Նավումի մարգարեության մեկնություն 1:7

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

«»Բարի է Տերը, ապավեն է նեղության օրը, և ճանաչում է Իրեն հուսացողներին»։ (Սինոդական թարգ․)[7]
   
    Տեր Աստծու բարության և Նրա մոտ պաշտպանություն փնտրող բարեպաշտների հանդեպ ողորմածության այս մատնանշումը մի կողմից վկայում է այն մասին, որ աստվածային բարկությունն ունի բարոյական հիմք և էթիկական բնույթ և ամենևին տարերային կործանարար ուժ չէ, իսկ մյուս կողմից կտրուկ հակադրություն է դնում Աստծու բարության ու ողորմածության և անօրեն ասորեստանցիների վրա հասնող անողոք դատաստանի միջև։ Այս երկու կողմերը՝ Աստծու բարկությունն ու ողորմածությունը, այսինքն՝ Ասորեստանը և Հուդան, հառնում են մարգարեի առջև իր գրքի ողջ բովանդակության մեջ։ Անչափ վեհ ու փառահեղ է 7−րդ համարում կատարվող անցումը ամենազոր և ամենաարդար Տեր Աստծու բարկության նկարագրությունից դեպի Նրա բարության պատկերումը։ Այն անդիմադրելիորեն ազդում է ընթերցողի հոգու վրա՝ ստեղծելով մի տեսակ շնորհաբեր զեփյուռի տպավորություն մեծ և կործանարար փոթորկի տեսարանից հետո (հմմտ. Գ Թագ․ 19։11-12, Толковая Библия, т․ II, с. 459, 460), ինչն էլ Աստծու օգնության և պաշտպանության ամուր հույս է արթնացնում (Սաղմ․ 30։1−4, 90։1−4)։ Սակայն մարգարեն, «ցույց տալով, թե Տեր Աստված որքան բարեհաճ է իրենց պատիժները համբերությամբ կրողների և ոչ մի աստվածընդդեմ բան չասողների հանդեպ, կրկին խոսք է տանում ամբարիշտների պատժի մասին» (Երանելի Թեոդորետոս. «Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, գիրք 3, էջ 9)։

--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Բարեհաճ է Տէրը նրանց նկատմամբ, ովքեր ապաւինում են նրան նեղ օրերին. Նա ճանաչում է իրենից երկիւղ կրողներին:
(Արարատ թարգ․) Բարի է Տերը և ապաստան՝ նեղության օրը։ Հոգ է տանում իրեն ապավինողներին,
(Գրաբար) Քաղցր է Տէր որոց սպասեն նմա յաւուր նեղութեան. եւ ճանաչէ զերկիւղածս իւր։