Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:64

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Յիսուս նրան ասաց. «Դու ասացիր: Բայց ասում եմ ձեզ. այսուհետեւ մարդու Որդուն կը տեսնէք նստած ամենազօր Աստծու աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով»:
   

    Հիսուսն ասաց նրան. «Դո՛ւ ասացիր»:

    Թեպետ խոսեց, քանի որ երդմամբ հարցրին, բայց չասաց` Ես եմ, այլ` «Դո՛ւ ասացիր»: Հետևաբար, նրանք գիտեին, որ Քրիստոսն Աստծո Որդին է` սովորած լինելով մարգարեներից` ըստ այսմ. «Մարդկանց մեջ ցույց է տալիս Իր օծյալին» (հմմտ. Ամովս 4։13), և` «Մեր երեսի հոգին Տեր Քրիստոսն է» (Ողբ 4։20), այսինքն` օծյալը: Ուրիշ կերպ ևս [կարելի է մեկնել]. ինչ որ Ինձնից ես պահանջում երդմամբ ասել, դա դու ինքդ ասացիր: Ուստի եթե Իմ մասին այդ կարծիքը չունես, ինչո՞ւ ես այդպես տագնապում: Բայց որպեսզի չկարծեին, թե [Քրիստոսն] Ինքը չէ, խոնարհության պատճառով հրաժարվում է ասել «Ես» և ասում է. «Դո՛ւ ասացիր», որով ասվածը ճշմարիտ է ցույց տալիս:

    Բայց Ես ասում եմ ձեզ. այսու հետև կտեսնեք Մարդու Որդուն նստած Զորության աջ կողմում և երկնքի ամպերով գալիս:

    Դանիելի մարգարեությունն է հիշեցնում, որ ասաց. «Տեսա, և ահա աթոռներ ընկան, և Հինավուրցը նստեց», և` «Իբրև մարդու որդի գալիս էր երկնքի ամպերով» (Դան. 7։9, 13), որպեսզի ցույց տա, որ ոչ միայն Ինքը Քրիստոսն է, այլև որ` «Նա, Ում դուք [Հորը] հակառակ եք կարծում, հույժ միաբան է Հոր հետ, այնքան, որ Նրա աջ կողմում է նստում և կրկին գալու է` դատելու աշխարհը»:

    Իսկ «այսուհետև» է ասում ո՛չ ըստ Իր աստվածության, որն անբաժանելիորեն միշտ Հոր աջ կողմում է, այլ ըստ մարմնի, որն առավ, ինչպես որ ասաց` «Մարդու Որդին», ում շնորհեց նստել մահվան միջոցով` ըստ առաքյալի. «Մեր մեղքերի մաքրությունը գործելուց հետո նստեց Մեծության աջ կողմում` բարձունքներում» (Եբր. 1։3): Եվ` «Ելնելն ի՞նչ է, եթե ոչ` որ նախ իջավ երկրի ստորին կողմը», և «Ով ելավ ամեն ինչից վեր, որպեսզի լցնի ամեն ինչ» (Եփես. 4։9-10): Դավիթն էլ է Հոգով գրում. «Նստի՛ր Իմ աջ կողմում, մինչև թշնամիներիդ Քո ոտքերի համար պատվանդան դնեմ» (Սաղմ. 109։1): Որովհետև «Նստիր աջ կողմում» ասելով` [Հայրը] ցույց է տալիս, որ Իր Քրիստոսը 1539 Դավթի Տերն է: Նաև երկնքի ամպերով է գալու, որովհետև ինչպես որ բարձրացավ, այդպես էլ գալու է` ըստ հրեշտակների խոսքի 1540, որպեսզի ճանաչեն, որ Նա է: Կամ էլ «ամպ» է կոչում Իր մարմինը կամ հրեշտակներին, ամպով ցույց տալիս նաև վերևից գալը Իր երկրորդ Երևման ժամանակ և ոչ թե երևալը կնոջից կամ երկրի վրա, ինչպես առաջինի ժամանակ:

    Իսկ ի՞նչ է«Զորության աջ կողմում» ասելը: Կամ Հոր [աջ կողմում], ինչպես ասվեց, կամ էլ Հոր աջն ու զորությունը Միածին Որդին է` ըստ այսմ. «Քո աջն ու Քո բազուկը» (Սաղմ. 43։4), և` «Տիրոջ աջն ինձ համար զորություն գործեց» (հմմտ. Սաղմ. 117։16):

    Բայց քննելու կարիք կա, թե ինչո՛ւ [Տերն] այս պատասխանը տվեց: Որպեսզի պատասխան տալու ամեն [հնա րավորություն] վերցներ նրանցից մինչև վերջին օրը` սովորեցնելով, որ Ինքն է Քրիստոսը, Ով նստում է Հոր աջ կողմում, որպեսզի չասեին թե` «Չիմանալով սպանեցինք, քանի որ երբեք չլսեցինք Նրանից»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Յիսուս նրան ասաց. «Դու ասացիր: Բայց ասում եմ ձեզ. այսուհետեւ մարդու Որդուն կը տեսնէք նստած ամենազօր Աստծու աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:63