Հովհաննես Ծործորեցի
եւ թշնամին, որ այն ցանեց, սատանան է. իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներ են:
Եվ այն վարած թշնամին սատանա է 755:
[Տերը] սովորեցնում է, որ [սատանան] էլ է ճշմարիտ մշակների կերպարանքն ու ձևն առնում և չարության արորով պատառոտում մարդկանց սրտերը՝ սերմանելով չար խորհուրդներ, որոնք երբ գործերով աճում են, երևում է որոմը: Սրանով նա թշնամություն է անում ոչ միայն մարդու դեմ, այլև Աստծո՝ Նրա բարի սերմերին խանգարելով:
[Այս խոսքը կարելի է հասկանալ] նաև այլ կերպ. ով մեղքեր է հղանում ու գործով կատարում, ըստ առաքյալի 756՝ Աստծո թշնամի է և Նրա կամքին հակառակվող 757:
Հունձքն այս աշխարհի վախճանն է:
Ինչո՞ւ սրանից առաջ, երբ աշակերտներին [քարոզության] էր ուղարկում, ասաց. «Հունձքն առատ է, իսկ մշակները՝ սակավ. աղաչեք հունձքի Տիրոջը, որ մշակներ հանի Իր հունձքի համար» (Մատթ. 9։37-38), և՝ «Բարձրացրե՛ք ձեր աչքերը և տեսե՛ք արտերը, որ սպիտակացել են և հունձքի հասել» (Հովհ. 4։35), իսկ այստեղ այս աշխարհի վերջն է դարձյալ «հունձք» կոչում: Արդ՝ կամ երկու հունձք կա՝ մեղքի և կյանքի, առաջին [հունձքի ժամանակ] առաքյալները հավատացյալներին խոսքի մանգաղով կտրեցին մեղքից ու լցրին Եկեղեցու շտեմարանների մեջ և հարդը սպառնական խոսքով դուրս թափեցին, իսկ երկրորդ [հունձքի ժամանակ] հրեշտակները [հավատացյալներին] հնձում են կյանքից և հավաքում վերին Սիոնում, քանի որ ինչպես որ [Տիրոջ] գալուստն է կրկնակի, այդպես էլ հունձքը, կամ էլ՝ այն [հունձքը] փառքի ու տանջանքի վճիռ էր, իսկ սա՝ [Աստծո խոսքի] ունկնդրության պտուղ՝ բարի սերմերի ու որոմների արդյունքով ու գործերով:
Իսկ հնձողները հրեշտակներն են:
Առաջին [հունձքի] սերմնացանները մարգարեներն էին, և հնձողները՝ առաքյալները, իսկ վերջինի սերմնացանը Մարդու Որդին է, և հնձողները՝ Նրա սպասավոր երկնային հրեշտակները, ինչպես Հովհաննեսը տեսավ հայտնության մեջ յոթ սկավառակների հարվածները, որոնցով [հրեշտակներն] այս աշխարհի վախճանը բերեցին: 758
Մաղաքիա արք. Օրմանյան
եւ թշնամին, որ այն ցանեց, սատանան է. իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներ են:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:36
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: