Հովնանի մարգարեության մեկնություն 3:4

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ Հովնանն սկսեց շրջել քաղաքում այնքան, որքան կարելի էր անցնել մեկ օրում, և քարոզում էր՝ ասելով. «Եվս քառասուն օր, և Նինվեն պիտի կործանվի»»։ (Սինոդական թարգ․)[4]
   
     «Եվ Հովնանն սկսեց շրջել քաղաքում այնքան, որքան կարելի էր անցնել մեկ օրում». մեջբերված խոսքերը չեն նշանակում, թե Հովնանը շարժվել է մեկ ուղղությամբ և քաղաքի երկարությամբ անցել (երեքից) մեկ օրվա ճանապարհ: Եբրայերեն արտահայտությունն ավելի ճիշտ կլինի թարգմանել «Հովնանը շրջում էր քաղաքում» տարբերակով: Սա նշանակում է, որ նա ոչ թե մի ուղղությամբ է շարժվել, այլ այնպես, ինչպես պահանջում էր քարոզչությունը:

   «Մեկ օրվա ճանապարհ» արտահայտությունը այստեղ որևէ կապ չունի 3−րդ համարի վերջին («երեք օրվա ոտքի ճանապարհ») բառերի հետ և չի վերաբերում Նինվե քաղաքի չափերին։ Այն ավելացվել է, որպեսզի ցույց տրվի մարգարեի նախանձախնդրությունը նինվեացիներին քարոզելու գործում: Հրապարակներում, տոնավաճառներում և փողոցներում քարոզելու համար կանգ առնելով՝ նա, այնուամենայնիվ, հասցնում է անցնել այնքան տարածություն, որքան մեկ օրում անցնում է սովորական ճամփորդը:

      «Եվ քարոզում էր` ասելով. «Եվս քառասուն օր, և Նինվեն պիտի կործանվի»». հունարեն, այստեղից նաև՝ սլավոներեն թարգմանություններում բնագրային «քառասուն օր» արտահայտության փոխարեն հանդիպում է՝«երեք օր» ընթերցումը: Այդ տարբերակը պետք է սխալ համարել, քանի որ անհավանական է, որ Հովնանի մարգարեության 3−րդ և 4−րդ գլուխներում հիշատակվող բոլոր իրադարձությունները (Հովնանի քարոզը Նինվեի բնակիչներին, նրանց ապաշխարությունը, թագավորի հրահանգը զղջման ու սգի ձևի մասին, Հովնանի՝ իր մարգարեության իրականացմանը սպասելը և Տիրոջ կողմից Նինվեի կործանման մասի որոշման չեղարկումը) տեղի ունեցած լինեին երեքօրյա կարճատև ժամանակահատվածում: Ամենայն հավանականությամբ, եբրայերեն տեքստում Յոթանասնիցը ևս երեքի փոխարեն «քառասուն» է ընթերցել և թարգմանել, սակայն ավելի ուշ շրջանի դպիրները «քառասուն» նշանակող «μ» տառը սխալմամբ փոխարինել են իր ձևով նման «γ» տառով, որ նշանակում է «երեք»: Հովնանի քարոզչությունը Նինվեում, անկասկած, չի կարելի սահմանափակել միայն քառասուն օր հետո դրա կործանման մասին կանխատեսությամբ: Նա պետք է մերկացներ նինվեացիների չարագործությունները (Հովն․ 1:2) և միևնույն ժամանակ մատնանշեր ապաշխարության միջոցով փրկության հնարավորությունը: Եթե ​​մարգարեն դա չաներ, ապա նինվեացիների մեջ նման հույս չէր արթնանա (Հովն. 3:8-9), այլ կլիներ միայն հուսահատություն: Սակայն կարո՞ղ էր արդյոք Հովնան մարգարեն քարոզել նինվեացիներին, այն էլ այդքան բազմակողմանի և հաջող կերպով, եթե, ինչպես ասում են, նա չգիտեր նրանց լեզուն, կենցաղը, բարքերն ու մեղքերը: Նա բոլորովին օտար էր նինվեացիներին, և նրանք չէին կարող հասկանալ մարգարեին: Ինչ վերաբերում է լեզվին, ապա հարկ է հիշել, որ ասորերենը պատկանում է սեմական լեզվաընտանիքին և զգալի նմանություններ ունի եբրայերենին: Ասվածը հատկապես վերաբերում է գալիլիական բարբառին, որով խոսում էր Հովնանը: Այստեղից էլ հեշտ է պատկերացնել, որ Հովնանը կարող էր ասորերեն սովորել, իսկ կրթված նինվեացիները՝ եբրայերեն հասկանալ: Աստվածաշնչում մեզ հայտնի է հրեաների կողմից ասորերենի, իսկ ասորիների կողմից եբրայերենի իմացության օրինակ (Դ Թագ. 18:26−28): Հեշտ է նաև ենթադրել, որ Հովնան մարգարեն տիրապետում էր քարոզչության համար անհրաժեշտ՝ ասորեստանցիների ապրելակերպի մասին գիտելիքներին: Ասորեստանը Իսրայելի թագավորության սահմաններից հեռու էր հազիվ 200 մղոն (մոտավորապես 211,4 կմ)․ Հովնանի օրոք այն Իսրայելի հետ ուներ աշխույժ քաղաքական և առևտրային հարաբերություններ: Ասորեստանցիների կրոնը նման էր Իսրայելի հարևան հեթանոս ժողովուրդների հավատալիքներին։ Նրանց մեղքերը, բնականաբար, իրենց մեջ մեծ մասամբ ունեին համամարդկային բնույթ, և շատ բաների մասին կարելի էր եզրակացնել նաև բնակիչների և քաղաքի արտաքին տեսքից: Այդ պատճառով ոչ միայն Հովնանը, որն անձամբ եղել էր Նինվեում, այլև այն երբեք չտեսած մարգարեները, գիտեին և կենդանի պատկերում էին նրա բարոյական վիճակը (Նավ. 1−3, Սոփ. 2:13−15):

--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Յովնանն սկսեց մուտք գործել քաղաք: Երբ մի օրուայ ճանապարհ անցաւ, քարոզեց եւ ասաց. «Եւս երեք օր, եւ Նինուէն պիտի կործանուի»:
(Արարատ թարգ․) Հովնանը քաղաքին մոտեցավ, մեկ օրվա ճանապարհից շրջելով քարոզում էր ու ասում. «Եվս քառասուն օր կա, ու Նինվեն պիտի կործանվի»։
(Գրաբար) Եւ սկսաւ Յովնան մտանել ի քաղաքն իբրեւ աւուր միոջ գնաց ճանապարհի. Քարոզեաց եւ ասէ. Այլ եւս երեք աւուրք, եւ Նինուէ կործանեսցի։