Ա. Լոպուխին
1–14. «Այն խոսքը, որը հասավ Երեմիային Եգիպտոսի երկրում բնակվող այն բոլոր հրեաների մասին, որոնք հաստատվեցին Մագդողում և Տափնիսում, ու Նոմփիսում և Պաթուրոսի երկրում»: [1] «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Դուք տեսաք այն ամբողջ չարիքը, որը Ես բերեցի Երուսաղեմի և Հուդայի բոլոր քաղաքների վրա. ահա, նրանք այսօր ամայի են, և ոչ ոք չի բնակվում դրանցում»»: «Իրենց ամբարշտության պատճառով, որը նրանք արեցին` զայրացնելով Ինձ, խունկ ծխելու գնալով և ծառայելով ուրիշ աստվածների, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենք, ո՛չ դուք, ո՛չ ձեր հայրերը»։ «Ես ձեզ մոտ ուղարկեցի Իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, ուղարկեցի վաղ առավոտից, որպեսզի ասեն. «Մի՛ արեք այդ պիղծ բանը, որը Ես ատում եմ»»։ «Բայց նրանք չանսացին և չխոնարհեցրին իրենց ականջները, որպեսզի հետ դառնային իրենց ամբարշտությունից, որ խունկ չծխեին ուրիշ աստվածների»։ «Եվ Իմ զայրույթն ու Իմ բարկությունը թափվեցին ու բորբոքվեցին Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում, և նրանք ավերակ ու ամայի դարձան, ինչպես տեսնում եք այսօր»։ Եվ հիմա այսպես է ասում Զորությունների Տեր Աստվածը, Իսրայելի Աստվածը. «Ինչո՞ւ եք դուք այդ մեծ չարիքն անում ձեր իսկ հոգիների դեմ` ձեզանից վերացնելով տղամարդկաց և կանանց, մեծահասակ երեխաներին ու մանուկներին` Հուդայի միջից, որպեսզի ձեզ համար մնացորդ չմնա»»։ «Գրգռելով Իմ բարկությունը ձեր ձեռքի գործերով, ուրիշ աստվածների խունկ ծխելով Եգիպտոսի երկրում, ուր դուք եկել եք բնակվելու, որպեսզի բնաջինջ անեք ձեզ և նզովքի առարկա ու նախատինք դառնաք երկրի բոլոր ժողովուրդների մեջ»։ «Մի՞թե դուք մոռացել եք ձեր հայրերի ամբարշտությունը և Հուդայի թագավորների ամբարշտությունը, ձեր սեփական ամբարշտությունը և ձեր կանանց ամբարշտությունը, որ նրանք գործեցին Հուդայի երկրում և Երուսաղեմի փողոցներում»։ «Նույնիսկ մինչև այսօր նրանք չզղջացին, և չեն վախենում ու չեն ընթանում Իմ օրենքի ու կանոնների համաձայն, որոնք Ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին»։ «Դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա, Ես Իմ դեմքը կուղղեմ ձեր դեմ` կործանման և ամբողջ Հուդան բնաջնջելու համար»»։ «Եվ պիտի վերցնեմ մնացած հրեաներին, որոնք իրենց երեսն ուղղել են Եգիպտոսի երկիր գնալու և այնտեղ բնակվելու համար, նրանք ամենքը պիտի բնաջնջվեն Եգիպտոսի երկրում. սրով ու սովով պիտի բնաջնջվեն. փոքրից մինչև մեծը պիտի մեռնեն սրից ու սովից, և պիտի լինեն անեծք ու սարսափ, արհամարհանք ու նախատինք»։ «Պիտի այցելեմ Եգիպտոսի երկրում բնակվողներին, ինչպես որ Ես այցելեցի Երուսաղեմին՝ սրով, սովով և ժանտախտով»։ «Եվ ոչ ոք չի փախչի ու չի փրկվի հրեաների այն մնացորդից, որոնք եկել էին Եգիպտոսի երկիր` այնտեղ բնակվելու և այնուհետև Հուդայի երկիր վերադառնալու համար, ուր նրանք ամբողջ հոգով փափագում են վերադառնալ, որպեսզի բնակվեն այնտեղ. ոչ ոք հետ չի վերադառնալու` բացի նրանցից, ովքեր կփախչեն այնտեղից»։ (Սինոդական թարգմ.)
Եգիպտոսում ապրող հրեաներին իրենց հայրենիքի ավերումը մարգարեն ցույց է տալիս որպես Աստծո բարկության ակնհայտ ապացույց, ինչին արժանացան օտար աստվածներին երկրպագելու համար: Այժմ մարգարեն հատկապես ստոր է համարում հրեաների նույն սովորույթներին դառնալ, որոնք արդեն հանգեցրել էին հրեական պետության կործանմանը: Անկասկած է, որ Աստծո բարկությունը վերջնականապես կկործանի իր արատների մեջ արմատավորված այս ժողովրդին: Որպես հեթանոսական սնահավատությանն առավել հակվածություն ունեցող` մարգարեն հատկապես նշում է հրեա կանանց: Մագդոլը (որտեղ, ըստ ամենայնի, շատ մեծ հրեական գաղութ կար) Եգիպտոսի հյուսիսարևելյան կողմում՝ Պելուսիումի մոտակայքով անցնող Նեղոսի ջրանցքի մոտ գտնվող և Միջերկրական ծովից ոչ շատ հեռու ընկած սահմանամերձ քաղաք է: Եգիպտական հուշարձանների վրա այն անվանվում է «mak–thai»: «Ելից» գրքում նշված Մագդոլը (14:2) պետք է փնտրել ավելի հարավային ուղղությամբ:
Թաֆնիսի և Նոֆի մասին, Երեմ. 2:16 համարում:
Պաֆրոսը Վերին Եգիպտոսում էր, ինչպես երևում է Եսայի 11:11 համարից։ Իսկ եգիպտական հուշարձաններում Թեբեն նշվում է որպես «հարավային երկրի» գլխավոր քաղաք (Պա–տո–րիս):
---------------------------------------
[1](Էջմիածին թարգմ.)Տէրը Երեմիայի միջոցով խօսեց բոլոր հրեաների մասին, որոնք բնակւում էին Եգիպտացիների երկրում, գտնւում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում եւ Պաթուրէս երկրում, ու ասաց.
(Արարատ թարգմ.)Խոսքը, որ հասավ Երեմիային այն բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին Եգիպտոսի երկրում, որոնք բնակվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում և Պաթուրեսի երկրում.
(Գրաբար)Բանն Տեառն որ եղեւ առ Երեմիայ, ի վերայ ամենայն հրէիցն որ բնակեալ էին յերկրին Եգիպտացւոց, եւ որք նստէին ի Մագդովղ, եւ ի Տափնաս, եւ ի Մեմփիս, եւ յերկրին Պաթուրէս, եւ ասէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: