Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:35

Հովհաննես Ծործորեցի

Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»::
   

    Պետրոսն ասաց Նրան. «Թեկուզ Քեզ հետ մեռնել հասնի, Քեզ չեմ ուրանա»: Այդպես էին ասում նաև բոլոր աշակերտները:

    Ղուկասը հայտնապես ցույց է տալիս, թե Քրիստոսը որքա՛ն վստահ էր Իր վճռի մեջ, և որ Պետրոսն էլ նույնչափ ընդդիմանում էր` կամ Նրա հանդեպ ունեցած անսահման սիրո զգացումից, որով թեպետ ո՛չ այդ ժամանակ, բայց հետո մեռավ Նրա համար, կամ էլ` որովհետև ազատվեց մատնության կասկածից և մատնիչին հանդիմանված տեսավ, ուստի դրանից հետո խիզախելով և մյուսներից ավելի փքվելով` ասաց.

    «Թեկուզ Քեզ հետ մեռնել հասնի, Քեզ չեմ ուրանա»:

    Այդ պատճառով էլ [Տերը] կասեցրեց նրան. ոչ թե հենց Ինքը նրան մղեց գցեց ուրացության մեջ, քա՛վ լիցի, այլ լոկ հեռացրեց Իր օգնությունը, որը [Պետրոսը] չխնդրեց, հանդիմանելով մեր մարդկային բնության տկարությունը: Սրանից կրոնական մեծ իմաստություն ենք սովորում. այն, որ միայն մարդու հոժարությունը բավական չէ բարի գործի իրականացման համար, եթե Աստված չսատարի: Նաև եթե վայելում ենք վերին օգնականությունը, իսկ ինքներս հոժարություն չունենք, դարձյալ կորստյան ենք մատնվում: Այս երկուսն էլ Հուդան ու Պետրոսն են ցույց տալիս. Հուդան վայելեց [Աստծո] խնամքը, բայց օգուտ չստացավ, որովհետև չկամեցավ իր փրկությունն ու ինքն էլ իր կողմից չնպաստեց դրան, իսկ Պետրոսը, թեպետ կամեցավ, բայց մի բանի մեջ [Աստծո] օգնությունը չվայելելով` ինքն էլ գլորվեց: Որովհետև առաքինությունն այս երկուսից է հյուսվում ու գործվում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:33