Սոփոնիայի մարգարեության մեկնություն 1:9

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Այն օրը պիտի պատժեմ բոլոր նրանց, որոնք ցատկում են շեմի վրայով, որոնք իրենց Տիրոջ տունը լցնում են բռնությամբ և խաբեությամբ (Սինոդական թարգ․)[9]
   
    Երանելի Թեոդորիտոսի վերջին խոսքերում տրված է 9−րդ համարի առավել ընդունելի բացատրությունը։ Այս համարի հատկապես առաջին կեսը հունասլավոնական տեքստում աչքի է ընկնում զգալի անորոշությամբ և որոշակի անհասկանալիությամբ:

    Գոյություն ունեն երեք հիմնական մեկնություններ, որոնք վերաբերում են հետևյալ խոսքերին. «Այն օրը պիտի պատժեմ բոլոր նրանց, որոնք ցատկում են շեմի վրայով (եբր.՝ «կոլ−հադդոլեգ ալ−համմիֆթան»), ովքեր իրենց Տիրոջ տունը լցնում են բռնությամբ և խաբեությամբ»:

Հնագույն մեկնությունը, որն առկա է դեռևս Թարգումում, «շեմի վրայով ցատկողներ» արտահայտության մեջ տեսնում է ակնարկ Ա Թագ. 5:5-ում հաղորդվող փաստին: Խոսքը փղշտացիների մոտ հաստատված այն սովորույթի մասին է, որը սկիզբ է առել Աստծու տապանակի ներկայությամբ նրանց Դագոն կուռքի հետ տեղի ունեցած հայտնի դեպքից հետո (Ա Թագ. 5:2−4):  Ըստ այդմ՝ նրանք այլևս ոտք չէին դնում մեհյանի շեմին (քանի որ այն «սրբագործվել» էր նշված կուռքի մասունքների ներկայությամբ), այլ ցատկում էին դրա վրայով: Ենթադրվում է, որ փղշտացիների այս սովորույթը Մանասեի օրոք ընդունվել է նաև հրեաների կողմից, ինչի պատճառով Թարգումը 9−րդ համարի առաջին մասը հետևյալ կերպ է փոխանցում. «Պիտի պատժեմ նրանց, ովքեր ընթանում են փղշտացիների սովորույթներով»: Այս մոտեցումը ավելի շատ համահունչ կլիներ աստվածաշնչյան տեքստի տառին, եթե դրա թույլ կողմը չլիներ այն, որ Աստվածաշնչում բացակայում է որևէ հիշատակություն հրեաների մեջ փղշտացիների այս սովորույթի գոյության մասին:

    Մյուս երկու մեկնությունները համեմատաբար ավելի թույլ են համարվում.

    ա) ըստ դրանցից մեկի՝ այստեղ խոսքը վերաբերում է մեծամեծներին («սարիմ»), որոնք ընդունել էին Արևելքում տարածված թագավորական պալատի շեմը պատվելու և դրա վրա ոտք չդնելու սովորույթը (այս դեպքում «իր Տիրոջ տունը»՝ «բեթ−ադոնեյհեմ» արտահայտությունը հասկանում են որպես թագավորի տուն):

    բ) մյուսի համաձայն՝ խոսքը մեծամեծների հաճախորդների մասին է, որոնք, օգտվելով իրենց հովանավորների իշխանությունից, կողոպտում էին ժողովրդին և անարդար ճանապարհով ձեռք բերված հարստությունը բերում էին իրենց տերերի տները (այստեղ «ադոնեյհեմ» արտահայտությունն այս իմաստով է հասկացվում):

    Սակայն թագավորական պալատի կամ մեծամեծների ապարանքների մասին միտքն ամբողջովին օտար է տեքստին: Ընդհակառակը, բոլոր հնագույն թարգմանությունները «բեթ−ադոնեյհեմ» արտահայտությունը հասկանում են որպես Աստծու տուն, այսինքն՝ տաճար (Յոթանասնից՝ «τον οικον Κυριου θεου αυτων», Վուլգաթա՝ «domum Domini Dei Sui»): Այդ պատճառով «շեմ» (եբր.՝ «միֆթան») բառը Աստվածաշնչում վերաբերում է հենց տաճարի շեմին՝ թե՛ հեթանոսական (Ա Թագ. 5:4-5), թե՛ հրեական (Եզեկ. 9:3, 10:4, 18, 46:2, 47:1):

    Հաշվի առնելով 8−րդ համարի օտարազգի հագուստներով տարվողներին ուղղված հանդիմանությունը՝ նաև այստեղ՝ 9−րդ համարում, կարելի է տեսնել որոշակի հրապուրանքի պախարակում, բայց արդեն ոչ թե կենցաղային, այլ պաշտամունքային ոլորտում: Ըստ երևույթին, նկատի է առնվում կրոնի սպասավորների մոտ տաճարի սրբության հանդեպ երկյուղի լիակատար բացակայությունը, ինչն, ի դեպ, արտահայտված է Վուլգաթայի թարգմանության մեջ. «et visitabo super omnem qui arroganter ingreditur super limen»: Համարի երկրորդ հատվածը բացահայտում է այս սպասավորների հանցանքի բուն էությունը: «Ի՞նչ է ամբարշտությունը, և ի՞նչ է խաբեությունը, որով նրանք լցնում են Աստծու տունը: Մեկ այլ մարգարե հստակեցնում է այս միտքը՝ խոսելով Երուսաղեմի մասին. «Նրա առաջնորդները կաշառքով էին դատում, նրա մարգարեներն արծաթով էին գուշակություն անում» (Միք. 3:11): Իմաստուն Եսային ևս ըմբոստանում է նրա (Երուսաղեմի) դեմ և ասում. «Ձեր իշխաններն ապստամբ են և գողերին հանցակից (Ես. 1:23)» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի): Տիրոջ օրվա մեծ նեղությունները կհասնեն ոչ միայն ժողովրդի առաջատար և իշխող դասին, այլև Երուսաղեմի բոլոր բնակիչներին (ինչպես և ամբողջ Հուդային), իսկ սպասվող զրկանքները հատկապես զգալի կլինեն հարուստների համար:

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այն օրը յայտնապէս կը պատժեմ բոլորին դռների շեմքերի առաջ, նրանց, որոնք իրենց Տէր Աստծու Տունը լցնում էին ամբարշտութեամբ եւ նենգութեամբ:
(Արարատ թարգ․) Եվ այդ օրը պիտի պատժեմ շեմի վրայով բոլոր ցատկողներին, որոնք իրենց Տիրոջ տունը լցնում են բռնությամբ և խարդախությամբ»։
(Գրաբար) Եւ խնդրեցից վրէժ յայտնապէս յամենեցունց առաջի դրանդեացն յաւուր յայնմիկ. որք լնուին զտուն Տեառն Աստուծոյ իւրեանց ամպարշտութեամբ եւ նենգութեամբ։