Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:7

Հովհաննես Ծործորեցի

Երբ Յովհաննէսի աշակերտները գնացին, Յիսուս սկսեց ժողովրդին ասել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողմից շարժուող եղէ՞գ:

   

   Երբ նրանք գնացին, Հիսուսը սկսեց ասել ժողովրդին Հովհաննեսի մասին:

   [Հովհաննեսի աշակերտների] կարիքը բավարարվեց, և հրաշքների միջոցով համոզվելով՝ գնացին: Նրանց հետ նույն ժամին հրաշք գործվեց, իսկ դրանից հետո հարկավոր էր ժողովրդի միտքը բժշկել, որովհետև Հովհաննեսի հարցի պատճառով շատ անտեղի բաներ էին կարծում, քանի որ չգիտեին, թե [Հովհաննեսն] ինչ մտադրությամբ էր աշակերտներին ուղարկել: [Մտածում էին]՝ արդյո՞ք անհաշտություն ունի Հիսուսի հետ, արդյո՞ք Սա նա չէ, որ գալու էր, արդյո՞ք [Հովհաննեսը] վախեցավ բանտում կամ էլ նախկին խոսքերն իզուր ասաց: Սրանք և այսպիսի բաներ էին մտածում, ուստի [Տերը] նրանց ուղղության է բերում: Բայց տես, որ Հովհաննեսի աշակերտների գնալուց հետո՛ սկսեց խոսել ժողովրդի հետ, որ ժողովուրդը չկարծեր, թե շողոքորթում է [Հովհաննեսին], որպեսզի նա դարձյալ հաստատի, որ Ինքն է Քրիստոսը: Ուստի իմանալով բոլորի մտածումները՝ [Տերը] խափանում է նրանց կասկածները:

   «Ելաք, որ անապատում ի՞նչ տեսնեք. քամուց շարժվող եղե՞գ:

   Հովհաննեսի մասին է խոսում, թե չի փոխել իր նախկին կարծիքը [Հիսուսի մասին], քանի որ ոչ թե ցոփ ու ծանծաղամիտ մարդ էր, այլ համեստ ու հաստատամիտ, այլապես դուք ի՞նչ ելաք տեսնելու, երբ Հովհաննեսը Հորդանանի անապատում մկրտում էր. տուն ու քաղաք թողած՝ գրոհելով այնտեղ էիք ընթանում: Այդպիսի հոժարությամբ չէիք գնա, եթե չակնկալեիք մեծ, սքանչելի և հաստատամիտ մարդու տեսնել: «[Քամուց] շարժված եղե՞գ»,- ասում է, այսինքն՝ թեթևամիտ ու թերահաս մեկի՞, որ մեկ սա է ասում, մեկ նա և երբեք հաստատուն չի մնում. նա նեղություններից երբեք չէր վախենում: Կամ ինչպես որ եղեգն է ծնվում տղմուտ վայրերում, այդպես էլ նա՞ էր մեղքի ու անօրենության ծնունդ, որ սուտ խոսեր: Ո՛չ, այլ ավետիսի ծնունդ էր՝ ամուլից հղացված, և մաքուր արգանդի բերք. սուտ չխոսեց կամ աներևույթ քամուց շարժվելո՛վ չհորինեց քարոզությունը՝ մեկ «Աստծո Գառ» կոչելով [Ինձ], մեկ «Դո՞ւ ես, որ գալու է» [խոսքով] գայթակղվելով Ինձնից: Այլ [սա հարցրեց] աշակերտների գայթակղության պատճառով, ովքեր [Ինձ] լսելով ու տեսնելով՝ ազատվեցին կասկածներից և երանությամբ հաստատվեցին:
   

Ստեփանոս Սյունեցի

7-8․ Երբ Յովհաննէսի աշակերտները գնացին, Յիսուս սկսեց ժողովրդին ասել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողմից շարժուող եղէ՞գ: Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարուած մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագաւորների պալատներում են:

   

   «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողմից շարժվող եղե՞գ: Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարված մա՞րդ»:
   Այս ամենը [աշակերտների արած] հարցումների համար ասվեց, քանի որ Հովհաննեսը նախապես ասել էր. «Ահա՛ Գառն Աստծու, որ [Իր վրա] է վերցնում աշխարհի մեղքը» իսկ հետո, առաքել աշակերտներին՝ հարցնելու Նրան, թե Նա՞ է Քրիստոս: [Դրանից] ժողովուրդը ենթադրեց, թե Հովհաննեսը սասանվել է և թերահավատ դարձել: Այդ իսկ պատճառով [Հիսուս] ասաց. «Մի՛ կարծեք, թե ինչպես եղեգը շարժվում է տեսանելի հողմից» (հմմտ. Մատթ. 11։7), նույնպես և Հովհաննեսը աներևույթ հողմից շարժվեց ու գայթակղվեց Իմ պատճառով և դրա համար [աշակերտներին] առաքեց հարցնելու, այլ՝ Իր աշակերտների գայթակղության պատճառով, որպեսզի Իրենից լսելով. «Երանի է նրան, ով իմ պատճառով չի գայթակղվում» [խոսքը]՝ մի կողմ թողնեն գայթակղությունը:

   Այլ ի՞նչ ելաք տեսնելու [հանձինս] Հովհաննեսի. մի՞թե փափուկ զգեստներով [զարդարված] մարդու: Փույթ չէ Հովհաննեսի համար մարմնի փափկությունը, որովհետև ազատված է աշխարհի բոլոր զբաղմունքներից:

   Այլ, մարգարե՞ կարծեցիք նրան, [այո՛, ասում եմ ձեզ] առավել, քան [մի] մարգարե (տե՛ս Մատթ. 11։9), քանի որ ոչ միայն մարգարեացավ Իմ մասին, այլև արժանի դարձավ Ինձ մկրտել, որի համար և մարգարեն նրան հրեշտակ է անվանում. «Ահա առաքում եմ իմ հրեշտակին Քո առջևից, որ Քո առաջ Քո ճանապարհը պատրաստի» (Մաղաք. 2։2):

   

Մաղաքիա արք. Օրմանյան

7-19․ Երբ Յովհաննէսի աշակերտները գնացին, Յիսուս սկսեց ժողովրդին ասել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողմից շարժուող եղէ՞գ: Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարուած մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագաւորների պալատներում են: Ապա ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ քան մի մարգարէ, որովհետեւ նա է, որի մասին գրուած է. «Ահա ես կ՚ուղարկեմ իմ պատգամաւորին քո առջեւից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի»: Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի ելել. բայց երկնքի արքայութեան մէջ ամենից յետինը նրանից մեծ է: Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. եւ հզօրներն են յափշտակում այն, քանի որ ամբողջ Օրէնքը եւ մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննէսը: Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէ՛սն է Եղիան, որ գալու է: Ով լսելու ականջ ունի, թող լսի: Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում, կանչում են իրենց ընկերներին եւ ասում. ձեզ համար փող հնչեցրինք, բայց չպարեցիք. ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ու կոծ չարեցիք: Եկաւ Յովհաննէսը. ո՛չ ուտում էր եւ ո՛չ խմում. եւ ասացին՝ նրա մէջ դեւ կայ: Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ ասում են՝ ահա ուտող եւ խմող մարդ, բարեկամ՝ մաքսաւորների եւ մեղաւորների. բայց իմաստութիւնը արդարացուեց իր որդիների կողմից»:
   
   Երբ Հովհաննես Մկրտչի կողմից եկած երկու պատգամավորները հեռացան, Հիսուս պարտք զգաց ընդարձակ մի տեսությամբ նկարագրել նրա անձը՝ և՛ գործը, և՛ արժանիքը, և հետո բացատրել նրա գործունեության հոգին և համեմատել Իր գործունեության հետ։ Բավական խորը և բավական դժվարին նյութ է Հիսուսի այս խոսակցությունը, որը հավանաբար, քիչ թե շատ բանիմաց ունկնդիրների պետք է ուղղված լիներ, և այդ պատճառով էլ չենք ենթադրում, որ Կափառնայումից բացի ուրի մի տեղ է խոսվել։
   Հովհաննեսի վերաբերյալ բոլոր մարդիկ մեծ կարծիք էին կազմել, բայց երևում է, թե վերջին ժամանակնեւոմ նրա աննշանակ կերպով բանտարկության մեջ իր հռչակի և իր արդյունքի նվազելը ոմանց վրա տարբեր ազդեցություն էր թողել, կարծում էին, թե Հովհաննեսը իր փառքն ու արժեքը կորցրել է։ Հիսուս ուզում է ցրել այդ գաղափարները և նույնիսկ Հովհաննեսի նկատմամաբ երևացող անհաջող իրողություններից ուզում է վերհանել նրա մեծության փաստերը․ «Ի՞նչ էր ձեր մտածածը,- հարցնում է Հիսուս, - երբ որ խառնամբոխ շարժվում էիք դեպի Հորդանանի անապատ՝ Հովհաննեսին տեսնելու։ Ի՞նչ էիք սպասում տեսնել․ արդյո՞ք թեթևաբարո մի մարդու, որ մի ճոճվող եղեգի պես ամեն մի հովից ծռվում կամ խոնարհվում է։ Ո՛չ։ Հովհաննեսն այդպիսին չէ, հոգ չէ, որ իր հաստատամտության հետևանքը ծանր լինի իրեն համար։ Թե՞ գնում եք հարստության մեջ լողացող և արտաքին փառավորությամբ ճոխացած մի մարդու տեսնելու, որ իր գանձերով ձեզ ուրախացներ։ Եթե այդպիսի միտք ունեիք, անապատ գնալու փախարեն պետք է գնայիք շքեղ ապարանքներ։ Ձեր փնտրած ու տեսնել ուզածը մի մարգարե էր և իրոք էլ մի մարգարե տեսաք կամ, ավելի ճիշտ, մարգարեից էլ մեծ մեկին։ Որովհետև այս Հովհաննեսն է, որի համար ասվեց․ «Ահա առաքում եմ իմ հրեշտակին քո առջևից, որ պիտի պատրաստի Քո ճանապարհը Քո առջև» Մաղ․ 3։1։ Նույն ինքը Հովհաննեսն է, որի համար ասվեց ․ «Ահա ես ձեզ ուղարկում եմ Թեզբացի Եղիային, նախքան որ կգա Տիրոջ մեծ ու երևելի օրը» Մաղ․ 4։5։ Հետևաբար թե՛ ճամփա բացող հրեշտակը և թե՛ Կարապետ եղող Եղիան ինքը Հովհաննեսն է, որ մեծ է մարգարեներից։ Որովհետև բոլոր մարգարեները հեռվից գուշակեցին, թե մի Մեսիա պիտի գա, իսկ սա արդեն եկած Մեսիային մատնանշեց, հայտնեց և վկայեց Նրա մասին։ Իսրայելյան մարգարեությունները շարունակվեցին մինչև Հովհաննես, բայց Հովհաննեսից հետո դադարեցին, որովհետև Մեսիան եկավ և հարկ չկար դրանց։ Արդեն Երկնքի Արքայությունը եկել և քարոզվում է Ավետարանը, այլևս սպասելու ժամանակը չէ, այլ ձեռք ձգելու ժամանակն է։ Սկսած Հովհաննեսի օրերից՝ Երկնքի Արքայությունը բոլորի ցանկությունների և ճգնությունների առարկա է, և ով որ օրինավոր կերպով հետամուտ լինի, նրան միայն կհաջողվի ձեռք բերել Երկնքի Արքայությունը և Ավետարանին հետևող լինել։ Հովհաննեսը մեծ է, Իսրայելի մարգարեներից էլ է մեծ, և նույնսիկ բոլոր մարդկանց մեջ Հովհաննեսից մեծ մեկը չի եղել, քանի որ նա Երկնքի Արքայության հասած լինելը ավետեց․ բայց նա, որ ստանում է Երկնքի Արքայությունը, լինի ստացողներից ամենափոքրը, ավելի բախտավոր կհամարվի, քան թե Հովհաննեսը, որ գալը վկայեց։ Խոսելով Երկնքի Արքայության մասին՝ գալիքը գուշակելուց ավելի է հասած լինելը վկալեյը, և հասած լինելը վկայելուց ավելի է այն ստանալը։ Ահա թե ինչու է Երկնքի Արքայության մեջ փոքրն էլ Հովհաննեսից բախտավոր և ավելի մեծ է, և թե ինչու Հովհաննեսը Իսրայելի բոլոր մարգարեներից մեծ է կոչվում»։
    Այդ խոսքերը հուզեցին ու քաջալերեցին ժողովրդին, մանավանդ՝ Հովհաննեսի աշակերտներին, որոնք սկսեցին փառք տալ Աստծուն, որ Հովհաննեսից մկրտվելու արժանի եղան և Երկնքի Արքայությանն արժանանալու համար առաջին քայլն արեցին։
   Բայց փարիսեցիները, դպիրները և օրինականները Հիսուսի խոսքերը չհարգեցին և աստվածային խորհուրդները անարգեցին և դրա համար ո՛չ Հովհաննեսի մկրտությունն ընդունեցին, և ո՛չ էլ Հիսուսի քարոզած Երկնքի Արքայությունը ձեռք բերելու որևէ կամք ցուցաբերեցին։ Հիսուս խոսքն ուղղելով այսպիսիններին՝ սկսեց հանդիմանել և մեղադրել նրանց․ «Դու,- ասաց,- թաղված ձեր կամակորության մեջ, ամեն բանի մի պատճառ և ամեն խոսքի մի մեկնություն տալով չեք ուզում հետևել Երկնքի Արքայությանը, ո՛չ Հովհաննեսին եք լսում, որ վկայեց հասած լինելու մասին, և ո՛չ Ինձ եք հավատում, որ հենց հասածն եմ քարոզում։ Երկուսիս կյանքն ու ապրելաձևը անարգելու համար մեմ- մեկ չար մեկնություններ եք գտնում։ Հովհաննեսը ճգնավորի պես էր ապրում, ուտելիքից ու խմելիքից զգուշանում, անապատի մեջ էր առանձին մնում, մարդկային աղմուկից փախչում էր․ սկսեցիք ասել, թե նա մի դիվահար է։ Ես, ընդհակառակը, ապրում եմ աշխարհի սովորական կյանքով՝ բոլորի հետ նստում եմ ու ելնում, ուտել- խմելուց ինձ չեմ զրկում, բոլոր դասակարգերի մարդկանց մոտենում եմ, իմ մասին էլ ասում եք, թե ուտող, հարբեցող մեկն է, մաքսավորների բարեկամը և մեղավորների ընկերակիցը։ Դուք նմանվում եք այն ստահակ ու կամապաշտ տղաներին, որոնց հնարավոր չէ ոչ մի կերպով գոհացնել, և որոնք երբեք չեն ուզում համաձայնվել իրենց ընկերների հետ, ուրախության ձայն է հնչում, դժվարանում են պարել և երգել, ողբի երաժշտություն է նվագում, չեն հոժարում
լացել։ Ամեն բանից դժգոհ, ամեն ինչ չար մեկնող այդ ստահակ տղաների պես եք, որ միշտ գնահատվում են, որ իրենց ընկերների համար երբեք որևէ լավ բան չեն ձեռնարկում, երբեք օրինավոր մի բան չեն անում, որովհետև իրենց կամքի համաձայն չէ»։ Հիսուս խոսքը վերջացնում է ասելով․ «Եթե դուք չեք հոժարում հետևել Երկնքի Արքայությանը, սակայն Երկնքի Արքայության իմաստությունը իրեն հետևողներ ունի և նրանցով է փառավորվում»։