Ա. Լոպուխին
7-8․ Արդարի ճանապարհն ուղիղ է, Դու հարթում ես արդարի ուղին։ [7] Եվ Քո դատաստանների ճանապարհին, Տե՛ր, մենք Քեզ ենք հուսացել, Քո անվանը և Քո մասին հիշողություններին է ձգտել մեր հոգին։ (Սինոդական թարգ․)
Փրկված արդարների ընտրյալ բազմությունն արտահայտում է իր հավիտենական ապավինությունն Աստծուն, Որն անգամ Իր պատիժները մարդկանց վրա սահմանում է ուղղիչ նպատակներով։ Ցավոք ամբարիշտները չէին ըմբռնում պատիժների այդ նպատակը, այդ իսկ պատճառով էլ արդարացիորեն նրանց պատուհասում է մահը։
«Արդարի ճանապարհն ուղիղ է», այսինքն՝ արդարը դեպի իր նպատակն է ընթանում ուղիղ, հարմարավետ և կարճ ճանապարհով։
«Դու հարթում ես», այսինքն՝ ճանապարհն անցնելու հարցում, այնուամենայնիվ, արդարին Տերն է օգնում։
«Քո դատաստանների ճանապարհին», այսինքն՝ Աստծո բոլոր գործերում, բոլոր սարսափելի պատիժներում, որոնք պատուհասում են թե՛ ժողովուրդներին ամբողջապես, և թե՛ առանձին մարդկանց, արդարները, միևնույն է, չարի հանդեպ բարու վերջնական հաղթանակի հարցում իբրև իրենց համար հենարան ապավինում են Տիրոջը։
«Քո անվանը և Քո մասին հիշողություններին»․․․Արդարները ցանկանում էին, որ Տերը բավականաչափ բացահայտեր Իր զորությունը, որպեսզի մարդիկ ստիպված լինեին Նրան Իր իրական անունով դիմել (Ամենակալ Աստված և Փրկիչ), և որպեսզի Նրա մասին ճշմարիտ իմացությունը սփռվեր ամբողջ աշխարհով մեկ։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Բարեպաշտների ճանապարհներն ուղիղ են, հարթ ու դիւրին են աստուածապաշտների ճանապարհները:
(Արարատ թարգ․) Արդարի ճանապարհն ուղիղ է։ Դու, որ ուղիղ ես, հարթում ես արդարի շավիղը։
(Գրաբար) ճանապարհք բարեպաշտաց ուղիղ են. դիւրեալ եւ պատրաստեալ են ճանապարք աստուածապաշտաց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: