Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:12

Հովհաննես Ծործորեցի

Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի:

 

   Եվ անօրինության շատացման պատճառով շատերի սերը կցամաքի:

   Սա հույժ դժվար է, երբ և գործերով աղտոտվում են, և սիրո մխիթարությունը չեն ունենում, որովհետև ինչպես որ երբ հեղեղներ են հորդում, աղբյուրները չորանում են, այդպես էլ անօրինության շատացման հետ սերը կնվազի: Սակայն ոչ թե բոլորի, այլ շատերի, որովհետև ովքեր նեղ ու անձուկ ճանապարհով են գնում, նրանցը չի ցամաքի, քանի որ սիրո նվազման պատճառը ոչ այլ ինչ է, քան ագահությունն ու ժլատությամբ լի կյանքը: Ատելով շատերին` հափշտակում ու հղփանում են և ուրիշներին չտալով` իրենց ճոխության համար ժլատ են դառնում, որով էլ սերը պակասում է: Իսկ ովքեր աշխարհից հրաժարվել են, հակառակն են գործում` շատերին ցավակից լինելով և առհասարակ բոլորին սիրելով: [Այս խոսքը] հասկացվում է նաև այսպես. անօրենների պատճառած վշտերի շատանալու արդյունքում շատերն աղքատության պատճառով տկարանում են սիրո մեջ. սրանք գայթակղվածներն են:
   

Ստեփանոս Սյունեցի

Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի:

   
   «Եվ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերը պիտի ցամաքի»:

   «Շատերի» է ասում և ո՛չ բոլորի, քանզի չպիտի ցամաքի նրանց [սերը], ովքեր գնում են նեղ ու անձուկ ճանապարհով:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 24:9