Եսայու մարգարեության մեկնություն 63:15

Ա. Լոպուխին

«Նայի՛ր երկնքից և տե՛ս Քո սրբության ու Քո փառքի բնակավայրից. ո՞ւր են Քո նախանձախնդրությունն ու Քո զորությունը: Քո հանդեպ ողորմությունն ու Քո նկատմամբ գթությունն Ինձ վրա են»: [15] (Սինոդական թարգ․)
   
   «Նայի՛ր երկնքից և տե՛ս Քո սրբության ու Քո փառքի բնակավայրից. ո՞ւր են Քո նախանձախնդրությունն ու Քո զորությունը: Քո հանդեպ ողորմությունն ու Քո նկատմամբ գթությունն Ինձ վրա են։ Միայն Դու ես մեր Հայրը, քանի որ Աբրահամը չի ճանաչում մեզ, ու Իսրայելը մեզ որպես յուրային չի ընդունում. Դոʹւ, Տեʹր, մեր Հայրն ես, դարերից ի վեր է Քո անունը՝ «մեր Փրկարար»։ Ինչի՞ համար, Տեʹր, Դու մեզ թույլ տվեցիր, որ մոլորվենք Քո ճանապարհներից, որ կարծրացնենք մեր սրտերը, որպեսզի չվախենանք Քեզանից: Վերադարձի՛ր հանուն Քո ծառաների, հանուն Քո ժառանգության սերունդների։ Քո սրբարանի ժողովուրդը քիչ ժամանակ միայն տիրեց դրան. մեր հակառակորդները ոտնակոխ արեցին Քո սրբարանը: Մենք այնպիսին դարձանք, որոնց վրա Դու, կարծես թե, երբեք իշխանություն չես ունեցել, ու որոնց վրա երբեք չի եղել Քո անունը» - 15-19-րդ համարներ. եթե աղոթքի՝ քիչ առաջ ուսումնասիրված առաջին հատվածն իր բնույթով կարելի է պատմական համարել, ապա սույն հատվածը ճիշտ կլինի բնորոշել որպես խնդրողական-ներողամտական և խորապես ապաշխարողական բնույթի մի աղերս:
   
   « Նայի՛ր երկնքից և տե՛ս ․․․ ո՞ւր են Քո նախանձախնդրությունն ու Քո զորությունը․․․» - Աստծո ժողովրդի համար իր բոցաշունչ աղոթքի մեջ Եսայի մարգարեն, Մովսեսի նմանողությամբ (Թվ. 14։13-18), «ուժեղ աղաղակով» դիմում է Տիրոջն ու խնդրում է Նրան, որպեսզի Նա Իր երկնային բարձունքներից ներողամտորեն հայացք գցի Իր ժողովրդի ծայրահեղ աղետալի վիճակի վրա: Այդ իրավիճակի ծանրությունը հատկապես սրվում է ա՛յն հանգամանքով, որ իսրայելական ժողովուրդը, կարծես թե, այժմ հայտնվում է Տիրոջ կողմից լքված մի ժողովրդի կարգավիճակում. Նրա նախանձախնդրությունն ու զորությունը, Նրա առատաձեռնությունն ու ողորմածությունն այլևս այնքան առատորեն ու բոլորի համար տեսանելի կերպով չեն հեղվում, ինչպես որ դա տեղի էր ունենում նախկինում՝ «Մովսեսի հին օրերում»: Ինչպես ամուսինը, որը վերջնականորեն համոզվում է իր կնոջ բարոյազուրկ լինելու հարցում ու այլևս դադարում է խանդել նրան և բացարձակապես անտարբեր է դառնում նրա հանդեպ, այնպես էլ Տերը, - ինչպես նշում է մարգարեն, - կորցնում է Իր պատմական նախանձախնդրությունն Իսրայելի նկատմամբ (Ելք 20:5) ու դադարում է հոգ տանել նրա մասին:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Արդ, դարձի՛ր երկնքից եւ քո սուրբ ու փառաւոր տաճարից նայիր, թէ ո՛ւր են քո նախանձախնդրութիւնն ու զօրութիւնը, ո՛ւր են քո մեծ ողորմութիւնն ու գթութիւնը, որոնցով ներում էիր մեզ:
(Արարատ թարգ․) Նայի՛ր երկնքից և տե՛ս քո սուրբ ու փառավոր բնակարանից. ո՞ւր են քո նախանձախնդրությունն ու զորությունը. ընդերքիդ գալարումն ու քո գթությունը իմ հանդեպ դադարում են։
(Գրաբար) Եւ արդ դարձ ի յերկնից` եւ տես ի տաճարէ սրբոյ քումմէ` եւ ի փառաց քոց. ո՞ւր է նախանձ քո եւ զաւրութիւն. ու՞ր է բազում ողորմութիւն գթութեան քոյ, որով ներէիրն մեզ: