Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ Տիրոջ զոհաբերության օրը պիտի լինի այնպես, որ Ես պիտի պատժեմ իշխաններին ու թագավորի որդիներին և բոլոր նրանց, ովքեր օտարազգիների զգեստներ են հագնում»։ (Սինոդական թարգ․)[8]
Հայտարարելով Տիրոջ զոհաբերության ահեղ օրվա մոտալուտ լինելու մասին (տե՛ս 7-րդ համար)՝ մարգարեն, նախքան այդ օրվա աղետը նկարագրելը, կանգ է առնում հասարակության բարձր խավերի բարոյական վիճակի վրա, որոնք ժողովրդի անբարոյականության գլխավոր մեղավորներն են և որոնց վրա, առաջին հերթին, պիտի իջնի Տեր Աստծու պատժիչ ձեռքը: «Գոյություն ունեն,− ասում է սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին,− հետևյալ երեք հաստատությունները, որոնցից կախված է քաղաքների և երկրների բարօրությունը. թագավորական իշխանությունը, դրան ենթակա պետական պաշտոնները և փառավոր քահանայությունը: Եթե դրանք իրենցից յուրաքանչյուրին վայել լավ վիճակում են, ապա նրանցից կախված բոլոր գործերը կարգավորված են լինում, իսկ ենթակաները բարգավաճում են: Բայց եթե նրանք ցանկանան նախընտրել կորստաբեր ուղին և անմիջապես սկսեն քայլել դրանով, ապա ամեն ինչ կհայտնվի խառնաշփոթի մեջ, և հարբեցողի պես կշտապի դեպի կործանում: Ինչպես մարմնի գլխին հասնող ցավի ժամանակ մյուս անդամներն անխուսափելիորեն կարեկցում և տառապում են նրա հետ, այնպես էլ, երբ առաջնորդները շեղվում են դեպի չարը և տառապում արատների հակումով, ենթականերն անխուսափելիորեն ապականվում են նրանց հետ: Այսպիսով, ասում է, Աստծուն ընդունելի զոհաբերության օրը, այսինքն՝ այն ժամանակ, երբ կկատարվի սարսափելի հանցանքներ գործողների կործանումը, Աստծու բարկությունը առաջին հերթին պիտի հասնի նրանց, ովքեր մյուսներից տարբերվում են իրենց փառքով և ակնառու դիրքով: Այսպիսիք են՝ թագավորի տունը, այնուհետև՝ նրան ամենամոտ կանգնած, փառքով ու պատվով պսակված մարդկանց տունը, և նրանցից հետո երրորդը՝ Տիրոջ կողմից մյուսներից առավել նախապատվության արժանացած Աստծու քահանաների տունը» («Սոփոնիայի մարգարեության մեկնություն». Աստվածաբանական բանբեր, 1895, հ. Բ, էջ 337, 338):
Առաջին հերթին մերկացվում են իրենց դիրքը չարաշահած «իշխանները» (եբր.՝ «սարիմ», հուն.՝ «ἄρχοντες», լատ.՝ principes)՝ վարչական կամ դատական իշխանություն ունեցող անձինք, պետական պաշտոնյաները, մեծամեծները: Այնուհետև մարգարեն դատապարտում է «թագավորի որդիներին» (եբր.՝ «բենե-համմելեխ», Վուլգաթայում՝ «filios regis», Յոթանասնիցում՝ «τὸν οῖκον τοῦ βασιλέως», սլավ.՝ «дом царский»): Յոթանասնիցը, ակնհայտորեն, ընթերցել է ոչ թե «բենե»՝ «որդիներ», այլ «բեթ»՝ «տուն»: Հաշվի առնելով երկու բառերի գրելաձևի նմանությունը, ինչպես նաև մոտ իմաստ ունենալը, եբրայերեն տեքստի սրբագրիչները և թարգմանիչները հաճախ այս բառերից մեկը վերցրել են մյուսի փոխարեն:
Այսպիսով, Յոթանասնից թարգմանության մեջ Երեմ. 16:15, Եզեկ. 2:3 համարներում հանդիպում է «οἶκος», մինչդեռ այդ նույն հատվածներում մասորեթական տեքստն ունի «բենե» («Իսրայելի որդիները» և այլն) ընթերցումը։ Եվ հակառակը՝ Յոթանասնից թարգմանության Ելք. 16:31, Հես. 17:7, 18:5, Նեեմ. 7:8, Ովս. 1:7 համարներում «υίοἰ»՝ «որդիներ» է, իսկ մասորեթական տեքստում՝ «բեթ»: Երկու ընթերցումների դեպքում էլ, ըստ էության, արտահայտության իմաստը նույնն է: Սակայն մենք, ի տարբերություն Թյուրնինի («Սոփոնիա մարգարեի գիրքը», Ս. Պոսադ, 1897, էջ 31, 29), կարծում ենք, որ այս դեպքում սկզբնական ընթերցումը եբրայերեն մասորեթական տեքստինն է, այլ ոչ թե հունարենը:
Այստեղ եբրայերեն տեքստը «բեթ» ընթերցման օգտին բացարձակապես ոչ մի վկայություն չունի, մինչդեռ հունարեն 91−րդ ձեռագրում առկա է մի ընթերցում, որն արտահայտում է եբրայերեն «բեթ» բառի միտքը՝ (τοὺς ἐκγὸνους Ιωσίσυ τοῦ έυσεβεστάτου): Հունարեն ընթերցման անհամապատասխանությունը երևում է նաև նրանից, որ հաջորդ՝ 9−րդ համարում «բեթ»՝ «տուն» բառն արդեն գործածված է այլ իմաստով: Սակայն, ընդունելով մասորեթական ընթերցումը, մենք չենք կարող «թագավորի որդիներ» արտահայտությունը վերագրել բացառապես Հոսիա թագավորի որդիներին, ինչպես մտածում են Սոփոնիա մարգարեի գրքի որոշ ուսումնասիրողներ և մեկնիչներ (Հիտցիգ, Ֆիլիպպսոն և այլք)։ Գրքի համեմատաբար ուշ գրվելու վերաբերյալ նրանց կարծիքը հիմնավորվում է հենց այն հանգամանքով, որ Հոսիայի որդիները՝ Հովաքազը, Հովակիմը, Սեդեկիան, Աղումը (Ա Մնաց. 3:14-15), գրքի գրվելու ժամանակ արդեն պետք է հասուն տարիքում լինեին: Իսկ դա չէր կարող լինել, եթե գիրքը գրված լիներ Հոսիայի թագավորության առաջին կեսին (ինչպես հայտնի է, նա գահ է բարձրացել ութ տարեկանում, Դ Թագ. 22:1): Ավելի բնական է «բենե−համմելեխ» արտահայտությունը հասկանալ արքայական տան անդամների ավելի լայն իմաստով (Բ Թագ. 10:6−8) և այստեղ տեսնել իշխող դինաստիայի՝ Դավթի տան մասին ընդհանուր մատնանշում (Երեմ. 21:11-12):
8−րդ համարի երկրորդ մասը դատապարտում է «բոլոր նրանց, ովքեր օտարազգիների հագուստ են կրում» («կոլ հալկովեշիմ մալբուշ նոխրի»): Արդյո՞ք այս արտահայտությունը մատնանշում է մարդկանց մի նոր՝ երրորդ դաս, որը հարուցել է Աստված−Դատավորի մեծ բարկությունը, թե՞ այս խոսքերը վերաբերում են միայն նախորդներին՝ բացահայտելով մեծամեծների և թագավորական ընտանիքի անդամների մեղավորությունը: Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին այստեղ տեսնում է առաջադեմ բնակչության երրորդ՝ քահանայական դասի մեղադրանքը. «Մարգարեն խստորեն մեղադրում է նրանց և քահանաներին՝ օտարազգիների հագուստներ կրելու համար։ Սա նշանակում է, որ աստվածային ամեն բանի հանդեպ նրանք այնպիսի զզվանք ունեին և այն աստիճանի էին սկսել անտեսել Մովսեսի հնագույն օրենքները, որ անգամ չէին պահպանում քահանայագործության համար սահմանված արտաքին տեսքը, երբ սահմանված ժամանակին կանչվում էին քահանայագործելու: Ուստի, ինչպես Ահարոնի որդիները ոչնչացվեցին կրակով, որոնց հանցանքը և մեղավորությունը զոհասեղանի վրա օտար կրակ դնելն էր (Ղևտ. 10:1-2), այդպես էլ սրանք (ում մասին որ խոսվում է) պատժվում են այն բանի համար, որ, անտեսելով իրենց վայել պատշաճ տեսքը, Օրենսդրի կամքի համաձայն չեն հագնվում քահանային բնորոշ ձևով, այլ օտարազգիների հագուստ կրած՝ հանդգնում են քահանայագործել» (նշված տեղում, էջ 338):
«Օտարազգիների զգեստ հագնողներ» արտահայտության այսպիսի հատուկ մեկնության օգտին կարող է խոսել նաև 9−րդ համարի բովանդակությունը, որը, սակայն, միանշանակ չի ընկալվում: Բայց խոսքի ընդհանուր իմաստն ու համատեքստը պահանջում են այս արտահայտությունն ընդունել ավելի լայն իմաստով՝ վերագրելով ոչ միայն քահանաներին, այլև ընդհանրապես բարձր խավերին, որոնք տվյալ ժամանակաշրջանում խիստ և կործանարար կերպով տարված էին ասորական, բաբելոնյան և եգիպտական սովորույթներով ու նորաձևությամբ (Ես. 2:6, Ամոս. 6:4−6):
Այստեղ առաջին տեղում, ինչպես մշտապես պատահում է մշակութային փոխառությունների դեպքում, գտնվում է օտարերկրյա հագուստներով տարվելը, որը հատկապես ակնառու էր հարուստ կանանց շրջանում (Ես. 3:16−23): Օտարազգի հագուստներից հետո օտար մշակույթների ջատագովները փոխառում էին նաև այլ ազգերի հոգևոր կյանքի առանձնահատկությունները, այդ թվում՝ հատկապես վնասակարները՝ կրոնաբարոյական աշխարհայացքը և կռապաշտությունից եկող պաշտամունքային ձևերը (օրինակ, Եզեկ. 8:10-16): Հետևաբար հասկանալի է, թե ինչու մարգարեները խստորեն դատապարտում էին նմանատիպ փոխառությունները, որոնք նրանց կողմից նկատվում էին իրենց ժամանակի հրեաների մեջ, և որոնք մարգարեների աչքում կռապաշտության նշաններ էին: Այնուամենայնիվ, 8-րդ համարի երկրորդ մասում տեսնել Բ Օր․ 22:5-ով ուղղակի արգելված երևույթի՝ տղամարդկանց կողմից կանացի հագուստ կրելը, և և հատկապես այստեղ ակնարկ գտնել Աստարտե կուռքի պաշտամունքին ու նրա կանանց զգեստ կրող քրմերին, ոչ մի հիմք չկա: Պատճառն այն է, որ որ թե՛ Բահաղի և թե՛ նրան ազգակից Աստարտեի պաշտամունքի մասին արդեն հիշատակվել է վերևում՝ Սոփ. 1:4–5-ում և բացի այդ՝ «նոխրի» բառը միշտ էլ նշանակել է «օտար, օտարական, օտարազգի» (օրինակ, Ելք. 21:8, Բ Օր. 17:15, Դատ. 19:12) և երբեք չի ունեցել «մյուս սեռին պատկանող» իմաստ: Ինչպես նշում է նաև երանելի Թեոդորիտոսը, այստեղ ավելի շուտ պետք է տեսնել վերաբերմունքը Մովսեսի օրենքի այն արգելքին, որով չէր թույլատրվում բրդից և վուշից միասին հյուսված հագուստը (Ղևտ. 19:19, Բ Օր. 22:11): «Օրենքը,− նշում է երանելի Թեոդորիտը,− արգելում է վուշից և բրդից հյուսված հագուստը (Բ Օր. 22:11)»: Հավանաբար, հարստությամբ պարծեցողները և շքեղ հագուստներին անձնատուր եղածները ընդօրինակում էին հարևան ժողովուրդներին և վուշե խիտոնների 1՝ վրա տարբեր տեսակ ավելորդ զարդարանքներ էին անում, հատկապես ծիրանագույն բրդից: Սա ուղղակիորեն հակասում էր աստվածային օրենքին։ Ահա թե ինչու է Աստված սպառնում թե՛ սրանց և թե՛ նրանց, ովքեր անօրինությամբ ու նենգությամբ են աստվածային տաճար մտնում» («Սոփոնիայի մարգարեության մեկնություն». Մ., 1857 թ., էջ 44):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) եւ հրաւիրեց իր հրաւիրեալներին: «Կը լինի այնպէս, որ Տիրոջ զոհի օրը կը պատժեմ իշխաններին, թագաւորի տունը եւ բոլորին, ովքեր օտար զգեստ են հագել:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ զոհի օրը պիտի պատժեմ իշխանավորներին և թագավորի որդիներին և բոլոր օտար զգեստ հագնողներին։
(Գրաբար) եւ հրաւիրեաց զկոչնականս իւր։ Եւ եղիցի յաւուր զոհի Տեառն խնդրեցից զվրէժ յիշխանաց՝ եւ ի տանէ թագաւորին, եւ յամենայնէ, որ զգեցեալ են զհանդերձս աւտարս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: