Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 90

ԱՍՏՈՒԱԾ՝ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆԸ
   
Դաւթի օրհներգը

1․ Ով ապրում է Բարձրեալի աջակցութեամբ, երկնքում կը հանգչի Աստծու հովանու տակ:
2․ Տիրոջը կ՚ասի. «Դու ես ինձ ընդունողը, ապաւէ՛ն իմ Աստուած, որի վրայ եմ դրել իմ յոյսը»:
3․ Նա ինձ կը փրկի որսորդի թակարդից ու խռովեցուցիչ խօսքերից:
4․ Իր ծոցում կը պահի կը պաշտպանի քեզ, եւ դու ապահովութիւն կ՚ունենաս Նրա թեւերի հովանու տակ:
5․ Նրա ճշմարտութիւնը որպէս զէնք քո շուրջը կը լինի:
6․ Դու չես վախենայ գիշերուայ զարհուրանքից եւ ոչ էլ ցերեկուայ սլացող նետից, խաւարում շրջող բանից, եւ կէսօրին դեւի գայթակղութիւնից:
7․ Քո կողքին հազարներ կ՚ընկնեն, եւ քո աջին՝ տասնեակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի մերձենայ:
8․ Բաւական է, որ քո աչքով նայես, եւ դու կը տեսնես մեղաւորների ստացած հատուցումը:
9․ Դու, Տէ՛ր, իմ յոյսն ես: Բարձրեալին քեզ ապաւէն դարձրիր:
10․ Չարիքը չի հասնի քեզ, եւ տանջանքները չեն մօտենայ քո տան յարկին:
11․ Իր հրեշտակներին հրամայուած է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին:
12․ Իրենց բազուկների վրայ պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես:
13․ Դու կը քայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կը կոխոտես առիւծին ու վիշապին:
14․ «Քանի որ յոյսն Ինձ վրայ դրեց, Ես կը փրկեմ նրան, նրան հովանի կը լինեմ, քանզի Անունս ճանաչեց:
15․ Ինձ ձայն կը տայ՝ ու կը լսեմ նրան, եւ նրա հետ կը լինեմ նեղութեան մէջ. կը փրկեմ ու կը փառաւորեմ նրան:
16․ Բազում օրերով նրան կը լիացնեմ ու ցոյց կը տամ նրան Իմ փրկութիւնը»: