Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
1-5․ «Եվ երբ մոտեցան Երուսաղեմին ու եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այդ ժամանակ Հիսուս երկու աշակերտի ուղարկեց»։ «Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք ձեր դիմացի գյուղը և այնտեղ անմիջապես կգտնեք մի կապած էշ, քուռակն էլ հետը։ Արձակե՛ք, Ինձ մո՛տ բերեք»»։ «Եվ եթե որևէ մեկը ձեզ ինչ-որ բան ասի, ասե՛ք, որ դրանք պետք են Տիրոջը, և նա իսկույն դրանք կուղարկի»։ «Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասված խոսքը»։ «Սիոնի դստերն ասե՛ք. «Ահա քեզ մոտ է գալիս քո Թագավորը՝ հեզ, էշին ու քուռակին հեծած» (Զաք. 9։9) »։
Ավելի վաղ էլ Քրիստոս հաճախ գնացել էր Երուսաղեմ, բայց երբեք չէր գնացել այսպիսի փառքով։ Ուրեմն ինչո՞ւ է հիմա այդպես անում։ Որովհետև այն սկզբնական ժամանակաշրջանը դեռևս Իր տնօրինական գործունեության նախամուտն էր, և Նա այնքան հայտնի չէր, ու նաև՝ դեռ մոտ չէր Փրկչի չարչարանքների ժամանակը։ Դրա համար էլ Հիսուս ապրում էր՝ որևէ բանով չտարբերվելով մյուսներից, և մեծավ մասամբ թաքցնում էր Իրեն։ Հակառակ պարագայում Նրա հայտնությունն այդքան զարմանալի չէր լինի, այլ միայն ավելի մեծ բարկություն կառաջացներ հրեաների մեջ։ Իսկ երբ Քրիստոս արդեն իսկ ցույց էր տվել Իր զորության բազմաթիվ վկայություններ, և խաչելությունն արդեն իսկ դռան նախաշեմին էր, այդժամ Նա Ինքն Իրեն փառաբանում է ավելի վճռականորեն և ավելի մեծ հանդիսավորությամբ է անում այն ամենը, ինչը կարող էր հարուցել հրեաների վրդովմունքը։ Իհարկե, սա հնարավոր էր անել նաև հենց սկզբից, բայց այդ ժամանակ ավելորդ ու անօգուտ կլիներ։ Իսկ դու ինձ հետ խորհի՛ր, թե որքա՜ն հրաշքներ են տեղի ունենում այս դրվագում, և թե որքա՜ն մարգարեություններ կատարվեցին։ Քրիստոս ասաց. «կգտնեք․․․մի էշ», և հենց դա ասելիս իսկ կանխագուշակեց, որ ոչ ոք չի խոչընդոտի նրանց, այլ ամենքն էլ միայն կլսեն ու կլռեն։ Սա ինքնին ոչ փոքր մեղադրանք էր՝ ուղղված հրեաների դեմ․ եթե Քրիստոս նույնիսկ Իրեն անծանոթ մարդկանց ու Իրեն չտեսնողներին է մղում առանց որևէ հակադրության տալու իրենց սեփականությունը, և ընդ որում՝ Նա դա չի անում անձնապես, այլ՝ աշակերտների միջոցով, ապա ուրեմն որքա՜ն մեղավոր են հրեաները, որոնք, Փրկչի կողմից կատարված այդքա՜ն հրաշքների վկա լինելով հանդերձ, չհավատացին Նրան։
Եվ դու այս իրադարձությունն աննշան մի՛ համարիր։ Իսկապես, ի՞նչն էր ստիպել այս աղքատ մարդկանց, որոնք միգուցե պարզ հողագործներ էին, առանց որևէ ընդդիմության տալու իրենց սեփականությունը։ Եվ ի՞նչ եմ ասում՝ առանց ընդդիմության։ Նույնիսկ առանց հարցնելո՛ւ, կամ էլ գուցե՝ հարցնելուց հետո, սակայն լռելով ու զիջելով այն, ինչ պատկանում էր իրենց։ Եթե նրանք ոչինչ չասացին այն ժամանակ, երբ տանում էին իրենց կենդանուն, կամ էլ նույնիսկ, եթե ինչ-որ բան ասացին, բայց, լսելով, թե Տերն է պահանջում այն, առանց որևէ դիմադրության զիջեցին, ապա թե՛ մեկ, և թե՛ մյուս պարագան էլ հավասարապես զարմանալի են՝ առավել ևս, որ այդ մարդիկ Հիսուսին անձնապես չտեսան, այլ տեսան միայն Նրա աշակերտներին։ Դրանով Տերը հասկացնում է, որ Ինքը լիովին կարող էր խոչընդոտել նաև կարծրասիրտ հրեաներին, երբ նրանք եկել էին Իրեն բռնելու, և անխոս դարձնել նրանց, բայց Նա չկամեցավ այդպես վարվել։ Մյուս կողմից էլ, Քրիստոս աշակերտներին ուսուցանում է զոհաբերել ամեն ինչ, ինչ էլ Ինքը պահանջի. եթե Նա հրամայեր իրենց հոգին էլ տալ, ապա նրանք նաև իրենց հոգինե՛րը պիտի զոհաբերեին՝ առանց որևէ դիմադրության։ Իսկապես, եթե Հիսուսին անծանոթները հնազանդվեցին Նրա պահանջին, ապա առավել ևս առաքյալնե՛րը հանուն Հիսուսի ամեն ինչ պիտի զոհաբերեին։
Դարձյալ, Քրիստոս այստեղ կատարեց մի կրկնակ մարգարեություն՝ գործերի մարգարեություն և խոսքերի մարգարեություն։ Գործերի մարգարեությունն այն էր, որ Նա նստեց էշի վրա, իսկ խոսքերի մարգարեությունը իրականացումն էր Զաքարիա մարգարեի այն խոսքի, թե «Թագավորը կնստի էշի քուռակի վրա»։ Էշի քուռակի վրա նստելով՝ Քրիստոս կատարեց այս վերջին մարգարեությունը և, միևնույն ժամանակ, Իր գործողություններով նախապատկերելով ապագան, ևս մեկ մարգարեություն հայտնեց։ Այդ ինչպե՞ս․ Նա կանխագուշակեց անմաքուր հեթանոսների կանչվելը, ա՛յն, որ Հիսուս Իր հանգիստը կգտնի նրանց մեջ, և որ նրանք կգան Իր մոտ ու կհետևեն Իրեն։ Այսպիսով, մարգարեությունը հետևում էր մարգարեությանը։ Ի դեպ, Քրիստոս, իմ կարծիքով, ոչ միայն այս պատճառով հաճեց նստել էշի քուռակի վրա, այլև որպեսզի կյանքի կանոն սահմանի մեզ համար։ Նա ոչ միայն իրագործում էր մարգարեություններն ու սերմանում էր ճշմարտության ուսմունքը, այլև այդպիսով ուղղում էր նաև մեր կյանքը՝ ամենուր մեզ համար կանոն սահմանելով՝ բավարարվել միայն մեր կենսական կարիքները հոգալով։ Փրկիչն ամենուր միտված էր այս եղանակով շտկելու մեր կյանքի ընթացքը։ Այսպես, երբ Հիսուս հաճեց ծնվել երկրի վրա, այդ ժամանակ Նա չփնտրեց շքեղ զարդարված մի տուն, ոչ էլ՝ հարուստ ու նշանավոր մի մայր, այլ ընտրեց աղքատին, որը նշանված էր հյուսնի հետ։ Հիսուս ծնվեց քարայրում և դրվեց մսուրի մեջ։ Աշակերտներ ընտրելիս նույնպես Նա ընտրեց ոչ թե հռետորների ու իմաստունների, ոչ թե հարուստ ու նշանավոր մարդկանց, այլ՝ աղքատների մեջ ամենաաղքատներին, ու ամենևին ոչ-հայտնիներին։ Նմանապես նաև, երբ Հիսուս առաջարկում էր սեղան նստել, երբեմն առաջարկում էր գարեհաց, երբեմն միայն ուտելուց անմիջապես առաջ էր աշակերտներին պատվիրում շուկայից գնումներ կատարել, մահճակալի փոխարեն խոտն էր ծառայեցնում, կրում էր աղքատիկ հագուստ, որը չէր տարբերվում նույնիսկ ամենապարզ մարդկանց հագուստից, իսկ տուն առհասարակ չուներ։ Եթե Հիսուսին հարկավոր էր լինում անցնել մի տեղից մյուսը, ապա գնում էր հետիոտն և, ընդ որում, Իր ճանապարհին երբեմն նույնիսկ հոգնում էր։ Երբ նստում էր, ո՛չ աթոռ էր փնտրում, ո՛չ էլ փափուկ բարձ, այլ նստում էր հողի վրա, երբեմն՝ լեռան լանջին, երբեմն՝ աղբյուրի մոտ, և պատահում էլ էր, որ Նա լիովին մենակ էր մնում։ Հավասարապես խոսում էր նաև սամարացի կնոջ հետ, չափ էր դնում տրտմության համար. երբ պիտի լար, լալիս էր հանդարտ՝ ամենուր, ինչպես ասացի, սահմանելով կանոններ ու չափորոշիչներ, մինչև որոնք հասնելը թույլատրելի է, բայց որոնցից ավելի հեռու գնալ պետք չէ։ Այդպես նաև այժմ էլ, եթե պատահի, որ ինչ-որ մեկը տկարության պատճառով կենդանու կարիք ունենա, ապա Քրիստոս այս դեպքում ևս սահմանափակում կմտցնի՝ ցույց տալով, որ չպետք է «վազել» ձիերի կամ ջորիների հետևից, այլ պիտի բավարարվել էշով, և երբևէ չընդարձակվել ավելի հեռու, քան անհրաժեշտն է։ Բայց տեսնենք, թե ինչպես են կատարվում մարգարեությունները՝ և՛ խոսքերով, և՛ հենց գործով։ Ո՞րն է այդ մարգարեությունը․ «Ահա քեզ մոտ է գալիս քո Թագավորը՝ հեզ, էշին ու քուռակին հեծած»։ Նա կառքով չի գնում, ինչպես սովորաբար վարվում են մյուս թագավորները, տուրք չի պահանջում, չի սարսափեցնում Իր ներկայությամբ, նիզակակիրներ չունի, այլ այստեղ ևս մեծագույն հեզություն է ցուցաբերում։ Հարցրո՛ւ հրեային. եղե՞լ է որևէ թագավոր, որը էշով է մուտք գործել Երուսաղեմ։ Նա ոչ ոքի չի կարող մատնանշել քեզ, բացի Քրիստոսից։ Սակայն Քրիստոս, ինչպես ես վերևում ասացի, սա անում էր՝ գալիքը նախանշելով։ Այստեղ էշի քուռակի խորհրդաբանությամբ ներկայացվում է Եկեղեցին և այն նոր ժողովուրդը, որը թեպետ ժամանակին անմաքուր էր, բայց այն բանից հետո, երբ Հիսուս բազմեց նրա վրա, դարձավ մաքուր։ Հապա նկատի՛ր, թե ինչպիսի ճշգրտություն կա այս ամբողջ նախապատկերման մեջ։ Աշակերտներն արձակում են լծակիրներին։ Թե՛ հրեաները, և թե՛ մենք առաքյալների միջոցով կանչվեցինք նորազարդ Եկեղեցու գիրկը, և դարձյալ առաքյալների՛ միջոցով մուտք գործեցինք այնտեղ։ Մեր երանելի ու փառավոր կարգավիճակը նույնիսկ հրեաների մեջ է նախանձախնդրություն առաջացրել. էշը գնում է էշի քուռակի հետևից։ Եվ իսկապես, այն բանից հետո, երբ Քրիստոս բազմի հեթանոսների վրա, այն ժամանակ նաև հրեաները, նախանձախնդրության զգացումով լցված, կգան Փրկչի մոտ, ինչը հստակորեն ցույց է տալիս Պողոսը՝ ասելով, «թե կուրություն եկավ Իսրայելի մեկ մասի վրա և կտևի, մինչև մյուս ժողովուրդների (հեթանոսների) ամբողջությունը փրկվի, և ապա ամբողջ Իսրայելը կփրկվի» (Հռոմ. 11:25-26)։ Այսպիսով, ասվածից երևում է, որ սա մարգարեություն էր։ Հակառակ դեպքում մարգարեի համար ավելորդ կլիներ այսքան մանրամասնորեն խոսել էշի հասակի մասին։ Ասվածից ակնհայտ է ո՛չ միայն սա, այլև այն, որ առաքյալներն առանց դժվարության կբերեն նրանց։ Եվ իսկապես, ինչպես այստեղ ոչ ոք չէր խոչընդոտում առաքյալներին, երբ նրանք տանում էին կենդանիներին, այնպես էլ ոչ ոք չէր կարող նրանց խոչընդոտել նաև հեթանոսներին կանչելու ժամանակ, երբ նրանք «որսում» էին հեթանոսներին։ Դարձյալ, Քրիստոս նստում է ոչ թե քուռակի մերկ, այլ՝ առաքյալների հանդերձով ծածկվածին մեջքին։ Սա ա՛յն բանի համար, որ առաքյալները, էշի քուռակը վերցնելով, նաև իրե՛նց իսկ ունեցած ամեն ինչն են տալիս, ինչպես Պողոսն էլ է ասում. «Ես ինքնահոժար կերպով կծախսեմ և կծախսվեմ ձեզ համար» (Բ Կորնթ. 12:15)։ Բայց ուշադրություն դարձրու նաև քուռակի հնազանդությանը, թե ինչպես նա, ամենևին վարժված չլինելով և դեռևս սանձը չճանաչելով, արագասլաց չընթացավ, այլ գնում էր հանդարտ ու հանգիստ։ Եվ սա էլ ապագայի նախանշան էր հանդիսանում՝ արտահայտելով հեթանոսների հնազանդությունն ու նրանց շուտափույթ փոփոխությունը դեպի առաքինասեր կյանքի։ Այս ամենը կատարվեց «արձակե՛ք, Ինձ մո՛տ բերեք» խոսքով, և այն, ինչն անկարգավոր էր, բարեկարգության բերվեց, և անմաքուրը մաքուր դարձավ։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց.
Երբ մոտեցան Երուսաղեմին և եկան Բեթփագե` Ձիթենյաց լեռան մոտ:
Այս խոսքը քննության պետք չունի, որովհետև երբ մոտեցան Երուսաղեմին, [Հիսուսն] այդ հիշատակված նշանավոր վայրն ուղարկեց աշակերտներին: Բայց սրա խորհուրդն այսպիսին է: Երուսաղեմը «խաղաղություն» է թարգմանվում, որովհետև այնտեղ էր խաղաղություն գտնում գրավոր [Օրենքը ստացած] ժողովուրդը քահանաների և զոհաբերությունների միջոցով: Այն խորհրդանշում էր Եկեղեցին` ըստ Պողոսի. «Երկնավորների խորհուրդին էր ծառայում» (հմմտ. Եբր. 8։5): Նրա մոտ եկավ ճշմարիտ խաղաղություն Քրիստոսը և Իր մահվամբ խաղաղացրեց բազմաստվածության խռովությունը` ըստ առաքյալի (Հռոմ. 5։10, Եփես. 2։15): Եկան, ասում է [ավետարանիչը], Բեթփագե և Բեթանիա: Բեթփագեն «ծնոտի տուն» է թարգմանվում 1, իսկ ծնոտը խոսքի սպասավոր է: Ադամի ծնոտն Աստծո պատվիրանների հանդեպ անհնազանդությամբ հեռացրեց նրան բանական բնությունից, և նա հանդուգն պատասխան տալով` անասնեղեն դարձավ` ըստ Դավթի (Սաղմ. 48։13), ուստի Հիսուսը, աստվածային [իրողություններ] ուսուցանելով, մարդկեղեն տուն ու ծնոտ դարձավ մարդկանց ծնոտի համար: Նաև ինչպես միամոր և ուժեղ Սամսոնը կոտորեց այլազգիներին էշի ծնոտով, որից նաև կենդանի ջրի աղբյուր բխեց (Դատ. 15։15-19), այդպես Հիսուսը խաչի վրա, խոսքի ծնոտի միջոցով, որ ձայնեց «Էլի, Էլի»-ն (Մատթ. 27։46), իսպառ կործանեց դևերի բանակները և կյանքի աղբյուր արտահոսեց, որից խմելով` աշխարհն ուրախացավ Նրա տան առատ վտակներով (Սաղմ. 35։9):
Իսկ Բեթանիան «սգի տուն» է նշանակում, որովհետև մարդն ուրախության տուն էր աստվածային փչման շնորհիվ 2, բայց երբ հանցանք գործեց, [փչված շունչը] վերադարձավ Փչողին, և [մարդը] դարձավ անհնազանդության և սգո տուն: Ուստի նրա Ստեղծիչը դարձավ Հոր հանդեպ հնազանդության տուն և Իր հնազանդությամբ վերացրեց մարդու անհնազանդությունը: Դարձավ չարչարանքի և սգո տուն, ինչպես որ Բեթանիայում արտասվեց Ղազարի համար, որպեսզի ի դեմս Ղազարի` սգից ազատեր Ադամին, և մխիթարեց [Ղազարի] քույրերին (որ խորհրդանշում էին նահապետներին ու մարգարեներին) և մեր մարդկային բովանդակ բնությունը` վերացնելով ամեն արտասուք ամեն դեմքից (Ես. 25։8):
Իսկ ի՞նչ է [նշանակում] «Ձիթենյաց լեռան մոտ» [խոսքը]: Ձեթը գիշերվա փարատիչ է, և Խոսք Աստված, երկնային լեռից ու լույսի Հորից մեզ մոտ գալով, միավորությամբ մոտեցավ մեր մարդկային բնությանը` միանալով մարմնին, արեգակնապես լույս ծագեցրեց մեզ վրա և փարատեց մարդկանց հոգու գիշերը` մեզ ընդհուպ մոտեցնելով Ձիթենյաց լեռին` լուսավոր հրեշտակներին: Ձեթը խորհրդանշում է նաև ողորմությունը, որը [Տերը] շատացրեց ու տարածեց երկրում, ինչպես լեռները, որովհետև ողորմությամբ մոտեցանք Նրա շնորհին` ըստ սաղմոսի. «Մեծ եղավ Քո ողորմությունը` մինչև երկինք» (Սաղմ. 107։5): Այլև ձեթով խորհրդանշվող [Սուրբ] Հոգով է, որ մեկը կարող է աստվածաբանել Հիսուսի մասին և ճշմարիտ Խաղաղությանը հավատով մոտենալ` ըստ առաքյալի. «Ոչ ոք Հիսուսին Տեր չի կոչում, եթե ոչ` Սուրբ Հոգով» (Ա Կոր. 12։3):
--------------------------------
2 Ծննդ. 2։7: Առաջին մարդու երեսին Աստծո փչած շունչը երբեմն մեկնվում է որպես պարզապես մարդու հոգին, որով մարդը դառնում է կենդանի արարած, երբեմն էլ իբրև աստվածային շնորհի հոգին, որը փչվեց արդեն հոգի ու մարմին ունեցող Ադամի վրա, բայց որը հետո, մարդու մեղանչելու հետևանքով, նրանից վերցվեց (Ծննդ. 6։3): Առաջին մեկնությանը կարելի է հանդիպել սբ Եփրեմ Ասորու Ծննդոց գրքի համապատասխան համարի մեկնության մեջ, իսկ երկրորդին, որն ընդունում է նաև Ծործորեցին սբ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ում. «Եւ արդ ի կատարեալ մարդն հոգւով եւ մարմնով փչեաց զշնորհաց հոգին ի մարդկայինս ազգ. եւ ունէին որքան յանմեղութեան էին. եւ կորուսին ի մեղանչելն: Ըստ այնմ. «Մի՛ մնասցէ հոգի իմ ի դոսա վասն լինելոյ դոցա մարմինե [Ծննդ. 6։3]: Եւ դարձեալ զնոյն շնորհաց հոգին յետ յարութեանն փչեաց յառաքեալսն ասելով. «Առէ՛ք Հոգի Սուրμե (Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, ռճհը (1729) թ., էջ 253):
Ստեփանոս Սյունեցի (†735)
Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց.
«Երբ Երուսաղեմին մոտեցան և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այն ժամանակ Հիսուս Իր աշակերտներից երկուսին ուղարկեց»։
Ուղարկեց, որպեսզի բերեն էշը և նրա քուռակը: Էշը խորհրդանշում է հրեա հիմար ժողովրդին, որովհետև անչափ հրաշքներ գործեց նրանց մեջ, սակայն Նրան չճանաչեցին, և մինչև այսօր էլ չեն իմանում մովսիսական և մարգարեական գրքերի միտքն ու զորությունը: Իսկ քուռակը՝ հեթանոս ժողովուրդը, որ դեռևս անփորձ էր աստվածապաշտության [մեջ]:
Էշի արձակելը խորհրդանշում է Հին Կտակարանի պարզաբանումը, որը կապված էր անհայտության և խրթնաբանության կապանքներով, որ արձակեցին Քրիստոսի աշակերտները: Իսկ քուռակը՝ Նոր Կտակարանն է, որի վրա նստեց Քրիստոս առաքյալների կարգավորումով, որը [էշի ու քուռակի վրա] զգեստները գցելով [խորհրդանշվեց]:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
1-3․ Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ: Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կ՚ասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կ՚ուղարկի»:
Հիսուս ցամաքով միշտ հետիոտն էր ճամփորդում։ Ավետարաններում բոլորովին չի ակնարկվում, որ երբեմն կամ գոնե շատ հոգնած ժամանակ ձի կամ էշ գործածած լինի, որով այս միաշաբթի տեղի ունեցած ավանակի հեծնելը համարվում էր Հիսուսի ողջ կյանքում իբրև նորօրինակ հանդիսավորություն։ Հիսուս, դուրս գալով Բեթանիայից և տեսնելով բազմությունը, ժողովրդի միջից ավելի հեշտությամբ անցնելու, բոլորին լավ տեսնելու, ժողովրդական ցույցին համակարծիք ու գոհունակության նշան ցույց տալու համար, ցանկացավ այս ճամփորդությանն ավելացնել հեծնելու պարագան։ Կանչեց տասներկուսից երկուսին, հրահանգ տվեց շտապով քայլել, առաջանալ և ճանապարհի վրա գտնվող Բեթփագե (այժմ՝ Էլ Պիար) փոքրիկ գյուղից հեծնելու համար որևէ կենդանի ճարել։ Նմանատիպ առիթներին գործի դրված առաքյալները սովորաբար Պետրոսն ու Հովհաննեսն էին լինում (Ղուիկ. 22։8), բայց այստեղ անուններ հիշված չեն և, թե ստույգ ո՞ր երկուսն էին, ճշտել չենք կարող։ Բեթանիայից դեպի Երուսաղեմ ճանապարհներն անցնում էին Ձիթենյաց լեռով․ մի ճանապարհն ուղիղ, բայց խիստ թեքությամբ հենց դեպի լեռան գագթն է բարձրանում, իսկ մյուսը ավելի երկար, սակայն ավելի դյուրին և, բլուրի կողքերով պտտվելով, դարձյալ բարձրանում էր նույն լեռան գագաթը։ Այս երկրորդ ճանապարհի վրա է Բեթփագեն։ Հիսուս նախընտրում է այս երկրորդը՝ անշուշտ բազմությանը խռնվելու պատճառով։
Ինչպես ասացինք, Հիսուս Իր մոտ կանչելով երկու առաքյալներին, ասում է․ «Շտապեցե՛ ք, առաջ անցե՛ ք և Բեթփագեից ինձ հեծնելու մի էշ բերեք։ Հազիվ, թե գյուղից ներս մտած կլինեք, այնտեղ, դռներից մեկի մոտ, այն կապված կգտնեք, արձակեցեք, վերցրեք ու բերեք։ Եթե արձակելիս ձայն հանող լինի, կամենան ձեզ արգելել ու ասեն՝ ի՞նչ եք անում, ու՞ր եք տանում, ո՞վ ձեզ հրաման տվեց, նրանց ասացեք, թե նույն ինքը՝ տերը մեզ ուղարկեց, իրեն անհրաժեշտ է, ինքը պիտի հեծնի։ Եթե այսքանն ասեք, նրանք կհասկանան ու թույլ կտան»։ Իրոք, Բեթփագե հասնելով, երկու առաքյալները գտան դռներից մեկի մոտ կապված էշը։ Երբ մոտեցան արձակելու, այնտեղ եղողներից ոմանք դիտողություն արեցին և կամենում էին արգելել։ Բայց առաքյալներից լսելով, որ Տերն է ուզում, Ինքը պիտի հեծնի, ձայները կտրեցին, թույլ տվեցին, որ արձակեն ու տանեն։ Առաքյալներն իրենց հանձնարարված պարտականությունը կատարելով՝ վերցրին կենդանուն ու Հիսուսի մոտ բերեցին։
Մարկոսն ու Ղուկասը նշում են, որ այդ ավանակը պարզապես նոր-նոր հասունացած էր՝ դեռևս չգործածված․ «Գտանիցէք յաւանակ մի կապեալ, յորոյ վերայ ոչ ոք ի մարդկանէ նստաւ»։ Կամ «Գտանիցէք յաւանակ կապեալ, յորում ոք ի մարդկանէն երբեք ոչ նստաւ»։ Իսկ Հովհաննեսն ավանակի փոխարեն նշում է․ «Գտեալ Յիսուսի էշ մի», մինչդեռ Մատթեոսը մեկը և մյուսը միացնում է․ «Գտանիցէք էշ կապեալ եւ յաւանակ եւ ընդ նմին»։ Անփորձ ավանակը սովորաբար միայնակ չի լինում, ավելին, դեռ սանձի տակ մտած և կապված էլ չի եղել։ Ուստի առաքյալների Բեթփագեից բերածը նկատվում է իբր մատակ էշ՝ սանձով կապված և նրա հետ էլ արդեն մեծացած ու հասած, բայց դեռահաս ու չգործածված ավանակը։ Հեծնելու հարմարն անշուշտ էշն էր։ Թերևս Հիսուս ավանակն էլ գործածեց։ Ավելի ճիշտ, մեկին հեծնելով՝ մյուսին էլ հեծած նկատվեց, որովհետև սովորական խոսակցության մեջ նույնպես քուռակն իր հետ ունեցող մատակ գրաստներն իբրև մեկ են համարվում, առանձին-առանձին չեն հաշվվում։ Մարկոսը, Ղուկասն ու Հովհաննեսը համաձայն են ասելու, թե նստաւ ի վերայ նորա, մինչդեռ Մատթեոսը գրում է․ «Նստաւ ի վերայ նոցա»։ Երկուսին հեծնելը հարմար օրինակ է տվել մեկնիչներին։ Նրանք երկու կենդանիների օրինակով նկատի են առնում օրենքի սանձին ու լծին սովորած հրեաներին և դրանց անտեղյակ հեթանոսներին, որ հավասարապես են ծառայում Ավետարանի փառավորությանը, ինչպես մեր Սուրբ Շնորհալի վարդապետն էլ երգել է․ «Նստեալ ի յէշ եւ յաւանակ, կրկին ազանց գոլ օրինակ»։ Հիսուսի տված լուրը Բեթփագեի դռներից մեկի առջև կապված ավանակի մասին սովորաբար մեկնվում է իբրև մարգարեական գործ, սակայն, «Տերը պիտի հեծնի» ասելով, էշատերերի զիջելը կարող է համարվել կանխավ ապահոված գործի նշան։
Երկու առաքյալները, վերադառնալով Բեթփագեից, բերեցին էշն իր ավանակով, բայց Հիսուսին նստելու համար անհրաժեշտ եղավ մի հարմար թամբ էլ ունենալ։ Ձեռքներին պատրաստի չունեին, հետևաբար, ծալելով իրենց թիկնոցները, դրեցին մերկ կենդանու վրա և Հիսուսին օգնելով՝ նստեցրին։ Իրենք էլ նրա չորս կողմը բոլորելով՝ սկսեցին առաջանալ խռնված ամբոխի միջից, որ քանի գնում շատանում էր, ավելանում Երուսաղեմից եկող նոր-նոր խմբերով։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: