Նավումի մարգարեության մեկնություն 2:4

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

(եբր․ 5) «Փողոցներով սլանում են մարտակառքերը, դղրդում են հրապարակներում. դրանցից արտացոլվող փայլը կրակի պես է, նրանք փայլատակում են ինչպես կայծակ»։ (Սինոդական թարգ․)[4]
   
   Շարունակելով նկարագրել թշնամու զորքը՝ մարգարեն տեսնում է, թե ինչպես են արդեն հենց Նինվեի արվարձաններում՝ դեպի ներքին, ամրացված հատվածները տանող ծայրամասային փողոցներով, բազմաթիվ մարտակառքեր ընթանում և, միմյանց բախվելով, աներևակայելի դղրդյուն են բարձրացնում։ Ընդ որում, շարժման արագության մեջ դրանց արտաքին տեսքը հիշեցնում է մութ գիշերվա մեջ վառվող ջահեր (հմմտ․ Դատ․ 7։16, 20) կամ էլ անգամ փայլատակող կայծակ։ «Եկողների թիվն այնքան մեծ էր, որ զորքը ճանապարհին խառնվում էր իրար, և ոչինչ հնարավոր չէր տարբերել։ Նույն կերպ էլ մարտակառքերը, անցուղի չգտնելով, իրենց բազմության պատճառով հրապարակներում միմյանց էին բախվում։ Բաբելոնացիների տեսքը նման էր ջահերի, ինչպես նաև փայլատակող կայծակների, այնպես որ իրենց տեսքով նրանք հակառակորդներին սարսափի մեջ էին գցում նախքան նրանց սրով հարվածելը (Երանելի Հերոնիմոս, նույն տեղում, էջ 278, 279)։ Այսպիսին է Աստծու բարկության սուր կայծակի նմանվող փառավոր պատկերը (Բ Օր․ 32։41, Զաք․ 9։14)։  5−10−րդ համարներում (եբր.՝ 6−11) նկարագրվում է․ 1) Նինվեի գրավումը (5−7−րդ համարներ) և 2) նրա կողոպուտը (8−10−րդ համարներ)։

--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նրանց տեսքը կրակէ լամպերի նման է, եւ նրանք փայլակի պէս այս ու այն կողմ են գնում:
(Արարատ թարգ․) Կառքերը փողոցում մոլեգնում են, սուրում են հրապարակներով, նրանց տեսքը ջահերի պես է, կայծակների պես փայլատակում են։
(Գրաբար) տեսիլ նորա իբրեւ զլամբարաց հրոյ, եւ իբրեւ զփայլակն յայսկոյս եւ յայնկոյս ընթանան։