Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:24

Հովհաննես Ծործորեցի

Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց:
   
    Մի ուրիշ առակ պատմեց նրանց և ասաց. «Երկնքի արքա-յությունը նմանվեց մի մարդու, ով իր ագարակում լավ սերմ ցանեց:
   Նախ՝ այս [աշխարհում եղած] տեսանելի բաները քարոզում ու ճանաչել են տալիս անտեսանելին՝ ըստ առաքյալի  732, ուստի ծանոթ ու նյութական օրինակներով է [Տերը] պատկերում հոգևորը՝ նման և հարմար [առարկաների հետ] բաղդատությամբ. «Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու...»: «Մարդ» է անվանում, ներգործական զորության պատճառով, Աստծուն, Ով բոլոր բարիքները սերմանողն է մեր բանական բնության աշխարհի անդաստանում, որը Նրա ագարակն է ու Նրա ձեռքի ստեղծագործությունը: Սրանով [Տերը] ցույց է տալիս, որ Աստված բնությամբ բարի է ու բարիքներ պարգևող և ոչ մի չար բան [չի տալիս]՝ ըստ այսմ. «Բարի է Իսրայելի Աստվածը» (հմմտ. Սաղմ. 72։1), և թե՝ «Ստեղծեց ամեն ինչ, և ահա բարի են» (հմմտ. Ծննդ. 1։31): Բայց ո՛չ բոլոր բարիքների մասերն է գործով տվել, այլ մեր մեջ դրել է միայն սերմը կարողությամբ, որպեսզի գործերի՝ նախապես մեր ստացած այդ կարողությամբ կատարենք պատվիրանները, որոնք հետո տվեց մեզ, և [այդ կարողությունն] ընդունածներս բարի գործերն ավելի թերի ցույց չտանք, քան Տվողի սերմերը: Եվ երկրորդ՝ նախապես հայտնում է հերձվածողների խմբերի մասին և «մարդ» անվանում Իրեն՝ կատարյալ աստվածությամբ ու մարդկությամբ Մարդ Հիսուս Քրիստոսը՝ Եկեղեցու երկնավոր Արքան, Ով ուղղափառ հավատքի սերմը ցանեց Եկեղեցու ագարակի մեջ, որը ձեռք բերեց Իր անբիծ ու անարատ արյամբ՝ ըստ այսմ. «Դու վեմ ես»՝ այդ դավանությամբ, «և այդ վեմի վրա կկառուցեմ Իմ Եկեղեցին» (Մատթ. 16։18):
   

Ստեփանոս Սյունեցի

24-25. Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց: Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց:
   
   «Նա ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց՝ ասելով. «Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որ իր արտի մեջ բարի սերմ սերմանեց: Իսկ երբ մարդիկ քնի մեջ էին, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ սերմանելով՝ գնաց»:

   Ամենայն բարու և մարդկային արդարության «Սերմանողը» Աստված է: «Անդաստանը» աշխարհն է, իսկ «քնած մարդիկ» նրանք, ովքեր ծուլանում են և անտեսում Աստծու հրամանը: «Թշնամին» Աստծու հակառակորդն է՝ բանսարկուն: «Ցորենը» արդարության պտուղն է, «որոմը»՝ անիրավությունը: Իսկ որոմի թողնելը և քաղհան չանելը մինչև հունձքը, ինձ թվում է, երկու բան է նշանակում:

   [Առաջին]` կա՛մ որոմը քաղհան անելու ժամանակ հնձող հրեշտակների անգիտության պատճառով այլ զորություններին, նաև ցորենին [վնասելը]: Իսկ անգիտության [մասին և այն, որ կարող են] անգիտանալ, հայտնի է դառնում Եզեկիել մարգարեի խոսքից. «Որոնց վրա, -ասում է, -նշան կա, չմոտենա՛ք» (Եզ. 9։6) և Ելից գրքից, երբ եբրայեցիներին հրաման է տրվում [դռան] սեմին արյունով նշան անել, որպեսզի սատակիչը այնտեղ չմտնի (Ելք. 12։23):

   [Երկրորդ]` կամ նրա համար ասվեց, թե թող մնա մինչև հունձքը կամ էլ [մինչև] որոմի վախճանը, որ եթե չփոխվի և չդառնա ցորեն, ապա այս աշխարհի վախճանին որոմը կայրի անշեջ հրով, և ցորենը կհավաքի Իր շտեմարաններում (հմմտ. Մատթ. 13։40):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

24-30. Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց: Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց: Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երեւաց եւ այն որոմը: Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»: Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»: Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»: Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք: Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ՚ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»:
   
   Երկնքի արքայությանը վերաբերող առակներից արդեն մեջբերեցինք մեկ մեծ եւ փոքր առակներ։ Նույն նյութին է պատկանում նաև որոմների առակը, որ տրված է ընդարձակ, մանրամասն կերպով և մեկնությունն էլ հենց Ինքը՝ Հիսուս է տվել։ Մեզ մնում է միայն դրանք մեջբերել՝ պարզաբանելով ավետարանչի խոսքերը։
   Մի մարդ, որ ագարակատեր էր, ցանել է տալիս արդեն պատրաստված արտերը՝ հետևելով, որ մշակները ցանեն զտված, մաքրված և մաղով անցկացրած ցորենը։ Մշակները կատարում են տիրոջ խոսքը, արտը պահպանում են սովորականի նման և քնում՝ ժամանակին։ Ագարակի տերը թշնամի ուներ, որ ջանում էր նրան վնաս հասցնել և հետևում է, որ տեսնի, թե երբ և ինչպես կարող է չարություն անել։ Օգտվելով մշակների քնելու պահից՝ գաղտնի կերպով մտնում է արտը և իր հետ բերած որոմի սերմը սփռում լավ ցորեն ցանված արտերում, և հեռանում է, ու ոչ ոք ոչինչ չի իմանում։ Մշակներն արթնանում են, բայց ոչինչ չեն նկատում։ Ցանքը կանաչում է, ցորենն ու որոմը մեկտեղ մեծանում են։ Երկուսի բողբոջներն ու տերևները միմյանցից չեն տարբերվում այնքան ժամանակ, մինչև ցողուններից սկսում են երևալ պտուղները։ Այսինքն մոտենում է հասկ կապելու ժամանակըև միայն այդ ժամանակ է նկատվում որոմի և սերմի (ցորենի) տարբերությունը։ Մշակներն իրար են անցնում․ տեսնում են, որ արտում որոմը շատ առատ է։ Լուր են ուղարկում ագարակատիրոջը և ասում, որ երևի թե ցանված ցորենը մաքրված ու մաղված չէր, անմաքուր սերմ է ցանվել արտերում։ Ապա թե ոչ, որտեղի՞ց ցանքում այսչափ որոմ։ «Ցորենս զտված էր,- ասում է ագարակատերը,- սերմս էլ՝ ընտիր։ Որոմի առատությունը մեզանից չէ, այլ՝ հարևան թշնամու գործն է։ Այդ մասին ես իմացել եմ»։ Մշակներն ասում են․ «Հրաման տուր գնանք, մաքրենք արտը։ Հանենք որոմի ցողունները և ցորենն ազատենք, որ անարգելք աճի և հասունանա»։ «Որոմի ներկայությունը,- պատասխանում է ագարակատերը,- չի խանգարում ցորենի հասունանալուն։ Նրանք կարող են իրար հետ մեծանալ՝ առանց միմյանց խանգարելու: Բայց հիմա արտը մտնեք և որոմը դուրս հանեք, վախենամ, որ ցորենն ու որոմը իրար շփոթեք և որոմ ասելով՝ ցորենն էլ հանեք, երկուսի արմատներն իրար են խառնվել ու որոմը հանելիս ցորենն էլ միասին հանեք։ Հետևապես սպասեք, թող ցորենն ու որոմը մեկտեղ հասունանան և խառը մնան մինչև հուձքի օրը։ Հունձքի ժամանակ, երբ մանգաղն ու գերանդին արտը մտնեն և կտրեն, հնձողներին կպատվիրեմ, որ զտվածը հավաքելու ժամանակ նայեն՝ ցորենն ու որոմը միմյանցից զատեն և առանձին-առանձին կապեն, որոմի խրձերը մի կողմ դնեն՝ որ կրակին տրվի, ցորենից էլ դեզեր կազմեն, որ կալսելուց հետո լցնեն ամբարները»։ Այստեղ առակն ավարտվում է։ Տանուտերի մտադրության ժամանակին կատարված լինելու մասին չի ասվում։ Բայց խոսվում է նախօրոք ասվածի գործադրված լինելու մասին։ Առակն օրինակ է, ոչ թե պատմություն։ Պետք է բացահայտի նմանությունը, այլ ոչ թե ամբողջ եղելությունը։
   Հիսուս այս և նախընթաց առակները պատմելուց հետո, բաժանվեց ժողովրդից, Կափառնայումի արվարձանից ու Տիբերիայի լճի եզերքից քաղաք եկավ, տուն մտավ և հանգստացավ։ Աշակերտները մի քանի առակներ արդեն լսել էին։ Սակայն որոմներինը մանրամասնություններով և դժվարիմաց կողմերով ավելի էր գրավել վերջիններիս։ Որոմների աճելուն տրված համաձայնությունը շփոթության էր մատնել նրանց միտքը։ Միմյանց հետ խորհրդակցելուվ՝ մեկնաբանել չէին կարողացելև, վերջապես, չկարողանալով գոհացում տալ իրանց հետաքրքրությանը և հանդարտվել, դիմում են Հիսուսին ու ասում․ «Մեկնեա՛ մեզ զառակ որոմանցն ագարակի» Հիսուս, առանց դժվարության, բավարարում է աշակերտների հետաքրքրությունը՝ մեկնելով առակը։ Ավետարանիչը ևս այստեղ կատարյալ պարզությամբ ու հստակ ոճով է մեջբերում մեկնությունը, որպիսին մեկ այլ տեղ չենք գտնում, սակայն եզրակացնում ենք, որ Հիսուսի տված մեկնությունները միշտ հստակ ու մանրամասն էին և ավետարանիչներն են, որ շատ անգամ բավարարվում են ամփոփ ու համառոտ խոսքերով առակների մեկնությունն ակնարկել։
   Հիսուս նախ առակում հիշված անձերի և իրերի դեմ հանդիման բացատրությունն է տալիս։ Ագարակատերը, որ սերմանել է տալիս, Որդի Մարդո է, այսինքն՝ Ինքն Հիսուս։ Ագարակը, ուր սերմանվում է, այս աշխարհն է։ Ցորենի լավ սերմը արքայության որդիներն են, այսինքն՝ լավ մարդիք ու Երկնից Արքայության հետևողները։ Թշնամին, որ որոմը ցանեց, սատանան է։ Որոմի վրա սերմը չարի որդիներն են, այսինքն՝ անօրինություններ գործողներն ու Եիկնից Արքայության մեջ գայթակղություն առաջացնողները։ Հունձքն աշխարհի վերջն է, երբ ամեն ինչ պիտի վերջանա։ Հնձողները հրեշտակներն են՝ագարակատեր Հիսուսի մշակներն ու սպասավորները։ Այդ ամենը Հիսուս հետզհետե ներկայացնելով, առակի մեկնությունը անմիջապես ստացվում է՝ անձը անձով, գործողությունը գործողություններով փոխարինելով։ Առաջին անգամ սերմը ցանող և արտը պահպանող մշակների մասին չի հիշատակվում, բայց նրանք, անշուշտ, նույն հնձող մշակներն են։ Որոմն այրելու տեղը դատապարտյալների դժոխքն է, իսկ ցորենը պահելու շտեմարանը՝ արդարների համար պահված արքայությունը։ Այս երկուսի մասին Հիսուս ինքն էլ է հիշատակում խոսքի շարունակության մեջ։
   Հիսուսի առակների մեջ նշանավոր տեղ է գրավում որոմների առակը, որովհետև բացատրում է Աստվածային նախախնամության գաղտնիքներից մեկ՝ չարերի նկատմամբ ցուցաբերված աստվածային երկայնամտության խորհուրդը։ Ուռկանի առակում ևս առկա է աշխարհի վերջում չարերին բարիներից զատելու հանգամամնքը, սակայն չի հիշատակվում չարերի և բարիների համատեղ կեցությունը և աճելու թույլտվությունը։ Սա հանդիսանում է Աստվածային նախախնամության անթափանցելի գաղտնիքներից ամենամեծը։ Աստվածային բարկության և արդարության նշաններն անմիջապես չեն սփռվում աշխարհի վրա, որովհետև չարերին հասած վտանգներից կարող են վնասվել նաև բարիները, քանի որ աշխարհում դեռևս խառն է նրանց կենցաղը, և նրանց բոլոր հարաբերությունները կապված են միմյանց հետ։ Բայց կա մի օր, որի գալստյամբ պիտի դադարեն այդ կենցաղն ու հարաբերությունները, յուրաքանչյուր անհատ պիտի ինքն իր մեջ ամփոփվի, մանգաղից անցած ու արտում փռված արմտիքների նման՝ լինի ցորեն, թե որոմ։ Այդ ժամանակ ավելի հեշտությամբ կառանձնացվի մեկը մյուսից, մեկը մյուսին ցտանգ չի պատճառի, այլ յուրաքանչյուրը կգտնի իրեն արժանի վիճակը։ Ցորենը պատվով կպահվի սննդի համար, իսկ որոմը անարգանքով կնետվի կրակը, որովհետև անգամ կրակի համար չի կարող օգտակար լինել։ Չի կարող տաքացնել կամ, որևէ բան եփելուն ծառայել, այլ իբր անպիտան իր կրակն է գցվում, որպեսզի սպառվի և մեջտեղից վերանա։
   Որոմը ծանոթ բույս է, հացաբույսերի տեսակից, ինչպես ցորենն ու գարին, հաճարն ու վարսակը։ Նոր կանաչած ժամանակ, ցողուն գցելիս կամ հասկակալելիս նրանց նման է։ Միայն հասկի ձևով է տարբերվում, որովհետև միակտուր չէ, այլ մաս-մաս բաժանված, որոնք փոքրիկ ճյուղերի նման ցողունի գլխին այս ու այն կողմ են շարվում։ Որոմի հատիկները ուտելու համար հարմար չեն և վնասակար են՝ գլխապտույտ և սրտխառնոց են առաջացնում, եթե աղացվում են ցորենի հետ համատեղ և գործածվում որպես ալյուր։ Արտաքինը լավ և ներքինը վնասակար լինելը տեղիք է տվել, որպեսզի քսություններն ու վնասակարությունները նմանեցվեն որոմին, իսկ քսություն և բամբասանք անողներին անվանել որոմնացան։
Որոմը, ինչպես ուրիշ վայրի բույսեր, առանց ցանելու էլ բուսնում է և, առանց որմնացան թշնամու, ցորենին խառնված, բուսնում է արտերում։    Հիսուսն իր առակն ազդեցիկ դարձնելու և աշխարհում սատանայի դերը ցուց տալու համար ավելացրել է որմնացան թշնամու պարագան։ Հիսուս այս առակը պատմելիս, ասել էր․ «Նմանեցաւ արքայութիւն երկնից առն՝ որ սերմանիցէ»։ Իրը իրի և բառը բառի դեմ դնելով՝ պետք է ասել, թե Երկնքի Արքայությունը կամ Ավետարանը մարդ չէ, այլ՝ հաստատություն, հետևաբար այդ խոսքում պետք չէ հասկանալ, թե Երկնից Արքայությունը սերմանող մի մարդ է, այլ՝ Երկնքի Արքայություն մարդու սերմանելն է։ Հիսուս առակը պատմում է՝բացատրելու համար իր քարոզած Ավետարանի կազմությունն ու ապագան, որի մեջ կարող են անարժաններ ևս լինել, ովքեր մտել են այդ խորհրդավոր ագարակը, բայց նրանց մուտքն անօրինական է։ Բայց քանի որ մտել են, կմնան, ու մի օր կառանձնացվեն և հեռացվեն։ Թեև որոմների առակն ասվել է Երկինց Արքայության, Ավետարանի կամ Եկեղեցու համար, սակայն միևնույն սկզբունքով կարող է պատշաճել և պատշաճեցվել ընդհանուր աշխարհին էլ մի հատուկ համախմբության, մինչև իսկ անհատի ներկա կյանքին և հանդերձյալ վիճակին։
   Հիսուս առակը մեկնելուց և ուրիշ առակներ էլ պատմելուց հետո, շրջվում է դեպի աշակերտները և հարցնում․ «Իմացարո՞ւք զայս ամենայն»։ Աշակերտներն ուրախ, զվարթ, գոհ իրենց լսած մեկնություններից առանց վարանելու պատասխանում են․ «Այո՛, Տէր»։ Իրենց գոհունակությունն ու իմանալու մխիթարությունը Հիսուսի ասած Երկնից Արքայության քարոզները լսելու և ընդունելու արդյունք էր։ Որպեսզի այդ իրենց մտքում լավ տպավորվի, Հիսուս ավելացնում է․«Իրավունք ունեք հասկացած լինելու գոհունակությունը հայտնել, որովհետև դուք, որ լսում եք իմ քարոզությունները, աշակերտել եք երկնքի Արքայությանը, դուք Ավետարանի ուսյալները կամ դպիրներն եք եղել, և ձեզ հետ ձեր նման Ավետարանի ուրիշ աշակերտներ էլ, նմանվում եք մի հարուստ տան տիրոջ, որ իր գանձերի մեջ ամեն տեսակի ինչք ու հարստություն ունի, դուք էլ, ձեր մտքի գանձից կարող եք հանել թե՛ Հին Օրենքի պատգամների նշանակությունը, և թե՛ Նոր Օրենքի քարոզությունների Իմաստը»։