Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։17

Մաղաքիա արք. Օրմանյան

17-27. Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած: Պատուիրանները գիտես. մի՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար, սուտ մի՛ վկայիր 952, պատուի՛ր քո հօրն ու մօրը»: Նա պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»: Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»: Եւ մարդը այդ խօսքի վրայ խոժոռուած՝ գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր: Եւ Յիսուս այս կողմ, այն կողմ նայելով՝ ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»: Եւ աշակերտները զարմացած էին նրա խօսքերի վրայ. իսկ Յիսուս դարձեալ պատասխանեց նրանց եւ ասաց. «Զաւակնե՛րս, ինչքա՜ն դժուար է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ իրենց յոյսը դրել են հարստութեան վրայ: Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»: Եւ աշակերտները առաւել եւս էին զարմանում ու միմեանց ասում. «Ապա ուրեմն ո՞վ կարող է փրկուել»: Նայելով նրանց՝ Յիսուս ասաց. «Մարդկանց համար այդ անհնար է, բայց ո՛չ Աստծու համար»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:16
   

Սուրբ Բարսեղ Մեծ Կեսարացի

Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»:
 
  Եթե ​​Փրկիչը բարի չէ, ապա անհրաժեշտաբար չար է, քանի որ նա պարզ է և իր մեջ որևէ միջակ բանի տեղ չի տալիս: Արդյո՞ք հնարավոր է, որ բարու Արարիչը չար լինի: Եվ եթե կյանքը բարիք է, իսկ Որդու խոսքերը կյանք են, ինչպես ինքն էլ է ասում. «Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է և կյանք» (Հովհ. 6։63), ապա ինչո՞ւ է փարիսեցիներից «Բարի վարդապետ» արտահայտությունը լսելով ասում՝ «բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած» (Մատթ. 19։17, Մարկ. ​​10։17, Ղուկ.աս 18։19)։ Երբ Նա լսեց ոչ միայն «բարի», այլ նաև «Բարի վարդապետ» արտահայտությունը, ասաց․ «Ոչ ոք բարի չէ»: Հետևաբար Նա հարցնողին պատասխանեց ըստ Ավետարանական խոսքի կամ որպես Իրեն փորձողի կամ էլ որպես չիմացողի, ու ասաց, որ Ինքը բարի Աստվածն է, այլ ոչ թե միայն բարին քարոզող ուսուցիչը:

 

Թեոֆիլակտ Բուլղարացի

17-18. Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»:
 
  Ոմանք սխալմամբ են այս երիտասարդին որպես խորամանկ ու նենգ գայթակղիչ ներկայացնում: Դա այդպես չէ. Նա ոչ թե գայթակղիչ, այլ միայն ագահ մարդ էր: Եվ լսի՛ր, թե ինչ է նշում ավետարանիչը. «Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան» (Մարկ. 10։21)։ Եվ ինչո՞ւ Քրիստոսը նրան այսպես պատասխանեց. «Ոչ ոք բարի չէ»: Քանի որ նա Քրիստոսին մոտեցավ որպես սովորական մարդու և որպես շատ ուսուցիչներից մեկի: Քրիստոս այդ խոսքերով կարծես այսպես է ասում. «Եթե դու ինձ հասարակ ուսուցչի նման ես բարի համարում, ապա Աստծո հետ համեմատած՝ ոչ ոք բարի չէ. եթե ինձ Աստծու նման ես բարի համարում, ապա ինչո՞ւ ես միայն ուսուցիչ անվանում»: Այս խոսքերով Քրիստոսը ցանկանում է Իր մասին ավելի բարձր միտք (կարծիք) տալ, որպեսզի երիտասարդը Նրան որպես Աստված ճանաչի: Բացի այդ, երիտասարդին ուղղելու համար Տերը նրան մեկ այլ դաս էլ է տալիս. եթե նա ցանկանում է խոսել ինչ−որ մեկի հետ, ապա պետք է խոսի առանց շողոքորթության, իսկ որպես բարության արմատ ու աղբյուր՝ պետք է ճանաչի միայն Աստծուն և Նրան պատշաճ պատիվ մատուցի: Այնուամենայնիվ, ես այս երիտասարդի վրա այն պատճառով եմ զարմանում, որ երբ բոլոր մյուսները Քրիստոսի մոտ գալիս էին հիվանդությունից բուժվելու համար, նա գալիս է հավիտենական կյանքի ժառանգության մասին հարցնելու։ Հիանալի կլիներ, եթե նա բռնված չլիներ իր մեջ եղած ավելի զորավոր արծաթասիրության կրքով:
   

Ա․ Լոպուխին

Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: (Սինոդական թարգմ․) [17]
   
    Այս հատվածում Մարկոսը լրացնում է Մատթեոսի (տե՛ս 19։16−26) պատմությունը: Նա հայտնում է, որ ինչ−որ մեկը (Մատթեոսի մոտ. «մի երիտասարդ») վազեց Քրիստոսի մոտ և Նրա առաջ ծնկի եկավ։ Դրանով նա վկայեց Քրիստոսից իրեն զբաղեցնող հարցի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը իմանալու իր անկեղծ ցանկության և Տիրոջ հանդեպ իր ունեցած վստահության մասին:
---------------------------------------
[17] (Էջմիածին թարգմ․) Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»:
(Արարատ թարգմ․) Հիսուսը պատրաստվում էր ճանապարհ ընկնել, երբ մեկը վազելով մոտեցավ, ծնկի գալով՝ նրան հարցրեց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։
(Գրաբար) Եւ ընդ ելանելն նորա անտի ի ճանապարհ, ահաւասիկ ոմն մեծատուն՝ ընթացեալ ի ծունր իջանէր, հարցանէ՛ր ցնա՝ եւ ասէր. Վարդապե՛տ բարի՝ զի՞նչ արարից զի զկեանսն յաւիտենականս ժառանգեցից: