Երեմիայի մարգարեության մեկնություն 1:5

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Դեռ որովայնում քեզ չստեղծած՝ Ես ճանաչեցի քեզ, և արգանդից դեռ դուրս չեկած՝ Ես սրբեցի քեզ. ազգերի համար քեզ մարգարե կարգեցի»։ (Սինոդական թարգ.)[5]
   
   Այստեղ Տեր Աստծու խոսքն ունի ռիթմիկ կառուցվածք, և ամբողջ համարը բաժանվում է երեք մասի։

   «Ես ճանաչեցի քեզ». այստեղ նկատի է առնվում ոչ միայն մտավոր ճանաչողությունը, այլև այն գիտակցությունը, որը զուգորդվում է ճանաչվողի հանդեպ ունեցած հոգևոր բարեհաճությամբ և նախախնամ հոգածությամբ (հմմտ. Հռոմ. 8։29, 11:2, Ա Պետր. 1։20)։

   «Ես սրբեցի քեզ», այսինքն՝ Երեմիային առանձնացրի մյուս մարդկանց միջավայրից և նրանց հետաքրքրությունների ոլորտից՝ դնելով նրան Ինձ հետ հատուկ հարաբերությունների մեջ և նվիրեցի Իմ ծառայությանը։

   «Ազգերի համար քեզ մարգարե կարգեցի».  Ամոսը և Եսային արդեն մարգարեներ էին տարբեր ազգերի համար, բայց միայն Երեմիայի դեպքում էր այս հանգամանքը մղվում առաջին պլան՝ որպես նրա մարգարեական կոչման իսկությունը բնութագրող առանձնահատկություն (հմմտ. Երեմ. 1։10, 18։9, 25։15, 27։2, 36։2)։ Հենց այս հանգամանքով է հատկապես ընդգծվում նրա կոչման իրականությունը և մարգարեական ծառայության ճշմարտացիությունը։ Ըստ Երեմիայի՝ ճշմարիտ մարգարեները, անշուշտ, խոսում էին տարբեր ազգերի մասին (հմմտ. Երեմ. 28։8), իսկ ինքը ստիպված էր էլ ավելի հաճախ խոսել նրանց մասին՝ այդ կերպ ընդլայնելով իր ծառայության ասպարեզը: Մարգարեն մտածում էր, որ Բաբելոնի վասալ պետություն դարձած Հուդայի թագավորությունն արդեն դարձել էր համաշխարհային կյանքի մի մասը, և նրա պատմությունն այժմ սերտորեն կապված էր բաբելոնյան մեծ թագավորության պատմության հետ, որն իր մեջ ներառում էր բազմաթիվ ազգեր։

--------------------------------
[5] (Էջմիածին թարգ․) «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ, եւ դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրայ մարգարէ կարգեցի»:
(Արարատ թարգմ.) «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ, և քեզ, արգանդից դեռ դուրս չեկած, ես սրբեցի. ես քեզ ազգերին մարգարե եմ դրել»։
(Գրաբար) Մինչ չեւ ստեղծեալ էիր յորովայնի, գիտեմ զքեզ. եւ մինչ չեւ ելեալ էիր յարգանդէ, սրբեցի զքեզ. մարգարէ ի հեթանոսս եդի զքեզ։