Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:40

Հովհաննես Ծործորեցի

40-42. Ինչպէս որոմը հաւաքւում է եւ կրակի մէջ այրւում, այնպէս կը լինի այս աշխարհի վախճանին: Մարդու Որդին կ՚ուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կը հաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում: Եւ կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում:

 

   Ինչպես որ որոմն է հավաքվում ու կրակի մեջ գցվում, այդպես կլինի այս աշխարհի վախճանին: Մարդու Որդին կուղարկի Իր հրեշտակներին, Նրա արքայությունից կհավաքեն բոլոր գայթակղություններն ու նրանց, ովքեր անօրենություն են գործում, և նրանց կգցեն կրակի հնոցը: Այնտեղ կլինեն լաց և ատամների կրճտում:

   [Տերն այս խոսքով] նախ ցույց է տալիս, որ ճշմարիտ հատուցումները հանդերձյալում են լինելու: Նաև Իր բարերարությունն է հայտնում, որովհետև երբ լավ սերմն էր ցանում, անձամբ էր անում, իսկ երբ տանջանքների մասին է պատմում, ասում է, որ հրեշտակներ է ուղարկելու: Եվս մի բան. սերմանելիս Իր ագարակում է սերմանում և հավաքելիս էլ Իր արքայությունից է հավաքելու. նշանակում է՝ թե՛ այս, թե՛ այն աշխարհները Նրանն են: Սրանով սովորեցնում է, որ ամենքն են հարություն առնելու, թեպետ ոմանք՝ կյանքի համար, ոմանք էլ՝ դատաստանների:

   Տիրոջ արքայությունը նաև սուրբ Եկեղեցին և աստվածային խոսքերն են, իսկ գայթակղությունները՝ աղանդներն ու հերձվածները, որ մտան Եկեղեցի Աստծո թույլտվությամբ, բայց հետո զատվելու են:

   Նաև՝ գայթակղեցնողն էլ, գայթակղվողն ու անօրենություն գործողն էլ՝ երկուսն էլ տանջվելու են, բայց ո՛չ ամեն գայթակղեցնող, այլ ով դեպի մեղքն է գայթակղեցնում: Այլապես ինչո՞ւ ասաց Տերը. «Ով գայթակղվելու է, թող գայթակղվի» (հմմտ. Հայտ. 22։11): Որովհետև պատահում է, որ թեպետ գայթակղեցնում են, սակայն միայն գայթակղվողներն են տանջվելու և ոչ թե գայթակղեցնողները:

   Այլև թե՛ ով պատահականորեն է մեղանչում, սակայն չի զղջում, թե՛ կամովին [մեղանչողները], որ անօրենություն գործողներն են, բոլորն էլ չարչարվելու են, ինչպես նաև սատանան ու նրա կամքը կատարողները, ինչպես ասաց Տերը 759:

    Կամ էլ Տերը «գայթակղություն» է անվանում անհավատ կռապաշտներին, ինչպես որ Օրենքում «գայթ» կոչեց այլազգիների գործերը (Ելք 23։33, 34։12), իսկ «անօրեն» [է անվանում նրանց], ովքեր Օրենքի հանդեպ մեղանչեցին: [Սրանք] դժոխքում նույն տեղում են տանջվելու, թեպետև զանազան [տանջանքներով]:

   «Կգցեն,- ասում է [Տերը],- կրակի հնոցը. այնտեղ կլինեն [լաց և ատամների կրճտում]»՝ ըստ այսմ. «Կգցեն նրան կրակի լիճը» (հմմտ. Հայտ. 19։20), և՝ «Տեր Հիսուսը կսատակեցնի Իր բերանի Հոգով» (Բ Թես. 2։8) և Իր շուրթերով այրելով: Իսկ լացի և ատամների կրճտոցի մասին [արդեն] ասվել է 760 : Բայց այստեղ այսքանը կասենք. ով [Դատաստանի] քննության ժամանակ բացահայտվի որպես բարի գործերն արհամարհող, ճշմարիտ Աստծուց հանդիմանվելով՝ ինքն իրեն տանջելու է՝ ատամները կրճտեցնելով: Քանի որ այս կյանքում ատամներով չծասքեց [աստվածային խոսքերի] սերմերի բարիքներն ու ճշմարիտ գիտության գործը, այնտեղ ծնոտի դատարկ լինելու պատճառով, ինչպես նաև դառնագույն վշտերից ատամներն է կրճտեցնելու:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Ինչպէս որոմը հաւաքւում է եւ կրակի մէջ այրւում, այնպէս կը լինի այս աշխարհի վախճանին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 13:36