Հովսեփի երազները
1. Եվ Հակոբը բնակվեց իր հոր պանդխտության երկրում՝ Քանանի երկրում:
2. Սրանք են Հակոբի սերունդները: Հովսեփը տասնյոթ տարեկան էր, երբ իր եղբայրների հետ արածեցնում էր հոտերը: Եվ պատանի լինելով՝ իր հոր կանանց՝ Բաղղայի ու Զեղփայի որդիների հետ էր: Եվ Հովսեփը նրանց մասին չար լուրերը հայտնում էր իրենց հորը:
3. Եվ Իսրայելն իր բոլոր որդիներից ամենից շատ սիրում էր Հովսեփին, որովհետև նա իր ծեր հասակում ունեցած որդին էր: Եվ նրա համար թևքերով պատմուճան էր պատրաստել:
4. Երբ նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան իրենցից ավելի էր սիրում, ատեցին նրան ու չէին կարողանում խաղաղությամբ խոսել նրա հետ:
5. Եվ Հովսեփը մի երազ տեսավ, որը պատմեց իր եղբայրներին, ու նրանք ավելի ատեցին իրեն:
6. Եվ ասաց նրանց. «Լսե՛ք, խնդրեմ, այն երազը, որ ես տեսա:
7. Ահա մենք դաշտում հասկի խրձեր էինք կապում: Իմ խուրձը բարձրացավ և ուղիղ կանգնեց, իսկ ահա ձեր խրձերը կանգնեցին նրա շուրջը և երկրպագեցին իմ խրձին»:
8. Եվ նրա եղբայրներն ասացին նրան. «Մի՞թե թագավորելու կամ տիրելու ես մեզ»: Եվ նրա երազների ու խոսքերի համար առավել ատեցին նրան:
9. Եվ մեկ ուրիշ երազ էլ տեսավ ու պատմեց իր եղբայրներին՝ ասելով. «Մի երազ էլ տեսա. ահա արեգակն ու լուսինը և տասնմեկ աստղեր ինձ երկրպագություն էին անում»:
10. Եվ պատմեց իր հորն ու եղբայրներին: Եվ հայրը հանդիմանեց նրան ու ասաց. «Այս ի՞նչ երազ է, որ տեսել ես: Մի՞թե ես, քո մայրը, քո եղբայրները իսկապես պետք է գանք ու մինչև գետին քո առջև խոնարհվենք»:
11. Եղբայրները նախանձությամբ լցվեցին նրա հանդեպ, սակայն հայրն իր մտքում պահեց այս խոսքերը:
Եղբայրները վաճառում են Հովսեփին, և նրան տանում են Եգիպտոս
12. Եվ նրա եղբայրները իրենց հոր հոտերը տարան Սյուքեմ՝ արածեցնելու:
13. Եվ Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա քո եղբայրները Սյուքեմում արածեցնում են հոտերը: Ե՛կ քեզ նրանց մոտ ուղարկեմ»: Եվ նա ասաց. «Ահա այստեղ եմ»:
14. Եվ նա ասաց նրան. «Գնա տե՛ս, թե առո՞ղջ են քո եղբայրներն, ու ո՞ղջ են հոտերը, և ինձ մի լուր բեր»: Եվ Քեբրոնի հովտից նրան ուղարկեց այնտեղ, և նա էլ Սյուքեմ եկավ:
15. Եվ մի մարդ գտավ նրան դաշտում՝ մոլորված թափառելիս: Այդ մարդը հարցրեց նրան՝ ասելով. «Ի՞նչ ես փնտրում»:
16. Եվ նա պատասխանեց. «Իմ եղբայրներին եմ փնտրում: Ասա՛ ինձ, խնդրեմ, որտե՞ղ են նրանք արածեցնում»:
17. Եվ այն մարդն ասաց. «Նրանք գնացին այստեղից: Լսեցի, որ ասում էին. “Գնանք Դոթայիմ”»: Եվ Հովսեփը գնաց իր եղբայրների ետևից ու Դոթայիմում գտավ նրանց:
18. Եվ դեռ չմոտեցած՝ եղբայրները հեռվից տեսան նրան և դավադրաբար որոշեցին սպանել նրան:
19. Եվ միմյանց ասացին. «Ահա գալիս է այն երազատեսը:
20. Եկեք սպանենք նրան, նետենք մի հորի մեջ և ասենք, թե մի չար գազան կերավ նրան: Եվ տեսնենք, թե ինչ կլինեն նրա երազները»:
21. Երբ Ռուբենն այս լսեց, Հովսեփին ազատեց նրանց ձեռքից՝ ասելով. «Չսպանե՛նք նրան»:
22. Ռուբենն ասաց նրանց. «Արյուն մի՛ թափեք: Նրան նետեք այս անապատի մի հորի մեջ, և ձեռք մի՛ տվեք նրան», որպեսզի ազատեր նրան եղբայրների ձեռքից և վերադարձներ իր հորը:
23. Եվ հենց Հովսեփը մոտեցավ իր եղբայրներին, վրայից հանեցին հանդերձը՝ թևքերով պատմուճանը,
24. Եվ նետեցին մի հորի մեջ: Հորը դատարկ էր, ու մեջը ջուր չկար:
25. Եվ նստեցին հաց ուտելու: Եվ բարձրացրին իրենց աչքերը ու տեսան, որ ահա իսմայելացիների մի քարավան էր գալիս Գաղաադից և ուղտերը, բեռնված բուրավետ բույսերով, բալասանով և զմուռսով, գնում էր դեպի Եգիպտոս:
26. Եվ Հուդան ասաց իր եղբայրներին. «Ի՞նչ օգուտ, եթե մեր եղբորը սպանենք ու նրա արյունը թաքցնենք:
27. Եկեք նրան վաճառենք իսմայելացիներին, ու թող մեր ձեռքը չդիպչի նրան, որովհետև նա մեր եղբայրն է ու մեր մարմինը»: Եվ նրա եղբայրները համաձայնվեցին:
28. Եվ մադիանացի վաճառականներ էին անցնում: Եղբայրները Հովսեփին դուրս հանեցին հորից և նրան քսան արծաթով վաճառեցին իսմայելացիներին, և նրանք էլ Հովսեփին Եգիպտոս տարան:
Հակոբի սուգը
29. Եվ երբ Ռուբենը վերադարձավ հորի մոտ և տեսավ, որ Հովսեփն այնտեղ չէր, պատառոտեց իր հանդերձները:
30. Եվ դարձավ իր եղբայրներին ու ասաց. «Տղան չկա, այժմ ես ո՞ւր գնամ»:
31. Եվ վերցրին Հովսեփի պատմուճանը, այծերից մի նոխազ մորթեցին և պատմուճանը թաթախեցին արյան մեջ:
32. Եվ թևքերով պատմուճանը տարան հասցրեցին իրենց հորը և ասացին. «Սա գտել ենք: Արդ, ճանաչի՛ր, սա քո որդու պատմուճա՞նն է, թե ոչ»:
33. Եվ նա ճանաչեց այն ու ասաց. «Սա իմ որդու պատմուճանն է: Մի չար գազան կերել է նրան: Հովսեփն, անշուշտ, հոշոտվել է»:
34. Եվ Հակոբը պատառոտեց իր հանդերձները, իր մեջքին քուրձ հագավ ու շատ օրեր սգաց իր որդու համար:
35. Եվ նրա բոլոր որդիներն ու բոլոր դուստրերը եկան նրան մխիթարելու, բայց նա չէր ուզում մխիթարվել: Նա ասաց. «Ես սգով գերեզման՝ որդուս մոտ կիջնեմ»: Եվ նրա հայրը լաց եղավ որդու համար:
36. Եվ մադիանացիները Եգիպտոսում նրան վաճառեցին փարավոնի ներքինի Պետափրես դահճապետին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: