Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:35

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

35-37. «Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարիքներ է հանում, իսկ չար մարդը չար գանձից չարիք է հանում»։ «Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են մարդիկ, նրանք հաշիվ պիտի տան դատաստանի օրը»։ Որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես և քո խոսքերից պիտի դատապարտվես»։
   
    Բարի մարդը, - ասում է Փրկիչը, - բարի գանձից հանում է բարիքներ, իսկ չար մարդը չար գանձից հանում է չարիքներ։ Մի՛ կարծիր, - ասում է Փրկիչը, - թե այդպես է պատահում միայն չար մարդկանց պարագայում. ընդհակառակը, բարի մարդկանց հետ էլ նույնն է տեղի ունենում։ Նրանց ներսում ավելի շատ առաքինություն է թաքնված, քան արտաքնապես երևում է իրենց խոսքերում։
Այսպիսով Տերը ցույց տվեց, որ ինչպես փարիսեցիներին պետք է ավելի չար համարել, քան նրանք երևում էին իրենց խոսքերով, այնպես էլ, ընդհակառակը, Հիսուս Ինքն իրականում ավելի բարի էր, քան դա բացահայտվում էր Իր խոսքերով։ Իսկ «գանձ» բառով Նա նկատի ունի առատությունը։
Այնուհետև Քրիստոս կրկին մեծ վախ է ներշնչում նրանց։ Մի՛ կարծեք, - ասում է Նա, - թե միայն դրանով ամեն ինչ սահմանափակվում է և ձեր չարախոսությունը ենթարկվելու է միայն մարդկանց դատապարտմանը։ Ոչ. բոլոր չարախոսները դեռ ծայրահեղ պատիժ են կրելու Վերջին դատաստանի ժամանակ։ Այստեղ Հիսուս չի ասում՝ «դուք», մասամբ որպեսզի Իր այդ խրատն ուղղի առհասարակ բոլոր մարդկանց, մասամբ էլ որպեսզի խուսափի չափազանց կոշտ և վշտացնող խոսք արտաբերելուց։
«Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են մարդիկ, նրանք հաշիվ պիտի տան դատաստանի օրը» (համար 36)։ Դատարկ խոսքն այն խոսքն է, որն անհամապատասխան է գործին, սուտ է, լեցուն է զրպարտությամբ, ինչպես նաև, համաձայն որոշ մեկնությունների, պարզապես դատարկ խոսքը, որը, օրինակ, հարուցում է անպարկեշտ ծիծաղ, անվայել է, անամոթ ու անպատշաճ։

    «Որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես և քո խոսքերից պիտի դատապարտվես» (համար 37)։ Տեսնո՞ւմ ես, թե որքան անվնաս է դատաստանը։ Որքա՜ն մեղմ են ակնկալվող պատասխանի պահանջները։ Ո՛չ թե ուրիշի խոսքերով, այլ քո սեփական խոսքերի համաձայն է Դատավորը կայացնելու Իր դատավճիռը։ Ի՞նչը կարող է սրանից ավելի արդար լինել։ Ի վերջո, քո իշխանության տակ է և՛ խոսելը, և՛ չխոսելը։
Ուստի ոչ թե զրպարտվածները պետք է վախենան և դողան, այլ զրպարտողները, քանի որ ոչ թե զրպարտվածները պետք է արդարանան իրենց մասին տարածված անբարյացակամ լուրերի պատճառով, այլ զրպարտողները ստիպված կլինեն հաշիվ տալ ուրիշների մասին վատ խոսելու համար։ Հենց նրա՛նց կպատուհասի ամբողջ աղետը։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ:
   

    Բարի մարդն իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ:
Բարի մարդ ու չար մարդ՝ ո՛չ բնությամբ, այլ կամքով, որովհետև եթե բնությամբ [լինեին], բոլորն անհրաժեշտաբար կամ բարի կլինեին, կամ չար, քանի որ այն, ինչ բնությամբ է, բոլոր տեսակների մեջ հավասար է, ինչպես և այլ արարածների դեպքում: Սակայն մարդը չարն ու բարին անձնիշխան կամքով է ընտրում և մտքի կանխախորհումով (որը [Տերը] «սիրտ» է կոչում) հավաքում է ինչ որ կամենում է՝ մթերված գանձերի մի բազմություն, որը սակավ առ սակավ, ձայնային գործարանների միջոցով՝ լեզվի և բերանի օգնությամբ, հայտնում է մարդկանց, ովքեր խոսքի միջոցով, ասես հայելու մեջ [տեսնելով], սիրտն են ճանաչում, ինչպես որ մի քանի հացով՝ շեղջի և մի բաժակ գինով՝ հնձանի մասին [են գաղափար կազմում]՝ լավ կամ վատ:

    [Տերն այս խոսքով] նաև ցույց է տալիս, որ բարի պտուղը մտքից մեծ չարչարանքով է ծնունդ առնում՝ ըստ ոսկեհանների օրինակի, ովքեր մեծ տաժանմամբ են հողից պեղում զուտ ու մաքուր [ոսկին], բարի [մարդկանց] պես, իսկ չարերը, կապարի պես հավաքելով և դաժան կրքերով երկնելով, հղանում են ցավեր և ծնում անօրինություններ (Սաղմ. 7։15):

    Այլև «բարի գանձ» է կոչում Քրիստոսին վերաբերող բոլոր այն մտածումները, որոնք ծնվում են ի փառս Աստծո [գործվող] առաքինությունից, իսկ «չար գանձ» [է կոչում] ի պարծանս սատանայի գործվող չարիքների վերաբերյալ մտածումները: Սրանցից յուրաքանչյուրը դրսևորվում է իրեն հարազատ խոսքով ու գործով՝ բարի և չար:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24