Գիրք` 27. Երգ Երգոց

Գլուխ 3

ՄԱՐԴԸ
   

    1. «Գիշերն անկողնուս մէջ փնտռեցի
    իմ հոգու սիրածին,
    փնտռեցի նրան, բայց չգտայ,
    կանչեցի, բայց ինձ ձայն չտուեց
    2. Վեր կենամ, շրջեմ քաղաքում,
    անցնեմ փողոցներ ու հրապարակներ
    եւ փնտռեմ նրան՝ իմ հոգու սիրածին:
    Փնտռեցի նրան, բայց չգտայ,
    կանչեցի նրան, բայց ինձ ձայն չտուեց:
    3. Քաղաքում շրջող պահապանները հանդիպեցին ինձ»:

Հարսն ասում է պահապաններին.

    «Արդեօք չէ՞ք տեսել իմ հոգու սիրածին»:
    4. Երբ նրանցից փոքր-ինչ անցայ,
    ես գտայ իմ հոգու սիրածին:

Գտնելով Փեսային՝ ասում է.

    «Բռնեցի նրան եւ բաց չթողեցի,
    մինչեւ որ նրան իմ մօր տունը չտարայ
    եւ այն սենեակը, ուր իմ մայրն յղիացել է ինձնով»:

Հարսն օրիորդներին երդուեցնում է երկրորդ անգամ.

    5. «Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր,
    հողի եւ հանդի զօրութեան վրայ,
    որ երբ վեր կենաք,
    դուք իմ սիրածին չէք արթնացնի,
    մինչեւ որ ինքը չկամենայ»:

Փեսան ասում է Հարսի մասին. 
   
ԵՐՐՈՐԴ ԵՐԳ
ԿԻՆԸ
   

    6. «Ո՞վ է սա, որ ելել գալիս է անապատից,
    բարձրանալով, ինչպէս ծառացած ծուխ,
    ինչպէս զմուռսի եւ կնդրուկի
    եւ ամէն տեսակ իւղերի փոշու սիւն»:

Օրիորդներն այսպէս են ասում. 

    7. «Ահա Սողոմոնի գահաւորակը.
    նրա շուրջը Իսրայէլի վաթսուն սպառազէն քաջեր են կանգնած,
    8. բոլորն էլ սուսերաւորներ եւ հմուտ պատերազմողներ,
    եւ իւրաքանչիւրը սուր ունի ազդրին՝
    գիշերուայ արհաւիրքների համար:
    9. Սողոմոն արքան իր համար գահաւորակ պատրաստեց
    Լիբանանի մայրի փայտերից
    10. նրա սիւները շինեց արծաթից,
    նրա սնարները՝ ոսկուց,
    իսկ ձեղունը՝ ծիրանի կերպասից:
    Նրա ներսը ակնազարդ է,
    Երուսաղէմի դուստրերի սէրն է սփռուած:
    11. Ելէ՛ք, ո՜վ Սիոնի դուստրեր,
    եւ նայեցէ՛ք Սողոմոն արքային ու նրա պսակին,
    որով մայրը նրա հարսանիքի օրը՝
    իր որդու սրտի ուրախութեան օրը պսակեց նրան»: