած ալիքներին, այլ իր արհեստավարժությանն է ապավինում, այդպես էլ Քրիստոս վարվեց այդ ժամանակ. ամոթն այն չէր, որ Հիսուսի աշակերտները ծոմ չէին պահում, այլ ա՛յն, որ ծոմապահության մեջ եղած ժամանակ մարդիկ իրենք իրենց մահացու վերքեր էին հասցնում, գանահարում էին սեփական մարմիններն ու ինքնակամ տառապանքի էին մատնում իրենց:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա ծոմ կը պահեն:
Հիսուսն ասաց նրանց. «Միթե հնարավո՞ր է, որ [հարսանեկան] առագաստի մասնակիցները սգան, քանի դեռ Փեսան նրանց հետ է: Բայց կգան օրեր, երբ Փեսան կվերցվի նրանցից, և ապա պահեցողություն կանեն»:
Տերն այն ամբողջ ժամանակը, որ անցկացրեց աշխարհում, անվանեց «առագաստ», իսկ Իրեն՝ «փեսա»՝ այդ անունով հայտնելով այն անճառ խորհուրդը, որ կատարեց Իր ծնունդից մինչև համբարձում: Միևնույն ժամանակ հիշեցրեց Հովհաննես [Մկրտչի] քարոզությունը՝ «Ով հարսին ունի, նա է փեսան» (Հովհ. 3։29), և՝ «Փեսայի բարեկամներն ուրախությամբ լսում են նրան» (հմմտ. Հովհ. 3։29): Սրանով Հովհաննեսի աշակերտների լսողությունն արթնացրեց իրենց ուսուցչի քարոզության հանդեպ:
Այլ կերպ ևս [կարելի է հասկանալ]. [Տերը] նախ «բժիշկ» [կոչեց Իրեն], այժմ էլ՝ «փեսա», որովհետև ինչ-որ առումով փեսան նույնպես տրտմության բժիշկ է, իսկ պահքը սգի նշան է: Հետևաբար, այնքան ժամանակ, որ Փեսան նրանց հետ է, ուրախության ժամանակ է, տրտմական պահքի մասին մի՛ խոսեք, ասում է [Տերը], որովհետև դա քարոզվեց Հովհաննեսի մուտքով՝ նրա հագուստի և կերակրի միջոցով, ինչով մատնացույց արեց ձեր մեղքերն ու ապաշխարության կանչեց: Իսկ Ես, քանի որ մեղքերը վերացնող եմ՝ ըստ նրա խոսքի (Հովհ. 1։29), Իմ փեսավերները 1 չպիտի պաշարվեն տրտմական կրքով, այլ ցնծան:
Բայց ըստինքյան, ըստ իր բնության, տրտմալի բան չէ պահքը, այլ [այսպես է համարվում] կամ ըստ ժամանակամիջոցի, ինչպես ասվեց, և կամ պահեցողների հիվանդամտության: Իսկ երբ զգաստանալ են կամենում, [պահքը] շատ քաղցր բան է, ուստիև [Տերն] ավելացնում է. «Երբ [Փեսան] վերցվի, ապա պահեցողություն կանեն»: Որովհետև որկրամոլության պատճառով չէ, որ [հրաժարվել էին պահքից], այլ այդ ժամանակի թելադրանքով: Իսկ երբ այն անցնի, ասում է [Տերը], պահեցողություն կանեն:
Նաև քանի որ Հովհաննեսի աշակերտները դա մեծ բան էին համարում և իրենց ուսուցչի պահքով մեծամտանում էին, [Տերն] Իր չարչարանքների մասին է խոսում, որպեսզի նրանց հպարտությունը ցածրացնի. «Երբ վերցվի»,- ասում է. ո՛չ միայն խաչի վրա, այլև դեպի երկինք, որն ավելի մեծ բան է, քան պահքի ժուժկալությունը: Բայց հարության մասին ոչինչ չխոսեց, որովհետև տակավին բնությանը գերազանցող իրողության մասին հայտնելու ժամանակը չէր: Նաև Իր աշակերտներին զգաստացնում է, որպեսզի երբ դա տեղի ունենա, չերկմտեն. թեկուզ Նրա մահվան հարուցած տրտմությամբ թախծելով՝ պահքի մեջ են մտնելու, սակայն, հիշելով Նրա կանխասաց վարդապետությունը, հույսով ուրախանալու են, ինչպես և տեղի ունեցավ. որովհետև Նրա համբարձվելուց հետո ուրախությամբ պահք էին պահում՝ ըստ առաքյալի. «Պահքերի և մաքրության մեջ» (հմմտ. Բ Կոր. 6։5-6), և թե՝ «Պահքի մեջ հաճախ» (Բ Կոր. 11։27):
Բայց հարկ է քննել, թե ինչո՛ւ Իրեն «փեսա» կոչեց: Նախ՝ Իր մարմնի պատճառով, որովհետև Խոսք Աստված հարսնացրեց մարմինը՝ միավորելով Իր հետ, ինչպես փեսան՝ հարսին, և երկու կատարյալ էություններից մի կատարյալ անձնավորություն դարձավ՝ նոր խառնմամբ և անշփոթ միությամբ, և Նրա խաչի չարչարանքի երկունքից ծնվեց միանգամից մի ամբողջ ժողովուրդ: Երկրորդ՝ որպեսզի ցույց տար, որ Նոր Ադամ դարձավ՝ հնի փոխարեն, և Իր կողի երկու վտակներով կառուցեց Եկեղեցին, ինչպես որ Ադամի կողից [ստեղծեց] Եվային: Եվ Հորը երկնքում թողեց, մորը՝ լալագին՝ խաչի մոտ, և գնաց հարս Եկեղեցու հետևից դեպի մահ ու դժոխք և բարձրացնելով՝ հավատով Իրեն միավորեց ադամական բնությունը՝ ըստ այսմ. «Մոռացի՛ր քո ժողովրդին... որովհետև Թագավորը քո գեղեցկությունը ցանկացավ» (Սաղմ. 44։11-12), և թե՝ «Իբրև հարսի՝ զարդարեց ինձ» (Ես. 61։10), նաև՝ «Այս խորհուրդը մեծ է, բայց ես խոսում եմ Քրիստոսի և Եկեղեցու մասին» (Եփես. 5։32). «Նրա գլխին թանկարժեք քարից պսակ դրեց» (հմմտ. Սաղմ. 20։4), և՝ «Նրա մայրը պսակեց նրան նրա փեսայության և սրտի ուրախության օրը» (Երգ 3։11): Եվ երրորդ՝ այս գաղափարով ցույց տվեց մարդկանց հանդեպ Իր ունեցած անճառ ու անչափ սիրո նշանակությունը, որովհետև երկրի վրա չկա ավելի մեծ ուրիշ սիրո օրինակ, քան հարսի ու փեսայի միջև սերը՝ ըստ Սողոմոնի «Երգ երգոցում» գրվածի, և ինչպես այլուր էլ [ասվում է]. «Քո սերը կանանց հանդեպ սիրուց ավելի է ցավ պատճառում ինձ» (հմմտ. Բ Թագ. 1։26), ինչպես նաև ըստ հենց Իր խոսքի. «Ոչ ոք այսպիսի սեր չունի, որ իր բարեկամների համար իր կյանքը տա, ինչպես որ Ես եմ Իմ կյանքը տալիս» (հմմտ. Հովհ. 15։12-14):
Ստեփանոս Սյունեցի (†735)
Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա ծոմ կը պահեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:14
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա ծոմ կը պահեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:9
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: