Ծննդոց գրքի մեկնություն 37:5

Ա. Լոպուխին

5-11․ Երազ տեսավ Հովսեփն ու այն պատմեց իր եղբայրներին: Դրա համար եղբայրները առավել ևս ատեցին նրան: [5] Նա ասաց նրանց. «Լսեցե՛ք իմ տեսած երազը: Թվում էր, թե մի դաշտում հասկերի խուրձ էինք կապում: Իմ խուրձը բարձրացավ, կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը դարձան ու երկրպագեցին իմ խրձին»: Եղբայրները նրան ասացին. «Մի՞թե որպես թագավոր պիտի թագավորես մեզ վրա, կամ տեր դառնալով՝ պիտի տիրե՞ս մեզ»: Եվ նրանք առավել ևս ատեցին նրան այդ երազների ու խոսքերի համար: Նա տեսավ մի այլ երազ ևս և այն պատմեց իր հորն ու եղբայրներին: Նա ասաց. «Ահա մի այլ երազ ևս տեսա: Իբրև թե արեգակն ու լուսինը և տասնմեկ աստղեր երկրպագում էին ինձ»: Հայրը սաստեց նրան ու ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես: Հիմա ես, քո մայրը և եղբայրները պիտի գանք և երկրպագե՞նք քեզ»: Վրդովվեցին նրա եղբայրները, բայց հայրը մտքում պահեց նրա պատմածը: (Սինոդական թարգ․)
   
   Բայց նրանց ատելությունը գագաթնակետին հասավ, երբ Հովսեփը միամտաբար պատմեց նրանց իր երկու մարգարեական երազները, որոնք կանխատեսում էին, որ նրա եղբայրները և անգամ հայրը  ապագայում հնազանդվելու էին իրեն: Առաջին երազն իր բովանդակությամբ արտացոլում է հողագործությունը, որով, ինչպես հայտնի է (Ծննդ. 26:12),  նահապետները արդեն զբաղվում էին անասնապահության հետ մեկտեղ: Բովանդակությունը բավականին պարզ էր, որի համար էլ եղբայրները, հասկանալով այս առաջին երազի իմաստը, առավել զայրույթով լցվեցին: Հավատը  երազների իրագործման և նշանակության հանդեպ  այստեղ, ինչպես նաև Աստվածաշնչում ակնհայտ է (Հոբ 33։14–18, Դատ. 7։9–15,  Գ Թագ. 3։5–15 և այլն), սակայն միայն Հովսեփի պատմության մեջ է երևում երկակի երազների էությունը (տվյալ հատվածում Հովսեփի մեկնությունները` փարավոնի սեղանապետի  և հացթուխի մասին), որը Ծննդ. 41:32–րդ  համարում  Հովսեփն անձամբ այսպես է բացատրում, որ երկու երազների տարբեր ձևով կրկնվելը նշանակում է, որ այն հաստատապես կատարվելու է մոտ ապագայում (այս խուրձի երազի մեջ Միդրաշը  տեսնում է ոսկե հորթերին պաշտամունք մատուցելը, որը Հովսեփի հետնորդ Հերոբովամն էր  առաջ քաշել (Գ Թագ. 12։28, 32): Երկրորդ երազը  ուշադրության է հրավիրում հորը, որը  դրան առեղծվածային նշանակություն է տալիս (հ. 11), չնայած որ Հովսեփին նախատում է նրա համար, որ հայրը, մայրը երկրպագում են որդուն, իսկ ավագ եղբայրները` կրտսեր եղբորը, որը, ըստ Արևելքի, անհեթեթություն էր (նկատի ունենալով Արևելքում սովորական դարձած փոքրերի մեծագույն հարգանքը ավագների հանդեպ):
«Քո մայրը» (հ. 10) արտահայտությունը Ռաքելին չէր ուղղված, քանի որ նա արդեն մահացել էր. այն ուղղված էր կա՛մ Բալլային, որը փոխարինել էր Ռաքելին՝ մայր դառնալով Հովսեփին (ըստ եբրայական մեկնության), կա՛մ էլ Լիային, որին  այժմ մայր էին կոչում Ռաքելի որդիները: Մեկնիչները «մայր» բառի մեջ տեսնում են հենց Ռաքելին  կամ էլ ենթադրում են, որ 37–րդ գլխում նկարագրվածների կեսը, այդ թվում նաև երազները  կատարվել են Ռաքելի կենդանության օրոք, կամ էլ (ենթադրելով, որ Ռաքելն արդեն մահացել է) Հակոբի բառերի մեջ՝ «հիմա ես, քո մայրը…պիտի գանք»,  տեսնում են, այսպես կոչված,  reductio ad absurdum արտահայտությունը: «Չէ՞ որ մայրդ մահացել է, ե՞րբ և ինչպե՞ս նրա հետ երկրպագեմ քեզ: Ակնհայտ է, որ երազը խաբուսիկ է»: Սակայն հոգու խորքում Հակոբը հակառակ համոզմունքն ուներ: Երանելի Թեոդորիտը եղբայրների ատելության պատճառները Հովսեփի հանդեպ մեկտեղում է հետևյալ խոսքերով. «Հովսեփը հոր սիրելին էր, որպես ուշ ծնվածի, իբրև Ռաքելի որդի, և նաև իր առաքինությամբ աչքի ընկնող: Ուստի եղբայրները, տեսնելով նրա գերապատվությունը, նախանձով լցվեցին և առաջին հերթին փորձեցին տրամադրել հորը նրա հանդեպ՝ բազմիցս զրպարտելով Հովսեփին, սակայն իրենց նպատակին չհասնելով՝ որոշեցին սպանել, բայց խորհրդակցությունից հետո վաճառեցին նրան: Խրձերի երազը ցորենը  երկրպագելու նախանշան է» (պատ. 96–րդ հարց.):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Երազ տեսաւ Յովսէփն ու այն պատմեց իր եղբայրներին: Դրա համար եղբայրները առաւել եւս ատեցին նրան:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփը մի երազ տեսավ, որը պատմեց իր եղբայրներին, ու նրանք ավելի ատեցին իրեն:
(Գրաբար) Եւ ետես երազ Յովսէփ` եւ պատմեաց եղբարց իւրոց. եւ յաւելին եւս ատել զնա: