«Սուրբ, սուրբ» երգելու պահին քահանան ծածուկ արտասանում է մի երկար աղոթք՝ հիշելով և փառաբանելով Աստծուն, որ երբեք չանտեսեց մարդուն և նրա մեղքերը թեթևացնելու և սրբելու մասին խորհեց, որ իր Որդուն այդ նպատակով աշխարհ ուղարկեց: Ապա հիշում է Հիսուսի կյանքը, նրա փրկագործական դերը և վերնատան մեջ վերջին ընթրիքի խորհուրդը, երբ Հիսուս հացը օրհնեց և բաշխեց իր աշակերտներին՝ «այս է իմ մարմինը» ասելով և գինին էլ տալով իբրև իր արյունը:
Այս աղոթքից հետո քահանան բացում է սկիհը, նվիրյալ հացը առնում է ձեռքը, բարձրացնում և խորհրդավոր ձայնով ասում. «Առե՛ք, կերէ՛ք. այս է Մարմին իմ, որ վասն ձեր և բազմաց բաշխի ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց»: (Առե՛ք, կերե՛ք, ա՛յս է իմ Մարմինը, որ ձեզ և շատերի համար է բաշխվում՝ մեղքերի քավության և թողության համար):
Եվ հետո սկիհը բարձրացնելով՝ «Արբէ՛ք ի սմանէ ամենեքեան. ա՛յս է Արիւն իմ նորոյ Ուխտի, որ յաղագս ձեր եւ բազմաց հեղանի ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց»: (Խմե՛ք սրանից բոլորդ, ա՛յս է Նոր Ուխտի իմ Արյունը, որ թափվում է ձեզ և շատերի մեղքերի քավության և թողության համար):
Սրանով տեղի է ունենում Ս. Պատարագի Կանոնը, այսինքն Հիսուսի մարմինն ու արյունը խորհրդանշող հացն ու գինին Աստուծո առջև որպես զոհ է մատուցվում ի տես ժողովրդյան: Այսօր էլ հացը Քրիստոսի մարմինն է, և գինին՝ նրա արյունը, այնպես, ինչպես երկու հազար տարի առաջ Հիսուս ինքն իսկ ասաց իր աշակերտներին վերջին ընթրիքի պահին: Ժողովուրդը (դպիրները) երգում է. «Հայր երկնաւոր, որ զՈրդիդ քո ետուր ի մահ վասն մեր պարտապան պարտեաց մերոց. հեղմամբ արեան Նորա աղաչեմք զքեզ, ողորմեա՛ քո բանաւոր հօտի»: (Ո՜վ երկնավոր հայր, որ քո Որդուն մահվան հանձնեցիր մեզ համար՝ իբրև պարտապան մեր մեղքերի: Նրա արյան հեղումով աղաչում ենք քեզ, ողորմի՛ր քո բանական հոտին, այսինքն՝ քո ժողովրդին):
Քահանան ծածուկ աղոթքից հետո բարձր ձայնով աղոթում է Աստծուն ասելով.
«Եւ զքոյս ի քոյոց քեզ մատուցանեմք ըստ ամենայնի եւ յաղագս ամենեցուն»:
Չէ՞ որ պատարագիչը Հիսուսի մարմինն ու արյունը, իբրև զոհ մատուցում է Աստուծո: Ուրեմն, իրավմամբ կարող է ասել. «Ո՜վ Աստված, Հիսուս՝ քո Որդին, որ քոնն է և քեզանից, քո կամքով եկավ մեզ, հիմա էլ այդ նույն Հիսուսին այս խորհրդով քեզ ենք ընծայում, մեր և բոլորի փրկության համար»:
Մինչ դպիրները երգում են. «Յամենայնի օրհնեալ ես, Տէ՛ր. օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ, գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ, Տէ՛ր Աստուած մեր», քահանան աղոթում է ծածուկ և երեք անգամ օրհնում հացը «որով զհացս օրհնեալ՝ մարմին ճշմարտապէս արասցես Տեառն մերոյ և Փրկչին Յիսուսի Քրիստոսի» ասելով, երեք անգամ օրհնում է գինին՝ «Եւ զբաժակս օրհնեալ արիւն ստուգապէս արասցես Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի», և երեք անգամ էլ, միասին՝ հացն ու գինին նույն խոսքերով: Քահանան աղերսում է, որ աստվածային աներևույթ զորությամբ հացը (նշխարը) մարմին դառնա, և գինին՝ արյուն, Քրիստոսի մարմինը, Քրիստոսի արյունը՝ «որպէսզի եղիցի սա ամենեցուն մեզ մերձեցելոցս՝ յանդատապարտութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց»:
Այսինքն՝ թող այս հացն ու գինին իրենց էությունը փոխեն ճշմարտապես և ստուգապես, թող փոխարինվեն, թող վերածվեն Քրիստոսի մարմնի և արյան, որպեսզի մեզ՝ բոլոր մոտեցողներիս համար անդատապարտություն, մեղքերի քավություն ու թողություն լինի:
Թերևս, հարցնող լինի, թե այդ խորհրդավոր աղոթքների ուժով իրապես հացը մարմնի՞ փոխարկվեց և գինին՝ արյա՞ն: Բնականաբար, քիմիական տեսակետից, նշխարը հաց մնաց, ինչպես որ առաջ էր և գինին էլ՝ գինի: Սակայն չմոռանանք, որ կրոնական կյանքի մեջ ամեն ինչ խորհուրդ է և գաղափար, ոչ թե նյութական իրականություն:
Եկեղեցուց ներս ամեն ինչ խորհուրդ է, սիմվոլ է, ոչ քարն է քար, ոչ փայտը՝ փայտ, ոչ աղոթքը լոկ խոսք, ոչ երաժշտությունը՝ պարզ երգ, ոչ էլ Ս. Պատարագի հացն ու գինին՝ հաց ու գինի:
Ով որ չի կարող հոգեպես նյութական իրականությունից այն կողմ անցնել և դրա խորհուրդը տեսնել, նրա համար բնական է, որ հացը մնում է հաց, իսկ գինին՝ գինի: Եվ, սակայն, մարդկային հոգեկան կյանքին հատուկ երևույթ է նյութականից աննյութական իրականության բարձրանալը, երևույթ, որ հատուկ է, մանավանդ մարդկային մտավոր և հոգևոր աշխարհին:
Կրոնական կյանքի մեջ շատ բնական է, որ խորհուրդները կենտրոնական տեղ ունենային, որովհետև կրոնը ինքը, իր էությամբ և բովանդակությամբ, զուտ հոգևոր երևույթ է՝ մարդկային անհատական ու ընկերային կյանքի հոգեկան-բարոյական անհրաժեշտությունից բխած, անհրաժեշտություն, որ դրսևորումն ու արտացոլումն է (suprastructura) կյանքի տնտեսական, հասարակական-քաղաքակրթական որոշ պայմանների:
Ճշմարիտ հավատացյալը, ուրեմն, այդ հացն ու գինին ընդունում է որպես խորհուրդներ, որոնք իր համար դառնում են մարմին և արյուն, որոնք զոհ են մատուցվում մեղքերի թողության և հոգիների փրկության համար:
Այժմ, որ զոհաբերությունը կատարվեց այդ նպատակով, ճիշտ ժամանակն է, որ ժողովուրդը Աստծուց խնդրի այն, ինչ որ մտադրվել էր խնդրել:
Այստեղ, ուրեմն, սկսվում են խնդրանքներն ու հիշատակությունները:
Նախորդ գլուխը՝
Հաջորդ գլուխը՝

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: