Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)
«Այսպես է ասում Զորությունների Տերը. «Եթե սա այդ ժողովրդի մնացորդների աչքերին դժվար բան թվա այդ օրերի համար, ապա մի՞թե դա դժվար է լինելու նաև Ինձ համար»,− ասում է Զորությունների Տերը»:
Մեծ և արտասովոր գործերը սովորաբար անվստահություն են հարուցում իրենց հանդեպ և, երբ վերջապես իրականանում են, զարմանք են առաջացնում։ Այդպես Սառան անհավատության պատճառով ծիծաղում է, երբ լսում է իրենից Իսահակի ծնվելու խոստումը՝ մտքում ունենալով իր ծերությունը (տե՛ս Ծննդ. 18:12) և պատկերացնելով մարդկային օրենքներով այդ ծննդյան անհնարինությունը։ Սակայն Սառայի ակնկալիքները գերազանցվեցին՝ նա ծնեց որդի, որովհետև Աստված դա իրագործելի դարձրեց։ Այդպես նաև, ամենայն հավանականությամբ, գերությունից ազատվածները նույնպես տատանվում էին կասկածների պատճառով և շատ վստահ չէին, թե կհասնե՞ն արդյոք այն աստիճանի մեծ բարեկեցության, որ Երուսաղեմը կլցվի ծերունիներով, և որ նրանում կլինեն տղաների խաղեր և աղջիկների պարեր, ու կգան-կհասնեն երկարատև խաղաղության բարիքները։ Քանի որ նրանք տեսնում էին, որ պարիսպները քանդված են, տները՝ հրդեհված, շրջակա բոլոր քաղաքները դարձել էին վայրի գազանների բնակավայրեր, որովհետև դրանք ամբողջովին զրկվել էին իրենց բնակիչներից, որ երբեմնի շատ պտղաբեր և ծաղկուն դաշտերն այժմ փշերով են պատվել, իրենցում հասունացող ոչինչ չունեն, և հողագործների խավն ամբողջովին վերացել է։ Այս ամենի հետևանքով, հավանաբար, ինչպես ասացի, կասկած էր առաջանում, թե իրենց խոստացվածն ինչպե՞ս կարող էր կատարվել։ Դրա համար էլ Աստված որևէ կասկածի տեղիք չի թողնում, այլ հրամայում է հուսալ և ամրապնդում է նրանց հավատը՝ ասելով. «Եթե սա այդ ժողովրդի մնացորդների աչքերին դժվար բան թվա․․․ապա մի՞թե դա դժվար է լինելու նաև Ինձ համար»։ Քանզի ինչը ձեզ համար անհնարին է, դա, անկասկած, ամենազոր Աստծու համար դյուրին է կատարել։ Նա զորությունների Տերն է, Որն Իր կամքով, առանց դժվարության իրագործում է Իրեն հաճելին՝ նույնիսկ լիովին գերբնական իրողություններ։ Աստված և Հայրը, կանխագուշակելով մեր Փրկչի գալստյան ժամանակի փառավոր գործերը, Սուրբ Գրքի մի հատվածում հրեաներին ասել էր. «Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, նայեցե՛ք, մեծապե՛ս զարմացեք և չքվեցե՛ք, որովհետև մի բան պիտի անեմ Ես ձեր օրերին, որին չեք հավատա, նույնիսկ եթե մեկը պատմի ձեզ» (Ամբ. 1:5)։ Իսկ ինչ վերաբերում է մեր խոսքերին, ապա հենց մարդեղության խորհուրդն ինքնին, ինչպես նաև՝ դրա արդյունքում մեզ համար բխող բարերարությունները գերազանցում են մարդկային ամեն զարմանքի ու խոսքի։ Իսկապես, մի՞թե չի կարող անհավատություն հարուցել այն իրողությունը, որ Աստծուց ծնված Բանը միացավ մարմնին և ծառայի կերպարանք առավ ու կրեց խաչը և ենթարկվեց հրեաների նախատինքին ու հարվածներին և խելագար կատաղությանը։ Կամ մի՞թե յուրաքանչյուր մարդ էլ չէր զարմանա փրկության տնօրինության իրականացմամբ, որով ջախջախվեց մեղքը, անզորացավ մահն ու վերացվեց ապականությունը, և մարդը, որը նախկինում մի փախստական ծառա էր, փառավորվեց որդեգրության շնորհով։ Ահա թե ինչու է Քրիստոս այդ մասին այսպես ասում. «Եթե սա այդ ժողովրդի մնացորդների աչքերին դժվար բան թվա․․․ապա մի՞թե դա դժվար է լինելու նաև Ինձ համար»։ Քանի որ Նրա համար ամեն ինչ դյուրին և իրագործելի է, ու եթե Նա ցանկանում է կատարել այն, ինչ անհրաժեշտ է, ապա ոչինչ, կարծում եմ, չի կարող խոչընդոտել Նրան։
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Այսպես է ասում Զորությունների Տերը. «Եթե սա այս օրերին ժողովրդի մնացորդի աչքին զարմանալի պիտի թվա, մի՞թե Իմ աչքին ևս զարմանալի է», ասում է Զորությունների Տերը»։ (Սինոդական թարգ․) [6]
Տե՛ս Զաքարիայի մարգարեության մեկնություն գլուխ 8:4
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Եթէ այդ ժողովրդի մնացորդների համար այն օրերին դժուար որեւէ բան լինի, ապա մի՞թէ ինձ համար էլ պիտի դժուար լինի դա», - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Զորքերի Տերը. Այն օրերին եթե այս ժողովրդի մնացորդի աչքերին անհնար լինի, մի՞թե իմ աչքերին էլ պիտի անհնար լինի,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր ամենակալ. Եթէ տկարանայցէ ինչ առաջի մնացորդաց ժողովրդեանդ այդորիկ յաւուրս յայսոսիկ. միթէ եւ առաջի՞ իմ տկարանայցէ, ասէ Տէր ամենակալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: