Եսայու մարգարեության մեկնություն 33։7

Ա. Լոպուխին

7-9․ Ահա նրանց քաջազուններն աղաղակում են փողոցներում, խաղաղության պատգամաբերները լաց են լինում դառնապես։ [7] Ամայացել են ճանապարհները, դադարել է ճանապարհորդը: Նա խզել է ուխտը, ավերել է քաղաքները, մարդկանց բանի տեղ չի դնում։  Երկիրը սգում ու նվաղում է, Լիբանանն ամոթահար է ու թառամած, Սարոնն անապատի պես է դարձել, իսկ Բասանն ու Կարմելոսը տերևաթափ են եղել։ (Սինոդական թարգ․)
   
   Հուդայի երկրի ներկա վիճակը, փաստորեն, չափազանց աղետալի.է։

   «Նրանց քաջազունները» - եբրայերեն՝ arielim, այսինքն՝ Արիիլայի կամ Երուսաղեմի բնակիչները (Ես. 29:1), որոնք այդժամ կանգնած էին փողոցներում և բարձրագոչ աղաղակում էին ասորեստանցիների տիրապետության վերաբերյալ իրենց հասած լուրերի վախից։

   «Խաղաղության պատգամաբերներ» - նկատի ունի հրեա պատգամաբերներին, որոնք ասորեստանցիների արքայի մոտից վերադարձել էին տխուր լուրերով (hմմտ. Ես.  15:4):

   «Լաց են լինում․․․», իհարկե, այն պատճառով, որ իրենց առաքելությունը հաջողությամբ չի պսակվել։

   «Մարդկանց բանի տեղ չի դնում», այսինքն՝ ասորեստանյան թագավորը չի ցանկանում հաշվի նստել ոչ մեկի իրավունքների հետ, և դեռ ավելին, նրա համար որևէ նշանակություն չունի ամեն օր տասնյակ անմեղ մարդկանց ոչնչացնելը։

   «Երկիրը սգում է»։ Այստեղ մարգարեն ի նկատի ունի այն ավերածությունները, որոնք գործում էին ասորեստանյան հրոսակներն այստեղ նշված տարածքներով անցնելիս։ Դաժան զավթիչները, իհարկե, չխնայեցին ո՛չ թշնամական անտառները (Լիբանանն ու Կարմելոսը), ո՛չ էլ պտղատու դաշտերը (Բասան)։

   «Սարոնը» Միջերկրական ծովի ափով Յաֆայից դեպի Կեսարիա ձգվող հովիտ է, որով էլ որ ասորեստանցիներն ընթացան դեպի Փղշտացիների երկիր, ուստի և, անկասկած, այդ վայրը (այսինքն՝ Սարոնը) ամբողջովին ոտնակոխ արվեց զորականների  կողմից։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ահաւասիկ նրանք սարսափում են ձեր ահից. ումից որ վախենում էիք, իրե՛նք են ձեզնից վախենում. պատգամաւորներ են ուղարկում, որպէսզի դառնօրէն լաց լինելով՝ խաղաղութիւն աղերսեն:
(Արարատ թարգ․) Ահա նրանց քաջազուններն աղաղակում են դրսում, խաղաղության պատգամաբերները լաց են լինում դառնորեն։
(Գրաբար) Ահաւադիկ յահէդ ձերմէ երկիցեն. յորոց երկնչէիքն` երկիցեն ի ձէնջ: հրեշտակս արձակեսցեն որ լայցեն դառնապէս` եւ խնդրեսցեն զխաղաղութիւն: