Ա. Լոպուխին
«Սակայն հիմա, Տեʹր, Դու ես մեր Հայրը, մենք կավ ենք, իսկ Դու մեզ ստեղծողն ես, ու մենք բոլորս Քո ձեռքի գործերն ենք»: [8] (Սինոդական թարգ․)
«Սակայն հիմա, Տեʹր, Դու ես մեր Հայրը, մենք կավ ենք, իսկ Դու մեզ ստեղծողն ես, ու մենք բոլորս Քո ձեռքի գործերն ենք։ Անհունորեն միʹ բարկացիր, Տեʹր, և հավիտյան մի՛ հիշիր անօրենությունը. ահա նայի՛ր, մենք բոլորս Քո ժողովուրդն ենք։ Քո սրբարանի քաղաքներն անապատ դարձան. Սիոնն անապատ դարձավ, Երուսաղեմն ամայացավ: Մեր սրբության ու մեր փառքի տունը, որտեղ մեր հայրերը փառաբանում էին Քեզ, կրակով այրվել է, ու մեր բոլոր հարստությունները թալանվել են։ Այս ամենից հետո պիտի զսպե՞ս քեզ, Տե՛ր, պիտի լռե՞ս և անչափ պատժե՞ս մեզ» - 8-12-րդ համարներում, այսինքն՝ մինչև այս գլխի ավարտը, ներկայացվում է Իսրայելի վերջին, ամփոփիչ աղոթքի հատվածը, որում նա հայցում է իր երկնավոր Հոր գթասրտությունը՝ ելնելով իր ներկա վիճակի խիստ աղետալի լինելու հանգամանքից:
«Սակայն հիմա, Տեʹր, Դու ես մեր Հայրը, մենք կավ ենք, իսկ Դու մեզ ստեղծողն ես…» - Եսայի մարգարեի համար բնորոշ է այստեղ ներկայացվող կավագործի ու կավի պատկերը, նախկինում արդեն օգտագործվել էր մարգարեի կողմից (Ես. 29:16, 45:9): Շատ հավանական է, որ սա գալիս է Աստծո կողմից մարդու արարչության պատմությունից (Ծննդ. 2:7), չնայած որ այս պարագայում, ակնհայտորեն, խոսքն Իսրայելի Աստվածային հատուկ ընտրության մասին է, ինչի վերաբերյալ արդեն մեկ անգամ հղում կատարվել է միևնույն աղոթքի մեջ (Ես. 63:16): Այս պատկերը Երեմիա մարգարեի շարադրանքում աճելով՝ վերածվում է մի ամբողջ խորհրդանշական տեսիլքի՝ Իսրայելի ու Հուդայի ճակատագրի վերաբերյալ (Երեմ. 18-րդ գլուխ): Այդ միևնույն պատկերը մեկնաբանվում է նաև Պողոս առաքյալի կողմից՝ Հռոմեացիներին ուղղված իր նամակում (Հռոմ. 9:20 և այլ տեղիներ):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Տէ՜ր, մեր Հայրն ես դու. մենք կաւ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը, մենք ամէնքս քո ձեռքի գործն ենք:
(Արարատ թարգ․) Եվ սակայն, ո՛վ Տեր, դու ես մեր Հայրը. մենք կավն ենք, դու՝ մեր բրուտը, մենք բոլորս քո ձեռքի գործն ենք։
(Գրաբար) Եւ արդ Տէր Հայր մեր դու ես. մեք կաւ, եւ դու ստեղծիչ մեր. եւ գործք ձեռաց քոց ամենեքին մեք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: