Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:4

Հովհաննես Ծործորեցի

4-5. Բայց այս բոլորը եղաւ, որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, որ ասում է. «Ասացէ՛ք Սիոնի դստերը, ահա դէպի քեզ է գալիս քո թագաւորը՝ հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ»:
   

    Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանար մարգարեի խոսքը, որն ասում է . «Ասացե՛ք Սիոնի դստերը. «Ահա քո Թագավորը քեզ մոտ է գալիս` հեզ և հեծած էշ ու էշի քուռակ»:

    Հիանում է ավետարանիչն այս իրողությունների ելքով, որովհետև սկզբում չգիտեին, ինչպես ասում է Հովհաննեսը. «Իսկ երբ Հիսուսը փառավորվեց, այդ ժամանա՛կ հասկացան աշակերտները, որ ինչ որ գրված էր Նրա մասին, դա՛ արեցին Նրան» (հմմտ. Հովհ. 12։16): Եվ քանի որ Մատթեոսը գրել է [Սուրբ] Հոգին ընդունելուց հետո, ուստիև սքանչանում է, ինչպես երբ [Հիսուսի] ծննդյան [մասին էր խոսում]. «Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով Տիրոջ ասածը» (Մատթ. 1։22): Այդպես էլ այստեղ [է ասում]. «Այս ամենը եղավ», այսինքն` ինչ որ ասացի և ասելու եմ, որպեսզի ցույց տա, որ սա նախապես մարգարեների միջոցով Հորից ավետարանվել է, իսկ այժմ իրականություն դարձավ այն մարգարեությունը, որն ասում է.

    «Ասացե՛ք Սիոնի դստերը. «Ահա քո Թագավորը քեզ մոտ է գալիս` հեզ և էշ հեծած» (հմմտ. Զաք. 9։9):

    «Սիոն» պետք է հասկանալ այն լեռը, որը Դավիթը գրավեց և իր ամրոցն այնտեղ Կառուցեց 1096, իսկ «Սիոնի դուստր»` Երուսաղեմ քաղաքը, որ այդ լեռան ներքևում է, որովհետև հին Իսրայելի հետ է խոսում այս մարգարեն, այն պատճառով, որ նախ նրանց տրվեց փրկությունը և հետո՛ հեթանոսներին, ինչպես [Տերն] Ինքն է ասում. «Ուրիշ տեղ չուղարկվեցի, քան Իսրայելի տան կորած ոչխարների մոտ» (Մատթ. 15։24): «Ասացեք Սիոնի դստերը», ասում է [մարգարեն]: Ինչո՞ւ հենց ինքը մարգարեն չի ասում [Սիոնի դստերը], այլ ուրիշներին է հրամայում: Դիմում է քահանաներին, որովհետև նրանք էին ժողովրդի մխիթարիչը` ըստ Եսայու. «Մխիթարե՛ք Իմ ժողովրդին, քահանանե՛ր», ասում է Աստված» (Ես. 40։1): Այդպես էլ այստեղ. «Ասացե՛ք Սիոնի դստերը», այսինքն` ավետիս տվեք, որ ահա քո Թագավորը հասել է փրկելու քեզ: Որովհետև «ահա» բառը պատշաճում է նրանց, ովքեր ակնկալում ու սպասում են տեսնելու մեկին, ինչպես որ Տիրոջ մկրտության ժամանակ Հոր և Հոգու վկայության պատճառով ոմանք ցանկացան տեսնել Քրիստոսին, և երբ Նա երևաց, Հովհաննեսը ավետարանեց նրանց` [ասելով]. «Ահա՛ Աստծո Գառը» (Հովհ. 1։29, 3536):

    «Ահա՛,-ասում է [Զաքարիա մարգարեն],-քո Թագավորը գալիս է»: Մյուս մարգարեները, ովքեր ժամանակով ավելի հեռու էին, [տվյալ հանգամանքներին] հարմարեցնելով խոսեցին [Քրիստոսի] մասին. մեկը Նրան «մարգարե» կոչեց 1097, մյուսը` «աստղ» 1098, Դավիթը` «անձրև» 1099, Եսային` «Էմանուել» 1100, Միքիան` «իշխան» 1101, Օսեեն` «օծյալ» 1102, Երեմիան` «երեսի հոգի» 1103, Եզեկիելը` «Իսրայելի տան եղջյուր» 1104, Դանիելը` «հատված վեմ» 1105, իսկ Զաքարիան, մոտ լինելով ժամանակների լրմանը 1106, «թագավոր» է անվանում: Ահա, ասում է, այն, ինչ մարգարեները կանխագուշակեցին, [կատարվում է]. քո Թագավորը գալիս է: Որովհետև Նրա գալստյան մասին [հայտնելուց բացի], նաև «թագավոր» կոչեցին Նրան, ինչպես նահապետ Հակոբը. «Հուդայից իշխան չի պակասի, մինչև գա Նա» և այլն (Ծննդ. 49:10): Ուրիշներ էլ [ասացին]. «Դավթի աթոռին կնստի» (Ես. 9։7), «Դավիթ արքային կհաստատեմ նրանց համար» (հմմտ. Երեմ. 30։9), «Աստված երկնքի թագավորություն կհաստատի» (Դան. 2։44): Այս բաների մասին է խոսում Զաքարիան` [ասելով]. «Քո Թագավորը գալիս է»:

    Ինչո՞ւ է բոլորի Թագավորին իբրև միայն Իսրայելինը ներկայացնում: Կամ որովհետև այդ ժամանակ միայն [իսրայելացիներն] էին ճանաչում Նրան, կամ որպեսզի սա ասելով նրանց հորդորի դեպի Իր հանդեպ սերը, նաև` որովհետև մարմնով նրանցից էր հայտնվել` Հուդայի և Դավթի ցեղից, որոնց էր թագավորությունը խոստացվել [Աստծուց]` ըստ այսմ. «Իմ մարմինը նրանցից է» (Ովսեե 9։12), սամարացին [ասաց]. «Փրկությունը հրեաներից է» (Հովհ. 4։22), Պողոսն էլ գրում է. «Որոնցից է Քրիստոսը մարմնով» (Հռոմ. 9։5):

    «Քո թագավորը,-ասում է [մարգարեն],-գալիս է քեզ մոտ»: Ինչո՞ւ է նախ նրանց մոտ գալիս: Որովհետև ընտրված էին հնում. և որպեսզի [հետո] չպատճառաբանեին թե` «Այն պատճառով չհավատացինք, որ նախ մեզ մոտ չեկավ», [Տերը] նախ նրանց մոտ եկավ, որպեսզի նրանց միջոցով շատերի [բարի] նախանձը շարժեր: Նաև քանի որ քեզ շատ պարգևներ տվեց, իսկ դու թե անցյալում, թե ներկայում դիմադարձ եղար ու չկամեցար Օրենքին հնազանդությամբ կամ հավատով ընթանալ Նրա մոտ, Նա, Իր գթությունից հարկադրված, Ինքն է գալիս քեզ մոտ:

«Հեզ և հեծած էշ ու էշի քուռակ». ո՛չ ինչպես նրանք, որ Դավթից հետո թագավորեցին բռնությամբ ու զրկողությամբ, սպանությամբ ու հպարտությամբ, հղփանալով ձիերով ու ջորիներով, կառքերով ու երիվարներով, այլ գալիս է հեզությամբ, այնքան, որ էշի վրա նստած է մտնում քեզ մոտ` խոսքով ու գործով իրականացնելու կանխասաց մարգարեությունը: Խոսքով` որ նստեց [այդ անասունի] վրա, իսկ գործով` որ կանչեց հրեաներին ու հեթանոսներին, ինչպես ասվեց, ըստ Հակոբ նահապետի թե` «Իր էշը կկապի որթատունկից, իսկ էշի քուռակը` որթատունկի բարունակից» (Ծննդ. 49։11), որովհետև հրեաներին Ինքն անձամբ կանչեց, իսկ հեթանոսներին առաքյալների միջոցով հրավիրեց:

    «Ասացե՛ք Սիոնի դստերը. ահա քո Թագավորը քեզ մոտ է գալիս` հեզ և հեծած էշ ու էշի քուռակ»:

    «Սիոն» է անվանվում նաև վերին ու ազատ Երուսաղեմը, որը մեր ամենքի մայրն է, իսկ «Սիոնի դուստր»` այս նոր Եկեղեցին, քանի որ վերջինս վերին [Երուսաղեմի] ծնունդն է` ըստ մարգարեի. «Սիոնը մայր է կոչվում, և մարդ» Հիսուս Քրիստոսը «ծնվեց նրանում» (Սաղմ. 86։5): Կամ էլ, Դավթի նմանողությամբ, [Տերն] Իր չարչարանքն այնտեղ կրեց իբրև մարդկանց հոգիների ամրություն, Սիոնում հաստատեց հոգեկեցույց օրենքը և այնտեղ հոգիացրեց աշակերտներին: Եվ կամ մեզ ծնեց վերին Սիոնում, որը մարգարեն «դուստր» է կոչում Եկեղեցու աճողական հատկության պատճառով` քարոզության և Ավազանով վերստին ծննդյան միջոցով: Արդ` [մարգարեն] սրան է ավետիս տալիս` հեթանոսների Եկեղեցո՛ւն. «Ահա քո Թագավորը քեզ մոտ է գալիս»: Կուռքերի առաջ ճենճերի մեջ էիր դեգերում և մեղքի ծառայության տակ էիր, անգիտության խավարում ու մահվան ստվերներում էիր նստած 1107, ահա արդարության Արեգակը 1108 քեզ վրա լույս է ծագեցնում, արթնացի՛ր, նո՛ր Երուսաղեմ, և զգեստավորվի՛ր բազկիդ զորությամբ 1109, արձակի՛ր կուռքերին կապված պարանոցիդ հանգույցը և մեղքերի փոշին թոթափի՛ր քեզնից 1110: Տե՛ս, եկել է քո փրկությունը, խոնարհեցրո՛ւ ունկդ դեպի Նրա պատգամները և մոռացի՛ր քո ժողովրդին և քո հոր տունը, քանզի Թագավորը ցանկացավ քո գեղեցկությունը 1111 և գալիս մտնում է քո առագաստը` զարդարելով քեզ պայծառ զգեստներով, որովհետև քո ճշմարիտ Թագավորն ու Տերն է, Ով [քեզ] ստեղծեց և արդարությամբ դատում ու հատուցում է ըստ [քո] գործերի:

    Բայց որպեսզի չկարծեն, թե [Տերն] այժմ է գալիս դատաստան անելու, [մարգարեն] ասում է. «Հեզ և հեծած էշ ու էշի քուռակ», որովհետև [Տերն Իր առաջին գալստյան մասին ասում է]. «Չեկա, որ աշխարհը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհը» (Հովհ. 12։47), քանի որ առաջին [գալուստը] հեզությամբ է, իսկ երկրորդը` սաստկությամբ: Նաև որպեսզի հրեաները չկարծեին, թե [Նա] Զորոբաբելն է 1112, որովհետև վերջինս արդեն եկել էր, այս մեկի մասին ասում է` «գալիս է», և որպեսզի երկրորդ [գալուստը] չկարծեին, ասում է, որ [Թագավորը] հեզ է և հեծել է էշ ու էշի քուռակ:

    Թեպետ ավետարանիչը մարգարեությունը համառոտ է հիշատակում, բայց մենք [պակասող բառերը] կվերականգնենք ու քննություն կկատարենք: [Մարգարեն] ասում է. «Ահա քո Թագավորը քեզ մոտ է գալիս, արդարն ու փրկիչը», և նույնն էլ «հեզ է և հեծել է էշ ու մատղաշ քուռակ»: «Արդար» է կոչվում, որովհետև բոլորին հավասարապես է նախախնամում և մարդեղանալով` հավասար բաշխեց շնորհն ըստ [մարդկանց] հավատի և արդար կլինի դատելու մեջ: Մեր թշնամուն վայր գցեց և մեզ Իր հանդեպ հույսով բարձրացրեց: Այլև «արդար» է կոչվում` բոլոր առաքինությունների աղբյուրը լինելով` ըստ Ամբակումի. «Նրա առաքինությունները ծածկեցին երկինքը» (հմմտ. Ամբ. 3։3), կամ էլ` [Հիսուսը] Հայր Աստծուց մեզ համար եղավ արդարություն`ըստ առաքյալի 1113:

    Նրան «արդար» ենք կոչում այնպես, ինչպես որ խոսք պարգևելու պատճառով Խոսք ենք կոչում, լույս շնորհելու պատճառով` Լույս, կյանք ընծայելու պատճառով էլ Կյանք ենք կոչում. այդպես էլ արդարություն պարգևելու պատճառով Նրան «արդար» ենք կոչում: Իսկ «փրկիչ»` հին Իսրայելի համար` գերողներից, և ամբողջ աշխարհի համար` մեղքից ու սատանայից, որովհետև [Քրիստոսն] Աստծուց մեզ համար փրկություն եղավ` ըստ այսմ. «Կուղարկի մի մարդու, ով կփրկի մեզ» (հմմտ. Ես. 19։20), և` «Սիոնից փրկիչ կգա» (Ես. 59։20): Նույնը [նաև] հեզ է. նախ` որովհետև ոչ թե անձամբ, այլ Հորից և Հոգուց [դրդվելո՛վ] առաջ եկավ հրաշքներ գործելու և ուսուցանելու` ըստ հեզության Հոգու, Ով իջավ Նրա վրա: Երկրորդ` որովհետև լռեց Պիղատոսի առաջ` ըստ այսմ. «Չի աղաղակի և չի վիճի, այլ իբրև ոչխար` սպանվելու կտարվի» (հմմտ. Ես. 42։2, 53։7): Եվ երրորդ` որովհետև [Իր] օրենքը հաճելի հաստատեց. «Սովորե՛ք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11։29), որովհետև ո՛չ, ինչպես Սինայում, զարհուրեցնելով է խոսում Թագավորը, այլ Սիոնում` քաղցր վարդապետությամբ:

    «Հեծած,-ասում է [մարգարեն],-էշ և էշի քուռակ»: Սա թեպետ [Հիսուսի] խոնարհությունն է ցույց տալիս, սակայն մեզ ուսուցանելու օրինակ է: Ինչպես ամենուր գործերով խրատեց մեզ չափավոր լինել, այդպես էլ այստեղ, որպեսզի կանոններ ու սահմանումներ հաստատեր անհրաժեշտ բաներով բավարարվելու համար, որովհետև [Ինքն էլ] ծնվելիս ոչ գեղեցիկ ապարանքներ կամեցավ, ոչ էլ երևելի մայր, այլ մի փոքր աղջնակից ծնվեց մի խուղի մեջ, և որպես աշակերտներ ընտրեց ո՛չ ճարտարներին, բանիբուններին, հարուստներին ու ազնվականներին, այլ տգետներին ու աղքատներին: Սեղանը պատրաստում էր ո՛չ ճոխաբար, այլ գարեղեն նկանակներով, և նստում էր ոչ թե աթոռներին ու բարձերին, այլ որպես բազմոցի վրա` խոտին կամ գետնին, ինչպես [արեց] լեռան վրա և աղբյուրի մոտ 1114: Եվ սգալու համար միայն արտասուք սահմանեց: Նույն կերպ էլ այժմ ոչ թե ձիերի ու ջորիների վրա նստեց, այլ միայն մի իշուկի, որպեսզի եթե [մեր] տկարության կամ երկար ճանապարհի համար [էշ] պիտանի լինի, մեր կարիքն այդքանով բավարարենք, ինչպես շատերը, որ հեծնում են էշ և էշի քուռակ, և ավելի շատ պերճություն չփնտրենք:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

4-5. Բայց այս բոլորը եղաւ, որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, որ ասում է. «Ասացէ՛ք Սիոնի դստերը, ահա դէպի քեզ է գալիս քո թագաւորը՝ հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ»:
   
    Երբ Հիսուս ժողովրդի մեջ երևաց էշին հեծած, կարծես հանդիսավոր ցույցը նոր փայլ առավ և ժողովրդի խանդավառությունը հասավ գագաթնակետին։ Էշին հեծնելը անարգանք չէր, ինչպես այսօր մենք ենք կարծում մեր ժամանակի գաղափարներով։ Հին ժամանակներում էշը սովորական հեծնելու կենդանի էր, թեև երիվարից ավելի ցածր, բայց ինքնըստինքյան ոչ ստորին, քանի որ ձին հարավային երկրներում միայն թագավորների ու իշխանների սեփական բացառիկ առավելությունն էր։ Եգիպտոսում և Պաղեստինում այսօր ևս էշ հեծնելը պատվավոր հանգամանք է։ Հիսուս էլ սովորական համարված պատվավոր ձևը գործածեց՝ բացառիկ բարձրությունից համեստորեն խուսափելով։ Ժողովուրդն էլ նույն զգացումով սկսեց առատացնել պատվի ու փառաց նշանները։ Առաջին նշանը ամենքի ձեռքերում կանաչ ոստեր ունենալն էր, որոնք կտրում էին Ձիթենյաց լեռան ծառերից և ձիթենու ոստն էր ամենից շատ երևացողը, թեպետ արմավենու ոստեր էլ կային, ինչպես հիշատակում է Հովհաննեսը։ Ճիշտ է, այժմ այդ կողմերում արմավենին առատ չէ, սակայն հին ժամանակներում բավականին կար, ինչպես Եզրի ժամանակ, երբ Տաղավարահարաց տոնին արմավենու գործածման մասին է հիշատակվում Նեեմ․ 8:15, և Բեթանիայի շուրջը, որի անունը լավագույն ստուգաբանությամբ Տուն արմաւի է թարգմանվում։ Ձեռքներում բռնելուց զատ, ճանապարհն էլ էին ծածկում կանաչ ոստերով։ Խանդավառության ամենաթեժ պահին անգամ հագների հագուստները որպես գորգ փռում էին Հիսուսի անցնելիք տեղերում։ Արտաքին ցուցադրանքներից ավելի նշանավոր էին երգված օրհնությունները․ «Ովսաննա բարձրելոյն: Օրհնութիւն որդւոյ Դաւթի: Օրհնեալ որ գայ յանուն Տեառն: Օրհնութիւն ի բարձունս: Օրհնեալ որ գասդ յանուն Տեառն: Օրհնեալ թագաւորութիւնդ եկեալ հօր մերոյ Դաւթի: Խաղաղութիւն յերկինս եւ փառք ի բարձունս: Ովսաննա»։ Բոլորն էլ միանման իմաստ ունեին, ինքնաբերաբար բխած հառաչանքների արտահայտություններ և Աստծուն ուղղված օրհնություններ, որոնք երգվում էին մեծ հաջողության առիթով՝ իբրև խնդության նշան։ Հրեական սովորությամբ Ովսաննա եբրայերեն բառն այսպիսի առիթների համար նվիրագործված բառ էր և գործածվում էր կարևոր առիթներով, և ժողովուրդն այդ մեծ առիթին էլ կրկնում էր՝ վկայելով Հիսուսի նկատմամբ իր մեծ ըմբռնումը։ Ենթադրվում է, որ այս բառի նախնական ձևն է Ովսիանա, որ թարգմանվում է Աղաչեմ փրկեա։ Սակայն ի վերջո վերցվել է Ովսաննա ձևը։ Ըստ այդմ փոխվել է նաև բառի նշանակությունը, որ է՝ Օրհնեսցի, Օհնեալ լիցի։ Հենց այս իմաստով էլ գործածվում է քրիստոնյաների կողմից և ամեն մի եկեղեցում կիրառվում է անխտիր։ Այդ օրհնաբանությունների իմաստն ընդհանուր առմամբ ցույց է տալիս ժողովրդի կողմից Հիսուսին իբրև Մեսիա ճանաչելու զգացումը, ինչը որ զգացվում է նաև ասված յուրաքանչյուր բառից և պարզաբանման տեղիք չի տալիս։ Այսպիսի խանդավառության ցույց կամեցան անել գալիլիացիները, Բեթսայիդաի անապատում, հացերի հրաշքից հետո (Մատթ. 14:22-23): Այն ժամանակ, Հիսուս խույս տալով, ցույցն արգելեց, մինչդեռ այս անգամ հոժարությամբ համակերպվեց և հեծյալ վիճակն էլ ավելացրեց, որովհետև խաչի մահվանից առաջ Իր մեսիայության ճշմարտացիությունը պիտի վկայվեր աշխարհի առաջ։ Ղուկասի Ավետարանում կարդում ենք, թե օրհնաբանողների մեջ էր «Ամենայն բազմութիւն աշակերտացն», որ, առանձնացնելով ժողովրդից, հասկանում ենք, թե խոսքը վերաբերվում է Տասներկուսին։ Հայտնի է դառնում, որ նրանք ևս, ձայնակցելով ժողովրդի երգերին, սկսել էին ուրախութեամբ օրհնել զԱսուած ի ձայն մեծ։ Վերջապես նկատելի է Մատթեոսի ու Հովհաննեսի կողմից դիտված մարգարեության կատարումը։ Զաքարիան գրում է․ «Ահա թագաւոր քո գայ քեզ, հեզ եւ հեծեալ յէշ եւ յաւանակի իշոյ», կամ՝ ըստ բնագրի ««Ահա թագաւոր քո գայ առ քեզ, արդար եւ փրկիչ, նոյն հեզ, եւ հեզ եւ հեծեալ ի վերայ իշոյ եւ յավանակի նորոյ» Զաք․ 9:9: Այս առիթով էլ կատարվում էր մարգարեությունը։ Սակայն Հովհաննեսը խոստովանում է, թե այն ժամանակ այս մասին չհիշեցին, այլ զգացին միայն Հիսուսի Հարությունից հետո․ «Յայնժամ յիշեցին թէ այն էր որ գրեալն էր վասն նորա, եւ զայն արարին նմա»։