Զաքարիայի մարգարեության մեկնություն 8։3

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)

Այսպես է ասում Տերը. «Ես կդառնամ դեպի Սիոնը և կապրեմ Երուսաղեմում, ու Երուսաղեմը կկոչվի ճշմարիտ քաղաք, իսկ Զորությունների Տիրոջ լեռը կանվանվի սուրբ լեռ»:
   

   Աստված ամեն ինչ լցնում է, և ամեն ինչ լցված է Նրա անպատում զորությամբ։ Սակայն երբեմն ասվում է, թե Նա հեռանում է մեղավորներից, բայց դա պետք է հասկանալ ոչ թե նրանցից տարածական հեռացման իմաստով (քանի որ դա անմտություն կլիներ), այլ ա՛յն իմաստով, որ Տերն այլևս չի ցանկանում հոգ տանել նրանց մասին և նրանց արժանացնել Իր սիրուն ու հոգածությանը։ Մենք հաստատում ենք, որ հենց այս իմաստով պետք է հասկանալ նաև Աստծու բարկությունը։ Այսպիսով, Իսրայելն ընկավ կռապաշտության մեջ, ու Երուսաղեմը պոռնկացավ, և ամեն ինչի Աստված հեռացավ նրանից ու նրան ենթարկեց փորձանքների, որոնք Տիրոջ՝ Երուսաղեմից երես թեքելու հետևանքն էին։ Իսկ երբ Աստված ցուցաբերում է Իր ողորմությունը, ասում է. «Ես կդառնամ․․․», այսինքն՝ կդադարեմ բարկանալ և նրան կարժանացնեմ Իմ հոգածությանն ու այն կրկին Իմ տունը կդարձնեմ։ Ինչպես այն ժամանակ, երբ Տերը շրջել էր Իր հայացքը, սուրբ լեռը, այսինքն՝ Երուսաղեմում գտնվող տաճարը, այլևս փառավոր չէր թվում նրանց համար, ովքեր տեսնում էին այն կրակին մատնված վիճակում, այդպես էլ, երբ այն դարձյալ վերականգնվի և Աստված բարեհաճի բնակվել այնտեզ, կվերականգնվի նաև Երուսաղեմի հանդեպ ակնածանքը, և Երուսաղեմը կկոչվի «ճշմարիտ քաղաք», որն այլևս ձեռակերտ աստվածների և աստվածության կեղծանուն նմանակներին ծառայություն չի մատուցի, ինչպես դա եղել է հին ժամանակներում, այլ կլինի մեկ և իրական ճշմարիտ Աստծուն բարեմտությամբ պատվող, օրենքով ապրելու վճռականություն ունեցող և ամեն ինչում հնազանդություն ցուցաբերող մի քաղաք։

   Ոչ առանց հիմքի այս խոսքերը կարող ես վերագրել Բանին, Որը հանուն մեզ դարձավ մեզ նման։ Նա, լինելով Իր Ծնողի պատկերը և ամեն ինչում հավասարություն ունենալով Նրա հետ, խոնարհեցրեց Ինքն Իրեն՝ ծառայի կերպարանք ընդունելով, և եղավ մարդ (հմմտ․ Փիլ. 2:7), ու «մեզ համար աղքատացավ, որպեսզի մենք Նրա աղքատությամբ հարստանանք» (հմմտ․ Բ Կորնթ. 8:9)։ Այսպիսով, Նա, Ով հնում Ադամի հանցանքի և ա՛յն պատճառով, որ «մարդու միտքը երիտասարդությունից չարիքին է հակված» (հմմտ․ Ծննդ. 8:21), արդարացիորեն երես էր թեքել մեզնից, նույն Ինքն այժմ Իր հատուկ բարությամբ վերջապես դարձավ դեպի մեզ և բնակվեց Եկեղեցում ու սրբագործվածներին դարձրեց սուրբ քաղաք և բնակավայր։ Քանի որ Տերն Ինքը մի տեղում «ընտրյալ»-ի, ակնհայտորեն՝ Եկեղեցո՛ւ մասին ասաց. «Այստեղ պիտի բնակվեմ, քանզի ընտրեցի այն» (հմմտ․ Սաղմ. 131:14)։ Եվ երանելի Դավիթը երգում է. «Փառավոր խոսքեր են ասված քո մասին, Աստծո՛ւ քաղաք» (հմմտ․ Սաղմ. 86:3)։ Դա էր մատնանշում նաև Եսայի մարգարեն՝ ասելով. «Վերջին օրերին պիտի հայտնվի Տիրոջ լեռը, Աստծու տունը՝ լեռների գագաթներին, պիտի բարձրանա բլուրների վրա, և բոլոր հեթանոսները (ազգերը) պիտի շարժվեն դեպի նա» (Ես. 2:2)։ Քանի որ Քրիստոսի Եկեղեցին սքանչելի է և, ասես լեռան վրա գտնվելով, հայտնի է բոլորին, ու այն կոչվեց «ճշմարիտ» ո՛չ թե պատկերներին ու ստվերներին ծառայելու համար, այլ, ընդհակառակը, իբրև մեկը, ով ընդունել ճշմարտությունը, որ է Քրիստոս, և ով Իր ծառայությունը մատուցում է հոգով ու ճշմարտությամբ։
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Այսպես է ասում Տերը. «Ես պիտի վերադառնամ Սիոն և բնակվեմ Երուսաղեմում, և Երուսաղեմը պիտի կոչվի Ճշմարտության քաղաք, իսկ Զորությունների Տիրոջ լեռը՝ սուրբ լեռ»»: (Սինոդական թարգ․) [3]
   
   Սակայն Տերը որոշում է նրա հանդեպ Իր ցասումը դարձնել ողորմության: Նա պիտի վերադառնա Սիոն և բնակվի Երուսաղեմում, որը Նրա կողմից լքվել էր տաճարի ու քաղաքի կործանման ժամանակ` գերության սկզբում, ինչպես տեսել էր Եզեկիել մարգարեն (9:3, 10:4, 18, 11:22, 23): Երուսաղեմն ու նրա շրջակայքը դարձյալ պիտի լինեն ճշմարտության և սրբության, ինչպես նաև խաղաղության և բարօրության բնակավայր:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Ես պիտի վերադառնամ Սիոն եւ բնակուեմ Երուսաղէմում, Երուսաղէմը պիտի կոչեմ Ճշմարիտ քաղաք, եւ Ամենակալ Տիրոջ լեռը՝ Սուրբ լեռ»:
(Արարատ թարգ․) Տերն այսպես է ասում. Ես պիտի վերադառնամ դեպի Սիոն և բնակվեմ Երուսաղեմում, և Երուսաղեմը Հավատարիմ քաղաք պիտի կոչվի, իսկ Զորքերի Տիրոջ լեռը՝ Սուրբ լեռ։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Դարձայց ի Սիոն՝ եւ բնակեցայց ի մէջ Երուսաղէմի. եւ կոչեսցի Երուսաղէմ քաղաք ճշմարիտ, եւ լեառն Տեառն ամենակալի՝ լեառն սուրբ։