Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:27

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Երբ Հիսուս այնտեղից հեռանում էր, Նրա հետևից երկու կույրեր էին գնում և աղաղակում էին. «Ողորմի՛ր մեզ, Հիսուս, Դավթի՛ որդի»։
   
   Քրիստոս ինչո՞ւ է կույրերին ստիպում հետևել Իրեն և ողորմություն խնդրել: Որպեսզի այս օրինակով նույնպես մեզ սովորեցնի խուսափել մարդկային փառքից: Քանի որ տունը մոտակայքում էր, ուստի Հիսուս կույրերին տանում է այնտեղ՝ մտադիր լինելով նրանց առանձնաբար բժշկել: Սա երևում է այն իրողությունից, որ Քրիստոս կույրերին հրամայում է ոչ ոքի չպատմել իրենց բժշկության մասին: Սա նաև ոչ փոքր հանդիմանություն է՝ ուղղված հրեաների՛ն․ այն դեպքում, երբ կույրերը, զրկված լինելով տեսողությունից, ընդունում են հավատը միայն լսելով, այդ նույն ժամանակ հրեաները, ականատես լինելով հրաշքներին և սեփական աչքերով համոզվելով դրանց իսկության մեջ, վարվում են բոլորովին այլ կերպ:

   Նկատի՛ր նաև կույրերի ջանասիրությունը, որի մասին կարելի է դատել նրանց աղաղակից և աղաչանքից. կույրերը պարզապես չեն մոտենում Փրկչին, այլ բարձր ձայնով աղաղակում են՝ ոչինչ ավելին չասելով, բացի՝ «ողորմի՛ր մեզ» խոսքից: Իսկ ահա Հիսուսին «Դավթի Որդի» էին անվանում, որովհետև դա նրանց համար պատվավոր անուն էր թվում: Հաճախ մարգարեները նույնպես այդպես էին անվանում թագավորներին, որոնց ցանկանում էին պատվի և մեծարանքի արժանացնել (Եզեկ. 34:23, Զաք. 12:8):
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ մինչ Յիսուս անցնում էր այն տեղով, երկու կոյրեր գնացին նրա յետեւից. նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դաւթի՛ Որդի»:
   
   Երբ Հիսուսն անցնում էր այդտեղով, Նրա հետևից գնացին երկու կույրեր, աղաղակում էին և ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ որդի»:

   Մի հրաշքին մյուսն է հարում, որպեսզի մարդկանց հավատն աճի: Բայց ինչո՞ւ է հապաղում [կույրերին բժշկել՝ թույլ տալով], որ աղաղակեն Իր հետևից: Ի խրատ մե՛զ, որպեսզի հեռացնենք մեզնից, ինչպես Նա, շատերից փառավորվելու [փափագը]: Քանի որ մոտ էին այն տանը, որտեղ ամբոխն էր, [կույրերին] հեռացրեց, առանձնացրեց մի տան մեջ և ապա՛ բժշկեց: Սա երևում է նրանից, որ պատվիրեց. «Թող ոչ ոք չիմանա» (Մատթ. 9։30): Սրանով նաև նրանց հավատի տենչն է ցանկալի դարձնում, որով, կույր կյանքով վառված, առանց ձանձրանալու գնում էին [Հիսուսի] հետևից՝ ի հանդիմանություն հրեաների, որովհետև նրանք փակ աչքերով, միայն լսելով, հավատում էին, իսկ [հրեաները], բաց աչքերով տեսնելով հրաշքները, հակառակում էին: Տես նաև այն, որ [կույրերը] հենց այնպես չմոտեցան [Հիսուսին], այլ բարձրաձայն աղաղակելով, և ուրիշ բան չէին պահանջում, քան ողորմություն՝ Դավթի Որդուց. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»: Կամ աղերսելով էին «Դավթի Որդի» կոչում, քանի որ այդ անունը պատվական էր համարվում նրանցում, ինչպես որ մարգարեները, երբ կամենում էին որևէ թագավորի պատվել, [նրան] այդ անվամբ էին կոչում, կամ էլ կույրերի և կաղերի հանդեպ [Հիսուսի] հայր Դավթի ողորմությունն (Բ Թագ. 9) էին նրա Որդուց պահանջում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

27-31. Եւ մինչ Յիսուս անցնում էր այն տեղով, երկու կոյրեր գնացին նրա յետեւից. նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դաւթի՛ Որդի»: Երբ նա տուն եկաւ, կոյրերը մօտեցան նրան: Յիսուս նրանց ասաց. «Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»: Նրանք ասացին նրան՝ այո՛, Տէ՛ր: Այն ժամանակ դիպաւ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»: Եւ բացուեցին նրանց աչքերը: Եւ Յիսուս նրանց խստիւ պատուիրեց եւ ասաց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ»: Իսկ նրանք ելան եւ նրա համբաւը տարածեցին ամբողջ այդ երկրում:
   
   Հայրոսի աղջկան հարություն տալուց հետո՝ Հիսուս Իր տունն էր վերադառնում, երբ երկու կույրեր, նրա հետևից ընկած, շարունակ աղաչում էին եւ բարձրաձայն աղաղակում․ «Ողորմեաց մեզ, որդի Դաւթի»։ Աղաչանքներն անորոշ էին՝ բժշկությու՞ն էին ցանկանում, թե՞ պարզապես ողորմություն։ Երևի հենց դրա համար է Հիսուս շարունակում Իր ճանապարհը՝ առանց նրանց աղաչանքներին ուշադրություն դարձնելու։ Կույրերն անշուշտ Հիսուսին շրջապատած ամբոխից էին իմացել, որ անցնողը գալիլիացի հրաշագործ Վարդապետն է, որն իբր արդեն Մեսիա էր հորջորջվում։ Ուստի նրանք էլ Որդի Դավթի էին կոչում, որ հավասար է Մեսիա ասելուն։
   Հիսուսն առջևից, կույրերը հետևից, առանց ձանձրանալու, գնացին այնքան, մինչեւ Հիսուս Իր տունը հասավ։ Տեսնելով, որ երկու կույրերը չեն հեռանում, հարցրեց, թե ի՞նչ են ուզում։ Նրանք շտապով բացատրեցին, որ բժշկություն են խնդրում։ Հիսուս վրա բերեց․ «Հավատու՞մ եք, թե ես կարող եմ ձեր կուրությունը բժշկել»։ Կույրերը համարձակորեն պատասխանեցին․ «Այո՛, Տեր»։ Բժշկության համար Հիսուսի պահանջած միակ պայմանը բավարարված էր։ Հիսուս միշտ հավատքով դիմողների խնդիրքը կատարում էր, իսկ հետաքրքրությամբ կամ անուղղակի դիտավորությամբ հրաշք փնտրողներին չէր գոհացնում։ Երբ համոզվեց, որ երկու կույրերն էլ պահանջված պայմանի հետ համաձայն են, իսկույն կատարեց նրանց խնդրածը։ Ձեռքը նրանց աչքերին դրեց ու ասաց․ «Ըստ հաւատոց ձերոց եղիցի ձեզ», որ նշանակում է՝ «ձեր հավատքին արժանի եւ համեմատ արդյունքն ունենաք եւ իրավամբ բժշկվեք, եթե ճշմարիտ, հավատք ունեք»։ Արդյունքը եղավ երկուսի անմիջական բժշկությունը, որ նշան էր, թե կատարյալ հավատքով էին զորացել եւ փողոցի հասարակ մուրացկաններ չէին։
   Հիսուս սրանց էլ ապսպրեց՝ ոչ ոքի չպատմել այդ մասին ու չտարածել, ինչը որ ուրիշ անգամներ եւս տեսանք։ Գալիլիայում լսել էին Ավետարանի քարոզությունը։ Վարդապետությունն ամենքին ծանոթ էր։ Նոր համբավի կարիքը չէր զգացվում։ Կարող էր դա մարդկային ճարտարություն կամ հնարանք կարծվել կամ էլ սին փառասիրության հետեւանք համարվել։ Սակայն, ինչպես մյուսները, այս երկու կույրերը եւս տրված պատվերին չանսացին։ Ողջ գավառում, ուր եղան, իրենց հրաշալի բժշկության մասին պատմեցին։