Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
24-30. «Նա նրանց մեկ այլ առակ էլ պատմեց՝ ասելով. «Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որն իր արտում լավ սերմ ցանեց»»։ «Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ ցանեց ու գնաց»։ «Երբ խոտը բուսնեց ու պտուղ տվեց, այդ ժամանակ երևաց նաև որոմը»։ «Տանտիրոջ ծառաները, մոտենալով նրան, ասացին. «Տե՛ր, չէ՞ որ դու արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր։ Ուրեմն այդ որոմը որտեղի՞ց է»»։ «Իսկ նա ասաց նրանց. «Թշնամի մարդն է դա արել»։ Իսկ ծառաները նրան ասացին. «Հիմա ուզո՞ւմ ես՝ գնանք, դրանք քաղհանենք»։ «Բայց նա ասաց. «Ո՛չ, որոմը քաղելիս միգուցե ցորենն էլ դրանց հետ արմատախիլ անեք»»։ «Ուստի թողե՛ք, որ մինչև հունձքը երկուսը միասին աճեն, և հունձքի ժամանակ ես հնձողներին կասեմ. «Նախ որո՛մը քաղեք ու խրձե՛ր կապեք, որպեսզի այրեք դրանք, իսկ ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանի մեջ»։
Ի՞նչ տարբերություն կա այս և նախորդ առակների միջև։ Այնտեղ Փրկիչը խոսում է այն մարդկանց մասին, ովքեր լսում էին Իրեն՝ առանց ուշադրություն դարձնելու Իր ասածներին, ուստի իսկույն հեռանում և դեն էին նետում սերմը։ Իսկ ահա այստեղ Հիսուս խոսում է հերետիկոսական խմբերի մասին։ Որպեսզի, սա լսելով, Իր աշակերտները չշփոթվեն, Քրիստոս նրանց բացատրում է, թե Ինքն ինչու է առակներով խոսում, նաև կանխատեսում է հերետիկոսների ի հայտ գալու մասին։ Առաջին առակը ցույց տվեց, որ Նրա խոսքը չէր ընդունվել, իսկ ահա այս երկրորդը հայտնի է դարձնում, որ խոսքի հետ մեկտեղ ընդունվում են նաև բաներ, որոնք վնասում են խոսքը։ Սա սատանայի խորամանկություններից մեկն է, որով նա միշտ բուն ճշմարտության հետ է խառնում խաբեությունը՝ զարդարելով այն ճշմարտության տարբեր նմանություններով՝ միամիտներին ավելի հեշտությամբ խաբելու համար։ Ահա թե ինչու Տերը թշնամու կողմից ցանված սերմն անվանում է ոչ թե պարզապես մեկ ուրիշ մի սերմ, այլ որոմ, որը տեսքով որոշ չափով նման է ցորենի։ Այնուհետև Հիսուս բացատրում է սատանայի կողմից գորածվող չարագործության մեթոդը՝ «Երբ մարդիկ քնած էին», - ասում է Նա։ Այստեղ Քրիստոս սպառնում է ոչ միայն առաջնորդներին, որոնց մեծավ մասամբ վստահված է դաշտի խնամքը, այլև նրանց ենթականերին։ Իր այս խոսքերով Նա ցույց է տալիս, որ խաբեությունը գալիս է ճշմարտության հետևից, ինչպես վկայում է իրական փորձառությունը։ Իրոք որ, մարգարեներից հետո եկան կեղծ մարգարեներ, առաքյալներից հետո՝ կեղծ առաքյալներ, իսկ Քրիստոսից հետո՝ հակաքրիստոսը։ Եվ ինքը՝ սատանան էլ, մինչև չտեսնի, թե ինչ կարող է կեղծել կամ ում կարող է խաբել, ոչինչ չի ձեռնարկում և նույնիսկ չգիտի, թե ինչպես սկսել։ Այսպիսով, հիմա արդեն նկատելով, որ ոմանք հարյուրապատիկ, ոմանք վաթսունապատիկ, ոմանք էլ երեսունապատիկ բերք են տալիս (տե՛ս Մատթ․ 13։23), սատանան իր համար նոր ճանապարհ է ընտրում։ Քանի որ նա չէր կարող ո՛չ գողանալ արմատ գցածը սերմը, ո՛չ խեղդել, ո՛չ էլ այրել այն, ուստի նա մտածում է մեկ այլ տեսակի խաբեություն՝ ցանել իր սեփակա՛ն սերմերը։ Բայց, գուցե հարցնես, թե ինչո՞վ են քնածները տարբերվում նրանցից, ովքեր նմանեցվում էին «ճանապարհի եզրին ցանված սերմերին»։ Այն առումով, որ այնտեղ սատանան անմիջապես գողանում էր ցանվածը՝ նույնիսկ թույլ չտալով, որ այդ սերմն արմատ գցի, բայց այստեղ նրան ավելի շատ խորամանկություն էր պետք խաբելու համար։ Սա մատնանշելով՝ Քրիստոս մեզ սովորեցնում է անընդհատ զգոն լինել։ Կարող է, որ դու խուսափել ես նախորդ դժբախտություններից, - ասում է Նա, - բայց քեզ դեռ նորերն են սպասում։ Ինչպես որ այնտեղ կործանումը վրա էր հասնում ճանապարհի, քարերի և փշերի պատճառով, այնպես էլ այստեղ՝ քնած լինելո՛ւ պատճառով։ Հետևաբար, անհրաժեշտ է մշտապես զգոն լինել։ Ահա թե ինչու է Հիսուս ասում. «Ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի» (Մատթ․ 10:22): Նմանատիպ երևույթ տեղի ունեցավ նաև քրիստոնեության տարածման սկզբում: Շատ եկեղեցական առաջնորդներ, իրենց եկեղեցիներ մտցնելով խորամանկ, քողարկված հերետիկոսների, դրանով իսկ սատանայի համար հեշտ ճանապարհ բացեցին իր ծրագրերն իրականացնելու համար: Նման որոմներ ցանելուց հետո սատանան այլևս աշխատելու կարիք էլ չուներ: Բայց, - կարող ես հարցնել, - ինչպե՞ս է հնարավոր միշտ արթուն մնալ: Դա անհնար է առանց բնական քնի, բայց հնարավոր է առանց կամավո՛ր քնի: Ահա թե ինչու է Պողոսն ասում. «Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ» (Ա Կորնթ․ 16:13): Ավելին, Տերը ցույց է տալիս, որ սատանայի գործը ոչ միայն վնասակար է, այլև ավելորդ, քանի որ նա սերմանում է այն բանից հետո, երբ դաշտն արդեն իսկ վարած է, և ամբողջ աշխատանքն արված է: Ահա այդպես են անում նաև հերետիկոսները, որոնք իրենց թույնը տարածում են բացառապես ունայնամտությունից դրդված: Եվ ոչ միայն այս խոսքերով, այլև հաջորդող բնութագրումներով Տերը շարունակում է ճշգրտորեն նկարագրել հերետիկոսների վարքագիծը: «Երբ խոտը բուսնեց ու պտուղ տվեց, -ասում է Նա, - այդ ժամանակ երևաց նաև որոմը»: Ահա թե ինչպես են գործում հերետիկոսները: Սկզբում նրանք քողարկում են իրենց, բայց երբ համարձակություն են ձեռք բերում և խոսքի լիակատար ազատություն են ստանում, այդ ժամանակ թափում են իրենց թույնը։ Եվ ինչո՞ւ է Տերը ներկայացնում ծառաների, որոնք պատմում են տեղի ունեցածի մասին։ Որպեսզի այդպիսով հնարավորություն ունենա ասելու, որ հերետիկոսներին չպետք է «սպանել»։ Հիսուս սատանային անվանում է մարդկանց «թշնամի», քանի որ նա վնասում է մարդկանց։ Սատանան ուզում է վնասել մեզ, չնայած այս ցանկությունը չի բխում մեր նկատմամբ թշնամանքից, այլ Աստծո՛ւ դեմ ունեցած թշնամությունից։ Այստեղից պարզ է դառնում, որ Աստված մեզ ավելի է սիրում, քան մենք ինքներս մեզ։ Նայի՛ր այս հարցին նաև մեկ այլ տեսանկյունից. ո՞րն է սատանայի չարության պատճառը։ Նա նախկինում չէր էլ սերմանում, քանի որ ոչնչացնելու ոչինչ չկար։ Բայց երբ ամեն ինչ ցանված է, նա ինքն էլ է սկսում սերմանել՝ գյուղացու չարչարանքը ջուրը գցելու համար։ Այսպիսի ուժգին թշնամանք է ցուցաբերել սատանան Աստծու դեմ ամեն ինչում։ Ուշադրությո՛ւն դարձրու նաև ծառաների ջերմեռանդությանը. նրանք անմիջապես պատրաստ են որոմները քաղհանելու, չնայած նրանք շատ խոհեմաբար չեն գործում այստեղ։ Սա ցույց է տալիս նրանց մտահոգությունը միայն սերմանվածի համար. նրանք չեն մտածում որոմը սերմանողին պատժելու մասին, այլ միայն ա՛յն մասին, թե ինչպես փրկել Տիրոջ կողմից սերմանվածը։ Առաջինի կարիքը չկար, ուստի նրանք միջոց էին մշակում «հիվանդությունը» վերացնելու համար։ Սակայն, ընտրելով դեղամիջոցը, նրանք չեն համարձակվում անձամբ կիրառել այն, այլ սպասում են տիրոջ վճռին՝ նրան հարցնելով. «Ուզո՞ւմ ես՝ գնանք, դրանք քաղհանենք»։ Իսկ ի՞նչ է պատասխանում նրանց տերը․ նա արգելում է՝ ասելով. «Որոմը քաղելիս միգուցե ցորենն էլ դրանց հետ արմատախիլ անեք»։ Այս խոսքերով Քրիստոս արգելում է պատերազմը, արյունահեղությունը և սպանությունը։ Հերետիկոսներին նույնպես չպետք է սպանել, հակառակ դեպքում դա կհանգեցնի անհաշտ պատերազմի ամբողջ աշխարհում։
Այսպիսով, Հիսուս խանգարում է նրանց իրականացնել իրենց մտադրությունը հետևյալ երկու պատճառով. առաջինը՝ ցորենը չվնասելու համար, և երկրորդ՝ որովհետև բոլոր նրանք, ովքեր անբուժելիորեն վարակվել են, միևնույն է, պատժվելու են։ Հետևաբար, եթե ուզում ես, որ նրանք պատժվեն առանց ցորենը վնասելու, սպասի՛ր մինչև սահմանված ժամանակը: Բայց ի՞նչ նկատի ուներ Տերը, երբ ասաց. «Միգուցե ցորենն էլ դրանց հետ արմատախիլ անեք»: Կա՛մ այն, որ զենք վերցնելով և հերետիկոսներին սպանելով՝ նրանց հետ մեկտեղ անխուսափելիորեն կոչնչացնեք նաև շատ սրբերի, կա՛մ էլ այն, որ այդ նույն որոմներից շատերը կարող են վերափոխվել և դառնալ ցորեն: Հետևաբար, եթե դուք, - ասում է Քրիստոս, - վաղաժամ արմատախիլ անեք նրանց, ապա խլելով այն մարդկանց կյանքը, որոնք դեռ ժամանակ ունեին փոխվելու և ուղղվելու, այդպիսով կոչնչացնեք այն, ինչը կարող էր դառնալ ցորեն: Այսպիսով, Տերը չի արգելում զսպել հերետիկոսներին, լռեցնել նրանց բերանները, զսպել նրանց անամոթությունը, խափանել նրանց հավաքույթներն ու դավադրությունները, բայց Նա արգելում է ոչնչացնել և սպանել նրանց: Եվ նկատի՛ր Տիրոջ հեզությունը. Նա պարզապես չի հայտարարում Իր դատաստանի մասին, պարզապես չի հրամայում, այլ նաև բացատրում է պատճառները: Ի՞նչ կպատահի, եթե որոմները մինչև վերջ մնան․ «Այդ ժամանակ ես հնձողներին կասեմ. «Նախ որո՛մը քաղեք ու խրձե՛ր կապեք, որպեսզի ես այրեմ դրանք»։ Քրիստոս կրկին հիշեցնում է Իր աշակերտներին Հովհաննեսի խոսքերը, որոնցում Հիսուս ներկայացվում է որպես Դատավոր, և հստակ հայտնում է, որ որոմները պետք է խնայվեն, քանի դեռ աճում են ցորենի հետ մեկտեղ, քանի որ դրանք դեռ հնարավորություն ունեն ցորեն դառնալու։ Բայց եթե պատահի, որ հերետիկոսը մահանա առանց պտուղ տալու, ապա անխուսափելի պատիժ բաժին կհասնի նրան։ «Ես հնձողներին կասեմ, - ասում է Տերը, - նախ որո՛մը քաղեք ․․․»։ Ինչո՞ւ նախ որոմը։ Որպեսզի աշակերտները չվախենան, որ ցորենն արմատախիլ կարվի որոմների հետ։ «․․․ու խրձե՛ր կապեք, որպեսզի ես այրեմ դրանք, իսկ ցորենը հավաքե՛ք շտեմարանի մեջ»։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց:
Մի ուրիշ առակ պատմեց նրանց և ասաց. «Երկնքի արքա-յությունը նմանվեց մի մարդու, ով իր ագարակում լավ սերմ ցանեց:
Նախ՝ այս [աշխարհում եղած] տեսանելի բաները քարոզում ու ճանաչել են տալիս անտեսանելին՝ ըստ առաքյալի (Հռոմ. 1։20), ուստի ծանոթ ու նյութական օրինակներով է [Տերը] պատկերում հոգևորը՝ նման և հարմար [առարկաների հետ] բաղդատությամբ. «Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու...»: «Մարդ» է անվանում, ներգործական զորության պատճառով, Աստծուն, Ով բոլոր բարիքները սերմանողն է մեր բանական բնության աշխարհի անդաստանում, որը Նրա ագարակն է ու Նրա ձեռքի ստեղծագործությունը: Սրանով [Տերը] ցույց է տալիս, որ Աստված բնությամբ բարի է ու բարիքներ պարգևող և ոչ մի չար բան [չի տալիս]՝ ըստ այսմ. «Բարի է Իսրայելի Աստվածը» (հմմտ. Սաղմ. 72։1), և թե՝ «Ստեղծեց ամեն ինչ, և ահա բարի են» (հմմտ. Ծննդ. 1։31): Բայց ո՛չ բոլոր բարիքների մասերն է գործով տվել, այլ մեր մեջ դրել է միայն սերմը կարողությամբ, որպեսզի գործերի՝ նախապես մեր ստացած այդ կարողությամբ կատարենք պատվիրանները, որոնք հետո տվեց մեզ, և [այդ կարողությունն] ընդունածներս բարի գործերն ավելի թերի ցույց չտանք, քան Տվողի սերմերը: Եվ երկրորդ՝ նախապես հայտնում է հերձվածողների խմբերի մասին և «մարդ» անվանում Իրեն՝ կատարյալ աստվածությամբ ու մարդկությամբ Մարդ Հիսուս Քրիստոսը՝ Եկեղեցու երկնավոր Արքան, Ով ուղղափառ հավատքի սերմը ցանեց Եկեղեցու ագարակի մեջ, որը ձեռք բերեց Իր անբիծ ու անարատ արյամբ՝ ըստ այսմ. «Դու վեմ ես»՝ այդ դավանությամբ, «և այդ վեմի վրա կկառուցեմ Իմ Եկեղեցին» (Մատթ. 16։18):
Ստեփանոս Սյունեցի (†735)
24-25. Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց: Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց:
«Նա ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց՝ ասելով. «Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որ իր արտի մեջ բարի սերմ սերմանեց: Իսկ երբ մարդիկ քնի մեջ էին, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ սերմանելով՝ գնաց»:
Ամենայն բարու և մարդկային արդարության «Սերմանողը» Աստված է: «Անդաստանը» աշխարհն է, իսկ «քնած մարդիկ» նրանք, ովքեր ծուլանում են և անտեսում Աստծու հրամանը: «Թշնամին» Աստծու հակառակորդն է՝ բանսարկուն: «Ցորենը» արդարության պտուղն է, «որոմը»՝ անիրավությունը: Իսկ որոմի թողնելը և քաղհան չանելը մինչև հունձքը, ինձ թվում է, երկու բան է նշանակում:
[Առաջին]` կա՛մ որոմը քաղհան անելու ժամանակ հնձող հրեշտակների անգիտության պատճառով այլ զորություններին, նաև ցորենին [վնասելը]: Իսկ անգիտության [մասին և այն, որ կարող են] անգիտանալ, հայտնի է դառնում Եզեկիել մարգարեի խոսքից. «Որոնց վրա, -ասում է, -նշան կա, չմոտենա՛ք» (Եզ. 9։6) և Ելից գրքից, երբ եբրայեցիներին հրաման է տրվում [դռան] սեմին արյունով նշան անել, որպեսզի սատակիչը այնտեղ չմտնի (Ելք. 12։23):
[Երկրորդ]` կամ նրա համար ասվեց, թե թող մնա մինչև հունձքը կամ էլ [մինչև] որոմի վախճանը, որ եթե չփոխվի և չդառնա ցորեն, ապա այս աշխարհի վախճանին որոմը կայրի անշեջ հրով, և ցորենը կհավաքի Իր շտեմարաններում (հմմտ. Մատթ. 13։40):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
24-30. Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց: Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց: Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երեւաց եւ այն որոմը: Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»: Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»: Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»: Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք: Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ՚ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»:
Երկնքի արքայությանը վերաբերող առակներից արդեն մեջբերեցինք մեկ մեծ եւ փոքր առակներ։ Նույն նյութին է պատկանում նաև որոմների առակը, որ տրված է ընդարձակ, մանրամասն կերպով և մեկնությունն էլ հենց Ինքը՝ Հիսուս է տվել։ Մեզ մնում է միայն դրանք մեջբերել՝ պարզաբանելով ավետարանչի խոսքերը։
Մի մարդ, որ ագարակատեր էր, ցանել է տալիս արդեն պատրաստված արտերը՝ հետևելով, որ մշակները ցանեն զտված, մաքրված և մաղով անցկացրած ցորենը։ Մշակները կատարում են տիրոջ խոսքը, արտը պահպանում են սովորականի նման և քնում՝ ժամանակին։ Ագարակի տերը թշնամի ուներ, որ ջանում էր նրան վնաս հասցնել և հետևում է, որ տեսնի, թե երբ և ինչպես կարող է չարություն անել։ Օգտվելով մշակների քնելու պահից՝ գաղտնի կերպով մտնում է արտը և իր հետ բերած որոմի սերմը սփռում լավ ցորեն ցանված արտերում, և հեռանում է, ու ոչ ոք ոչինչ չի իմանում։ Մշակներն արթնանում են, բայց ոչինչ չեն նկատում։ Ցանքը կանաչում է, ցորենն ու որոմը մեկտեղ մեծանում են։ Երկուսի բողբոջներն ու տերևները միմյանցից չեն տարբերվում այնքան ժամանակ, մինչև ցողուններից սկսում են երևալ պտուղները։ Այսինքն մոտենում է հասկ կապելու ժամանակըև միայն այդ ժամանակ է նկատվում որոմի և սերմի (ցորենի) տարբերությունը։ Մշակներն իրար են անցնում․ տեսնում են, որ արտում որոմը շատ առատ է։ Լուր են ուղարկում ագարակատիրոջը և ասում, որ երևի թե ցանված ցորենը մաքրված ու մաղված չէր, անմաքուր սերմ է ցանվել արտերում։ Ապա թե ոչ, որտեղի՞ց ցանքում այսչափ որոմ։ «Ցորենս զտված էր,- ասում է ագարակատերը,- սերմս էլ՝ ընտիր։ Որոմի առատությունը մեզանից չէ, այլ՝ հարևան թշնամու գործն է։ Այդ մասին ես իմացել եմ»։ Մշակներն ասում են․ «Հրաման տուր գնանք, մաքրենք արտը։ Հանենք որոմի ցողունները և ցորենն ազատենք, որ անարգելք աճի և հասունանա»։ «Որոմի ներկայությունը,- պատասխանում է ագարակատերը,- չի խանգարում ցորենի հասունանալուն։ Նրանք կարող են իրար հետ մեծանալ՝ առանց միմյանց խանգարելու: Բայց հիմա արտը մտնեք և որոմը դուրս հանեք, վախենամ, որ ցորենն ու որոմը իրար շփոթեք և որոմ ասելով՝ ցորենն էլ հանեք, երկուսի արմատներն իրար են խառնվել ու որոմը հանելիս ցորենն էլ միասին հանեք։ Հետևապես սպասեք, թող ցորենն ու որոմը մեկտեղ հասունանան և խառը մնան մինչև հուձքի օրը։ Հունձքի ժամանակ, երբ մանգաղն ու գերանդին արտը մտնեն և կտրեն, հնձողներին կպատվիրեմ, որ զտվածը հավաքելու ժամանակ նայեն՝ ցորենն ու որոմը միմյանցից զատեն և առանձին-առանձին կապեն, որոմի խրձերը մի կողմ դնեն՝ որ կրակին տրվի, ցորենից էլ դեզեր կազմեն, որ կալսելուց հետո լցնեն ամբարները»։ Այստեղ առակն ավարտվում է։ Տանուտերի մտադրության ժամանակին կատարված լինելու մասին չի ասվում։ Բայց խոսվում է նախօրոք ասվածի գործադրված լինելու մասին։ Առակն օրինակ է, ոչ թե պատմություն։ Պետք է բացահայտի նմանությունը, այլ ոչ թե ամբողջ եղելությունը։
Հիսուս այս և նախընթաց առակները պատմելուց հետո, բաժանվեց ժողովրդից, Կափառնայումի արվարձանից ու Տիբերիայի լճի եզերքից քաղաք եկավ, տուն մտավ և հանգստացավ։ Աշակերտները մի քանի առակներ արդեն լսել էին։ Սակայն որոմներինը մանրամասնություններով և դժվարիմաց կողմերով ավելի էր գրավել վերջիններիս։ Որոմների աճելուն տրված համաձայնությունը շփոթության էր մատնել նրանց միտքը։ Միմյանց հետ խորհրդակցելուվ՝ մեկնաբանել չէին կարողացելև, վերջապես, չկարողանալով գոհացում տալ իրանց հետաքրքրությանը և հանդարտվել, դիմում են Հիսուսին ու ասում․ «Մեկնեա՛ մեզ զառակ որոմանցն ագարակի» Հիսուս, առանց դժվարության, բավարարում է աշակերտների հետաքրքրությունը՝ մեկնելով առակը։ Ավետարանիչը ևս այստեղ կատարյալ պարզությամբ ու հստակ ոճով է մեջբերում մեկնությունը, որպիսին մեկ այլ տեղ չենք գտնում, սակայն եզրակացնում ենք, որ Հիսուսի տված մեկնությունները միշտ հստակ ու մանրամասն էին և ավետարանիչներն են, որ շատ անգամ բավարարվում են ամփոփ ու համառոտ խոսքերով առակների մեկնությունն ակնարկել։
Հիսուս նախ առակում հիշված անձերի և իրերի դեմ հանդիման բացատրությունն է տալիս։ Ագարակատերը, որ սերմանել է տալիս, Որդի Մարդո է, այսինքն՝ Ինքն Հիսուս։ Ագարակը, ուր սերմանվում է, այս աշխարհն է։ Ցորենի լավ սերմը արքայության որդիներն են, այսինքն՝ լավ մարդիք ու Երկնից Արքայության հետևողները։ Թշնամին, որ որոմը ցանեց, սատանան է։ Որոմի վրա սերմը չարի որդիներն են, այսինքն՝ անօրինություններ գործողներն ու Եիկնից Արքայության մեջ գայթակղություն առաջացնողները։ Հունձքն աշխարհի վերջն է, երբ ամեն ինչ պիտի վերջանա։ Հնձողները հրեշտակներն են՝ագարակատեր Հիսուսի մշակներն ու սպասավորները։ Այդ ամենը Հիսուս հետզհետե ներկայացնելով, առակի մեկնությունը անմիջապես ստացվում է՝ անձը անձով, գործողությունը գործողություններով փոխարինելով։ Առաջին անգամ սերմը ցանող և արտը պահպանող մշակների մասին չի հիշատակվում, բայց նրանք, անշուշտ, նույն հնձող մշակներն են։ Որոմն այրելու տեղը դատապարտյալների դժոխքն է, իսկ ցորենը պահելու շտեմարանը՝ արդարների համար պահված արքայությունը։ Այս երկուսի մասին Հիսուս ինքն էլ է հիշատակում խոսքի շարունակության մեջ։
Հիսուսի առակների մեջ նշանավոր տեղ է գրավում որոմների առակը, որովհետև բացատրում է Աստվածային նախախնամության գաղտնիքներից մեկ՝ չարերի նկատմամբ ցուցաբերված աստվածային երկայնամտության խորհուրդը։ Ուռկանի առակում ևս առկա է աշխարհի վերջում չարերին բարիներից զատելու հանգամամնքը, սակայն չի հիշատակվում չարերի և բարիների համատեղ կեցությունը և աճելու թույլտվությունը։ Սա հանդիսանում է Աստվածային նախախնամության անթափանցելի գաղտնիքներից ամենամեծը։ Աստվածային բարկության և արդարության նշաններն անմիջապես չեն սփռվում աշխարհի վրա, որովհետև չարերին հասած վտանգներից կարող են վնասվել նաև բարիները, քանի որ աշխարհում դեռևս խառն է նրանց կենցաղը, և նրանց բոլոր հարաբերությունները կապված են միմյանց հետ։ Բայց կա մի օր, որի գալստյամբ պիտի դադարեն այդ կենցաղն ու հարաբերությունները, յուրաքանչյուր անհատ պիտի ինքն իր մեջ ամփոփվի, մանգաղից անցած ու արտում փռված արմտիքների նման՝ լինի ցորեն, թե որոմ։ Այդ ժամանակ ավելի հեշտությամբ կառանձնացվի մեկը մյուսից, մեկը մյուսին ցտանգ չի պատճառի, այլ յուրաքանչյուրը կգտնի իրեն արժանի վիճակը։ Ցորենը պատվով կպահվի սննդի համար, իսկ որոմը անարգանքով կնետվի կրակը, որովհետև անգամ կրակի համար չի կարող օգտակար լինել։ Չի կարող տաքացնել կամ, որևէ բան եփելուն ծառայել, այլ իբր անպիտան իր կրակն է գցվում, որպեսզի սպառվի և մեջտեղից վերանա։
Որոմը ծանոթ բույս է, հացաբույսերի տեսակից, ինչպես ցորենն ու գարին, հաճարն ու վարսակը։ Նոր կանաչած ժամանակ, ցողուն գցելիս կամ հասկակալելիս նրանց նման է։ Միայն հասկի ձևով է տարբերվում, որովհետև միակտուր չէ, այլ մաս-մաս բաժանված, որոնք փոքրիկ ճյուղերի նման ցողունի գլխին այս ու այն կողմ են շարվում։ Որոմի հատիկները ուտելու համար հարմար չեն և վնասակար են՝ գլխապտույտ և սրտխառնոց են առաջացնում, եթե աղացվում են ցորենի հետ համատեղ և գործածվում որպես ալյուր։ Արտաքինը լավ և ներքինը վնասակար լինելը տեղիք է տվել, որպեսզի քսություններն ու վնասակարությունները նմանեցվեն որոմին, իսկ քսություն և բամբասանք անողներին անվանել որոմնացան։
Որոմը, ինչպես ուրիշ վայրի բույսեր, առանց ցանելու էլ բուսնում է և, առանց որմնացան թշնամու, ցորենին խառնված, բուսնում է արտերում։ Հիսուսն իր առակն ազդեցիկ դարձնելու և աշխարհում սատանայի դերը ցուց տալու համար ավելացրել է որմնացան թշնամու պարագան։ Հիսուս այս առակը պատմելիս, ասել էր․ «Նմանեցաւ արքայութիւն երկնից առն՝ որ սերմանիցէ»։ Իրը իրի և բառը բառի դեմ դնելով՝ պետք է ասել, թե Երկնքի Արքայությունը կամ Ավետարանը մարդ չէ, այլ՝ հաստատություն, հետևաբար այդ խոսքում պետք չէ հասկանալ, թե Երկնից Արքայությունը սերմանող մի մարդ է, այլ՝ Երկնքի Արքայություն մարդու սերմանելն է։ Հիսուս առակը պատմում է՝բացատրելու համար իր քարոզած Ավետարանի կազմությունն ու ապագան, որի մեջ կարող են անարժաններ ևս լինել, ովքեր մտել են այդ խորհրդավոր ագարակը, բայց նրանց մուտքն անօրինական է։ Բայց քանի որ մտել են, կմնան, ու մի օր կառանձնացվեն և հեռացվեն։ Թեև որոմների առակն ասվել է Երկինց Արքայության, Ավետարանի կամ Եկեղեցու համար, սակայն միևնույն սկզբունքով կարող է պատշաճել և պատշաճեցվել ընդհանուր աշխարհին էլ մի հատուկ համախմբության, մինչև իսկ անհատի ներկա կյանքին և հանդերձյալ վիճակին։
Հիսուս առակը մեկնելուց և ուրիշ առակներ էլ պատմելուց հետո, շրջվում է դեպի աշակերտները և հարցնում․ «Իմացարո՞ւք զայս ամենայն»։ Աշակերտներն ուրախ, զվարթ, գոհ իրենց լսած մեկնություններից առանց վարանելու պատասխանում են․ «Այո՛, Տէր»։ Իրենց գոհունակությունն ու իմանալու մխիթարությունը Հիսուսի ասած Երկնից Արքայության քարոզները լսելու և ընդունելու արդյունք էր։ Որպեսզի այդ իրենց մտքում լավ տպավորվի, Հիսուս ավելացնում է․«Իրավունք ունեք հասկացած լինելու գոհունակությունը հայտնել, որովհետև դուք, որ լսում եք իմ քարոզությունները, աշակերտել եք երկնքի Արքայությանը, դուք Ավետարանի ուսյալները կամ դպիրներն եք եղել, և ձեզ հետ ձեր նման Ավետարանի ուրիշ աշակերտներ էլ, նմանվում եք մի հարուստ տան տիրոջ, որ իր գանձերի մեջ ամեն տեսակի ինչք ու հարստություն ունի, դուք էլ, ձեր մտքի գանձից կարող եք հանել թե՛ Հին Օրենքի պատգամների նշանակությունը, և թե՛ Նոր Օրենքի քարոզությունների Իմաստը»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: