Փեսան ասում է իր եւ Հարսի մասին.
- 1. «Ես դաշտերի ծաղիկ եմ,
հովիտների շուշան:
2. Ինչպէս շուշանն է փշերի մէջ,
այնպէս էլ իմ սիրելին է դուստրերի մէջ»:
Հարսն ասում է Փեսային.
- 3. «Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ,
այնպես էլ իմ սիրեցեալն է տղաների մէջ:
Ցանկացայ նստել նրա հովանու տակ եւ նստեցի.
եւ քաղցր է նրա պտուղն իմ կոկորդում»:
Հարսն ասում է օրիորդներին.
- 4. «Դուք ինձ խնջոյքի սենեա՛կը տարէք,
եւ թողէ՛ք մնամ ես իմ սիրոյ հետ:
5. Զօրացրէ՛ք ինձ իւղերով եւ խնձո՛ր դիզեցէք վրաս,
քանզի այրւում եմ խանդակաթ սիրով:
6. Թող նրա ձախը լինի գլխիս տակ,
եւ աջը նրա թող գրկի ինձ»:
Հարսն ասում է օրիորդներին.
- 7. «Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր,
հողի եւ հանդի զօրութեան վրայ,
որ երբ վեր կենաք,
դուք իմ սիրածին չէք արթնացնի,
մինչեւ որ ինքը չկամենայ»:
Լսում է Փեսայի ձայնը եւ ասում.
ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ
- 8. «Իմ սիրեցեալի ձայնն է.
ահա գալիս է նա,
վազքով անցնում է լեռների վրայով
եւ ցատկոտում բլուրների վրայ:
9. «Իմ սիրեցեալը նման է այծեամի
կամ եղնիկի հորթերի,
որ լինում են Բեթէլի լեռներում»:
Հարսն օրիորդներին պատմում է, թէ ինչպիսին է Փեսան եւ ասում.
- «Ահա նա կանգնած է մեր պատի յետեւում,
եւ ձգուելով դէպի պատուհանները՝ նայում է ճաղերից:
10. Ինձ պատասխան է տալիս իմ սիրեցեալը եւ ասում՝
«Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի:
11. Ահա ձմեռն անցաւ,
անձրեւները անցան-գնացին,
ծաղիկները երեւացին մեր երկրում,
12. էտելու ժամանակը հասաւ,
տատրակի ձայնը լսուեց մեր երկրում:
13. Թզենին իր բողբոջն արձակեց,
ծաղկած որթերը տարածեցին իրենց հոտը:
14. Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի:
Ո՛վ իմ աղաւնեակ,
դու, որ պատսպարուել ես վէմի հովանու տակ,
ցո՛յց տուր քո երեսն ինձ
եւ լսելի՛ դարձրու ինձ քո ձայնը,
քանզի քաղցր է քո ձայնը,
եւ գեղեցիկ է երեսը քո»:
Փեսան այսպէս է ասում օրիորդներին.
- 15. «Բռնեցէ՛ք փոքրիկ աղուէսներին,
որ ապականում են այգիները,
որպէսզի ծաղկեն մեր որթերը»:
Հարսն ասում է այսպէս.
- 16. «Իմ սիրեցեալն իմն է, իսկ ես՝ նրանը.
նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ,
17. քանի դեռ ցերեկը կը լուսաւորի,
եւ դեռ կը շարժուեն ստուերները:
Վերադարձի՛ր, ո՛վ իմ սիրեցեալ,
այծեամի պէս կամ եղնիկների հորթերի նման,
որ լինում են խնկաբեր լեռների վրայ»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: