Ա․ Լոպուխին
4-8․ Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ծեր այրերն ու կանայք կրկին նստելու են Երուսաղեմի փողոցներում, ապրած օրերի շատությունից` յուրաքանչյուրն իր ձեռքում ցուպը բռնած»: [4] «Քաղաքի փողոցները պիտի լցվեն տղաներով ու աղջիկներով, որոնք խաղալու են նրա փողոցներում»: Այսպես է ասում Զորությունների Տերը. «Եթե սա այդ ժողովրդի մնացորդների աչքերին դժվար բան թվա այդ օրերի համար, ապա մի՞ թե դա դժվար է լինելու նաև Ինձ համար»,− ասում է Զորությունների Տերը: Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա ես փրկելու եմ Իմ ժողովրդին արևելքի երկրից և արևի մայր մտնելու երկրից», «բերելու եմ նրանց, ու նրանք սկսելու են բնակվել Երուսաղեմում ու լինելու են Իմ ժողովուրդը, իսկ Ես նրանց համար լինելու եմ ճշմարտության և արդարության Աստվածը»: (Սինոդական թարգ․)
Տիրոջ ողորմությունը տարածվելու է ոչ միայն նրանց վրա, որոնք արդեն Երուսաղեմում են, այլ նաև նրանց վրա, որոնք ցրված են աշխարհի բոլոր երկրներով մեկ: Բոլոր երկրներից` արևելքից մինչև արևմուտք, նրանք Երուսաղեմ վերադառնալու հնարավորություն են ստանալու ու կրկին Տիրոջ ժողովուրդն են լինելու: 7−8−րդ համարները իբրև նախորդ համարի համար բացատրություն են ծառայում. ամեն կողմ ցիրուցան եղած Իսրայելի զավակների վերադարձը մեծացնելու է գերության տարիներին ամայի դարձած Երուսաղեմի բնակչության թիվը, ու այն լեցուն է լինելու տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներով:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Դարձեալ ծերունիներ եւ պառաւներ պիտի նստեն Երուսաղէմի հրապարակներում, ապրած օրերի շատութիւնից՝ ամէն մէկը ցուպն իր ձեռքին:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Զորքերի Տերը. Երուսաղեմի հրապարակներում կրկին ծերեր և պառավներ պիտի բնակվեն, և տարիքի պատճառով ամեն մեկի ձեռքին իր գավազանը պիտի լինի։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր ամենակալ. Դարձեալ նստցին ծերք եւ պառաւունք ի հրապարակս Երուսաղէմի, իւրաքանչիւր ցուպ ի ձեռին իւրում ի բազմութենէ աւուրց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: