Զաքարիայի մարգարեության մեկնություն 8։4

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)

4-5. «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ծեր այրերն ու կանայք կրկին նստելու են Երուսաղեմի փողոցներում, ապրած օրերի շատությունից` յուրաքանչյուրն իր ձեռքում ցուպը բռնած: Քաղաքի փողոցները պիտի լցվեն տղաներով ու աղջիկներով, որոնք խաղալու են նրա փողոցներում»:
   

   Երբ պատերազմը կործանեց հրեա ժողովրդին, դրա անխուսափելի հետևանքը եղավ այն, որ քաղաքները զրկվեցին իրենց բնակիչներից, ու տներն իրենց գեղեցիկ սենյակներով ավերակների վերածվեցին։ Բայց Աստված խոստանում է, որ այդ քաղաքներից թշնամիների հեռանալուց հետո շնորհվելու է երկարատև խաղաղություն, որը հույները միանգամայն արդարացիորեն կոչում են «երեխաների դաստիարակ» (κουροτροφον), քանի որ այն ծնվող սերնդին հնարավորություն է տալիս հասնելու երիտասարդության, իսկ երիտասարդների համար ինչ-որ չափով հարթում է ծերության ուղին, որովհետև ոչ ոք երկիրը չի ավերում, պատերազմը չի վերացնում, և սուրը չի կործանում։ Այսպիսով, միանգամայն արդարացիորեն կարելի է կարծել, որ խաղաղության ժամանակ քաղաքները, ինչքան էլ որ մեծ ու ընդարձակ լինեին, ասես փոքրանում են և չեն տեղավորում բնակիչների բազմությանը։ Նույն միտքն են մեզ ներշնչում նաև մեկնաբանվող խոսքերը, քանի որ ասվում է, թե «Ծեր այրերն ու կանայք կրկին նստելու են Երուսաղեմի փողոցներում»՝ գավազանների օգնությամբ գոնե մի փոքր թեթևացնելով իրենց ծերունական տկարությունը և ուղեկցի փոխարեն ցուպ ունենալով իրենց ձեռքին։ Սա գովեստն է այդ ժամանակների և այն խորին խաղաղության, որը երեխաներին հնարավորություն է տալիս հասնել երիտասարդության, իսկ հասուն տարիքի հասածներին և իրենց կյանքի ողջ ժամանակն առանց պատերազմի անցկացրածներին՝ ապրել մինչև ծերություն։ Եվ եթե տղաները պիտի պարեն քաղաքում, իսկ աղջիկները պիտի շրջեն փողոցներում, ապա դա լինելու է այն հստակ ցուցիչը, որ ոչ մի ծանր հոգս չի անհանգստացնելու նրանց, քանի որ եթե տխրության ժամանակներ լինեին, ապա բոլոր զվարճությունները դադարած կլինեին։

   Իսկ ահա մեզ համար խաղաղություն դարձավ Ինքը՝ Քրիստոս, Ով, դադարեցնելով ամեն պատերազմ, Եկեղեցին լցրեց սրբերով։ Եվ հենց Եկեղեցում է հոգու ներքին զորությամբ զարդարված ա՛յն մարդկանց անհամար բազմությունը, որոնց իմաստուն Հովհաննեսը գրում է՝ ասելով. «Հայրե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք Նրան, Ով ի սկզբանէ կա» (Ա Հովհ. 2:14)։ Հասունության չհասած երեխաները և փոքրիկ աղջիկները ներկայացնում են նորօրյա հավատացյալների բոլորովին երիտասարդ բազմությունը, որն ասես հոգևոր հրճվանքից ցատկոտելով՝ զարդարում է ճշմարիտ սուրբ քաղաքը, այսինքն՝ Եկեղեցին։ Նրանց վերաբերյալ լիովին կիրառելի են այս խոսքերը. «Եկե՛ք ցնծանք Տիրոջ առջև, աղաղակենք մեր փրկիչ Աստծուն» (Սաղմ. 94:1)։ Իսկ եթե ասվում է, թե ծերունիները հենվում են գավազանի վրա, ապա դա դու կարող ես հասկանալ այն իմաստով, որ թե՛ փոքրերին և թե՛ մեծերին պահում է Քրիստոս, Որը կոչվում է Հեսսեի արմատից բուսած ցող (գավազան) և զորության գավազան (տե՛ս Ես. 11:1 հմմտ․ Սաղմ. 109:2), և Որին Վերին Սիոնից մեզ մոտ ուղարկեց Աստված և Հայրը, այնպես որ Նրանով բերկրալով՝ մենք ասում ենք. «Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն» (Սաղմ. 22:5
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

4-8․ «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Դարձյալ ծերեր և պառավներ պիտի նստեն Երուսաղեմի հրապարակներում, յուրաքանչյուրն իր բազում օրերի բերումով՝ գավազանը ձեռքին»»։ [4] «Եվ այս քաղաքի հրապարակները պիտի լցվեն տղաներով ու աղջիկներով, որոնք պիտի խաղան նրա հրապարակներում»: «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Եթե սա այս օրերին ժողովրդի մնացորդի աչքին զարմանալի պիտի թվա, մի՞թե Իմ աչքին ևս զարմանալի է», ասում է Զորությունների Տերը»։ «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա Ես պիտի փրկեմ Իմ ժողովրդին արևելքի երկրից և արևմուտքի երկրից»», «Եվ Ես պիտի բերեմ նրանց, և նրանք պիտի բնակվեն Երուսաղեմում, և նրանք պիտի լինեն Իմ ժողովուրդը, իսկ Ես պիտի լինեմ նրանց Աստվածը՝ ճշմարտությամբ և արդարությամբ»: (Սինոդական թարգ․)
   
   Աստծու ողորմությունը տարածվելու է ոչ միայն նրանց վրա, որոնք արդեն Երուսաղեմում են, այլև աշխարհի բոլոր երկրներում ցրվածների վրա: Նրանք Երուսաղեմ վերադառնալու հնարավորություն են ստանալու բոլոր երկրներից` արևելքից մինչև արևմուտք, և կրկին Տիրոջ ժողովուրդն են լինելու: 7−8−րդ համարները ծառայում են իբրև նախորդ համարների բացատրություն. ամեն կողմ ցրված Իսրայելի որդիների վերադարձը մեծացնելու է գերության տարիներին ամայացած Երուսաղեմի բնակչությունը, ու այն լցվելու է բոլոր տարիքի բնակիչներով:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Դարձեալ ծերունիներ եւ պառաւներ պիտի նստեն Երուսաղէմի հրապարակներում, ապրած օրերի շատութիւնից՝ ամէն մէկը ցուպն իր ձեռքին:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Զորքերի Տերը. Երուսաղեմի հրապարակներում կրկին ծերեր և պառավներ պիտի բնակվեն, և տարիքի պատճառով ամեն մեկի ձեռքին իր գավազանը պիտի լինի։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր ամենակալ. Դարձեալ նստցին ծերք եւ պառաւունք ի հրապարակս Երուսաղէմի, իւրաքանչիւր ցուպ ի ձեռին իւրում ի բազմութենէ աւուրց.