Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:17

Հովհաննես Ծործորեցի

Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում.
   
   Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ [դատական] ատյանների կմատնեն և իրենց ժողովարաններում կտանջեն ձեզ:

   Ովքեր երկրավոր են ու երկրավորի մասին են մտածում, միշտ մաքառելու են ձեզ հետ: Ուստի զգո՛ւյշ եղեք, այսինքն՝ զգաստ [եղեք], որպեսզի չմիաբանվեք ձեզ տանջանքների մատնողների հետ՝ [ուրացության գնով հալածանքներից խուսափելու համար], այլև զգուշացեք գառան զգեստ հագած [գայլերից] որ գալիս ձեզ մոտ, իսկ եթե նրանք ձեր դեմ դուրս գան՝ ձեզ [դատական] ատյանների մատնելով, հաստատուն ու զվա՛րթ մնացեք՝ չարչարողներին չարիք չհատուցելով, այլ ժուժկալությամբ արհամարհելով տանջանքները և դրանով հաղթանակի նշան կանգնեցնելով: Եվ քանի որ [այս ամենը] պատահելու էր [առաքյալներին], [Տերը] նախապես զգուշացնում է նրանց: Իսկ «ժողովարան» է կոչում հրեաների [ժողովարանը] և «ատյան»՝ օրենսգետներինն ու քահանաներինը:

   Այլաբանորեն՝ [Տերն այս պատվերով] թելադրում է խույս տալ դևերի խորհուրդներին համաձայնելուց, որ խաբեությամբ գունափոխելով՝ չարը բարի են ցույց տալիս և իրենց կորստաբեր թակարդների մեջ գցում [մարդկանց]: Այնուհետև խղճմտանքով դատում են, մանավանդ՝ մեղքերի միջոցով մատնում են Աստծո անաչառ ատյանին՝ [զրպարտելով], թե բնությամբ ու հոժարությամբ ենք չարը գործել և ոչ թե նրանց խաբեությամբ: Եվ սրանով մեզ հաղորդակից են դարձնելու իրենց դիվային ժողովարանի տանջանքներին: Հետևաբար մեծ արթնության կարիք կա, որպեսզի այդպիսի ախտերի միջոցով հնարներ բանեցնելով՝ [դևերը] մեզ չտիրանան:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

17-42. Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին: Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք. քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով: Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն: Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն: Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի: Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կը փախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կը փախչէք դէպի այն միւսը: Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք, նախքան մարդու Որդու գալը Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը: Աշակերտին հերիք է, եթէ լինի իր վարդապետի նման, եւ ծառային՝ իր տիրոջ նման. եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ եւս առաւել՝ նրա ընտանիքը: Այսուհետեւ նրանցից չվախենաք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի: Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէ՛ք տանիքների վրայից: Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը: Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են: Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք: Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: Եւ ով ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ՚ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»: «Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր. քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից, եւ դստերը՝ իր մօրից, եւ հարսին՝ իր կեսուրից: Մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն: Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ: Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի: Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն: Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կը ստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կը ստանայ: Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
   
   Մատթեոս Ավետարանչի կողմից մեջբերված պատվերների մասին որքան էլ խորհրդածեցինք, թե ուրիշ առիթով ասված են թվում, սակայն ավետարանչի կազմած ամբողջությունը չխախտելու համար, այստեղ պիտի պարզաբանենք նախատեսված այն դժվարություններն ու նեղությունները, որոնց պիտի հանդիպեին Ավետարանը քարոզողներն ու հետևողները։
   Հիսուս առաջինը հիշատակում է (10:17-20) դատարաններ տարվելու, հարցուփորձի ենթարկվելու, տանջանքներ կրելու, դատվելու և դատապարտվելու վտանգը։ Այդ բաները պիտի պատահեն վասն Հիսուսի, այսինքն՝ Հիսուսի Ավետարանը սովորելու և սովորեցնելու պատճառով։ Այդ առիթով նրանց վստահեցնում է Աստվածային օգնության մասին, որն իրենց միայնակ չի թողնելու և նույնիսկ պիտի ներշնչի ու հարցուփորձերի և դատաքննությունների ընթացքում իրենց պիտի թելադրի պետք եղած պատասխաններն ու լուսաբանությունները։
   Հակառակությունները ոչ թե օտարներից պիտի ծագեն, այլ նույնիսկ մերձավորներից (10:21-22) ծնողը զավակի դեմ պիտի դուրս գա, երբ սրանցից մեկն Ավետարանին աշակերտած լինի, իսկ մյուսը՝ ոչ։ Հակառակությունները պիտի առաջանան մինչև իրար դավաճանելու աստիճան։ «Բոլոր նրանք,- ասում է,- ովքեր աշակերտած չլինեն Ավետարանին, ձեզ պիտի ատեն ,բայց դուք պետք է համբերեք, եթե ուզում եք փրկվել Ավետարանով։ Միայն թե, նա միայն կարժանանա փրկության, ով մինչև վերջ, մինչև իր կյանքի վախճանը համբերությամբ կտոկա։ Մի պահ համբերող և հետո դադարողը սկզբից ստացած արդյունքը կկորցնի»։
   Հիսուս հալածանքների հանդեպ ընդդիմությունը չի հանդուրժում 10:23 այլ թելադրում է խուսափել և հեռանալ․ «Եթե մի տեղ ձեզ չեն ուզում, կարող եք մեկ այլ տեղ երթալ և, տեղից տեղ փոխվելով, թե՛ Հրեաստանում և թե՛ ամբողջ աշխարհում պակասության չեք հանդիպի, եթե նույնիսկ մինչև Մարդու Որդու՝ այսինքն Իր՝ Հիսուսի, մյուս անգամ գալուստը ստիպված լինեք փախստական թափառել»։
   Հիսուս ասում է․ «Ինձ նայեցեք, մի՞թե շարունակ հալածված չեմ ապրում (10:24-27) և դուք, որ իմ աշակերտներն եք, մի սպասեք ինձանից ավելի բախտավոր լինել, ինչպես որ մի ծառա իր տիրոջից ավելին լինելու ակնկալիք չի կարող ունենալ։ Թող գոհ լինի աշակերտը, եթե ինքն էլ իր վարպետի նման լինի, թող գոհ լինի նաև ծառան, եթե իր տիրոջ նման կլինի։ Եթե վարդապետին ու տիրոջը Բեհեղզերուղ անվանեցին, որքա՞ն առավել ևս պիտի անեն նրա ծառաներին ու աշակերտներին։ Բայց երբևէ այսպիսի անվանարկումներից չվախենաք ու չազդվեք՝ ճշմարտությունը վերջ ի վերջո երևան կգա, որովհետև աշխարհում թաքնված բան չկա, որ չբացահայտվի, գաղտնիք չկա, որ չճանաչվի։ Ինչ որ ձեզ հայտնում եմ, ճշմարտություն է և բոլորին կարող եք հայտնել, ինչոր ես առանձնակի եմ ասում, դուք հրապարակավ կրկնեցեք , ինչը որ ականջից ականջ եմ խոսում, դուք տանիքների վրայից աղաղակեցեք»։ Տանիքների վրա խոսելու բացատրությունը արդարանում է արևելյան գավառների սովորությամբ, ուր տները միահարկ են և տանիքները ՝ տափարակ և համախմբությունների և ընդհանուր գործերի համար իբրև սրահ են ծառայում, իսկ շոգ ամիսներին նաև բացօթյա ննջարան։
   Հիսուս ասում է․ «Եթե մարդու համար վախենալու մի բան կա, դա հոգու մահն է։ Մարմնի մահն իրական վնաս չէ, հետևաբար, նրանք, ովքեր մարմինն են սպանում, այնքան էլ սարսափելի չեն, ինչպես նա, որ հոգին մարմնի հետ է սպանում, այսինքն՝ մարմնի մահից հետո հոգին հավիտենական պատժի է դատապարտում և հոգին ու մարմինը միաժամանակ է մատնում դժոխքի։ Երբ դուք Աստծուն և Ավետարանին հավատարիմ մնաք, Երկնավոր Հայրը ձեզ կպաշտպանի (10:29–31)։ Նա թույլ չի տա, որ մի ճնճղուկ անգամ անպաշտպան մնա, թեպետև ճնճղուկն այնքան անարժեք է, որ զույգը մեկ դանգի (3 փարա) է վաճառվում։ Արդ՝ եթե Երկնավոր Հայրը այդ ճնճղուկին պաշտպանում է, վստահ եղեք, որ ձեզ ևս պիտի պաշտպանի, որ բազմաթիվ ճնճղուկներից շատ ավելի արժեք ունեք։ Վստահ եղեք, որ երբ Երկնավոր Հայրը ձեզ պաշտպանի, ձեր մեկ մազին նույնիսկ ոչ ոք չի կարող դիպչել, բայց միշտ իրական և հոգևոր կյանքի իմաստով»։ Այդ օրինակն օգտագործել է նաև Լեռան Քարոզում (Մատթ. 10:19-34
   «Հետևաբար,–ասում է Հիսուս,- պետք չէ վարանեք հրապարակավ և բացահայտորեն Ավետարանին հետևող լինելը հայտնել ու խոստովանել (10:32-33)։ Ով որ ուրիշների առջև Իմ վարդապետությունը դավանի ու պաշտպանի, Ես էլ նրան Երկնավոր Հոր առջև պիտի հայտնեմ ու պաշտպանեմ։ Եվ ընդակառակը՝ ով որ ուրիշների առջև ինձ անծանոթ է ձևանում և մերժում է իմ վարդապետորթյունը, Ես էլ երկնքում Երկավոր Հոր առջև նրան պիտի չճանաչեմ ու մերժեմ։ Մի կարծեք, թե ես Ավետարանով ձեզ երկրավոր հանգստություն կամ ընտանեկան մխիթարություն տալու մտադրություն ունեմ (10:34–37)։ Ընդհակառակը՝ Ավետարանի վարդապետությունն այն ընդունողների համար հակառակություն պիտի պատրաստի, իսկ ընտանեկան շրջանակում տան անդամներին իրարից պիտի բաժանի՝ որդուն հորից, դստերը մորից, հարսին կեսուրից և ամբողջ ընտանիքի անդամներին միմյանց դեմ պիտի հանի՝ Ավետարանը չընդունողներին թշնամի պիտի դարձնի։ Հետևաբար, ով որ ծնողական սիրուց տկարանալով մերժում է Ավետարանը, և իր հորն ու մորը իմ վարդապետությունից վեր է դասում, այդպիսին չի կարող իմ աշակերտը լինել։ Նույնպես, ով իր զավակի սիրույն, տղա լինի, թե աղջիկ, կմերժի իմ Ավետարանը, նա նաև արժանի չէ ինձ աշակերտելու, իմ վարդապետության սերը պիտի ամեն զգացումից վեր դասվի»։
   «Ավետարանին հետևելու նշանակությունը պիտի լինի նեղությունից չփախչելը (10:38-39)։ Ով հոժարությամբ հանձնառու չի լինում խաչը վերցնելով ինձ հետևել, այլ Ավետարանով հետևելու մեջ արտաքին փափկություններ է փնտրում, այդպիսին Ավետարանի արժանի աշակերտը չի կարող լինել։ Ով ուզում է Ավետարանով իր հոգու փրկությունը գտնել, այդպիսին պետք է հանձն առնի կորցնելու մարմնական բոլոր հաճույքները, իսկ ով կորցնի այն, նա իր հոգու փրկությունը կգտնի»։
   «Ահա՛ ձեր քարոզելիք կետերը, ահա՛ Ավետարանի հիմնական սկզբունքները (10:40-42)։ Ով կհավանի, ձեզ կհետևի և այդ սկզբունքները կընդունի, նա իր վարդապետությունն ու իմ Ավետարանը ընդունած կլինի, և ով իմ ավետարանը կընդունի, կընդունի Երկնավոր Հոր պատգամները՝ որոնք հանձնեց ինձ գալու և ձեզ հայտնելու համար։ Ով ձեզ իր տանը կընդունի և կհյուրընկալի, ինձ ընդունած և հյուրընկալած կլինի և նա ձեր վարձատրության ու ձեր գործի արդյունքին մասնակից կլինի, որովհետև ձեզ ընդունելով՝ դյուրությամբ ձեր գործի գործակից կհամարվի։ Ով Աստուծո կողմից ուղարկված մարդուն ընդունում է՝ որովհետև նա Աստուծո կողմից է ուղարկված, Աստուծո պատգամավորի կամ մարգարեի վարձն է ընդունելու, որովհետև նրան գործակից եղավ։ Նույնպես ով մի արդարի պատվի և հյուրընկալի՝ նրա արդարությունը ճանաչելով և պատվելով, ինքն էլ արդարության արժանի գործ արած և արդարին հավասար վարձի արժանի կլինի։ Ոչ մեկ բարի գործ անիմաստ չի անցնում և չի կորչում, մինչև իսկ ինձ հետևող փոքրիկներից մեկին Ավետարանի սիրույն մեկ գավաթ սառը ջուր տվողը, իր կատարած փոքրիկ բարի գործի համար վարձ պիտի ստանա։ Վստահ եղեք և հավատացեք․ Ավետարանի սիրույն և պատվին եղած ամեն գործ, որքան էլ փոքր լինի, իրեն արժանի արդյունքն ունի և վարձատրություն պիտի ստանա»։
   Այս բոլոր հորդորական և խրատական խոսքերը, ինչպես որ սկզբից նշեցինք և ինչպես տրված պարզաբանումներից էլ երևաց, մասամբ արդարանում են և համապատասխանում այն պարագային և այն թեթև պայմաններին, որոնց ներքո կատարվում էր առաքյալների առաջին անգամ Գալիլայում պաշտոնակատարության դուրս գալը։ Իսկ մեծ մասամբ պետք է վերապահվեն այն ծանր պայմաններին, որոնց ներքո Հիսուսի հարությունից և համբարձումից հետո, պիտի կատարվեր Ավետարանի լայնածավալ քարոզությունը։ Մատթեոսը ցանկացել է երկու պարագաները իրար կցելով, իրենց տրված հրահանգների և պատվերների ամբողջականությունը միաժամանակ ներկայացնել, առանց երկու անգամ նույն խնդրին անդրադառնալու։