Եզեկիելի մարգարեության մեկնություն 8։12

Ա. Լոպուխին

«Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես, մարդո՛ւ որդի, ի՛նչ են անում Իսրայելի տան երեցները խավարում, ամեն մարդ իր ներկված սենյակում, որովհետև ասում են. «Տերը մեզ չի տեսնում, Տերը լքել է այս երկիրը»»։ [12] (Սինոդական թարգ․)
   
   «Խավարում» - Կռապաշտության սենյակը կարող էր մութ լինել. եգիպտական ​​կռապաշտությունը սիրում էր խավար սրբավայրեր (Plutarch, De Isocr, 20), ինչպիսին որ էին բոլոր առեղծվածային խորհուրդները։ Սակայն այս արտահայտությունը կարող է մատնացույց անել նաև պաշտամունքի գաղտնիությունը։

   «Ամեն մարդ իր համար նախատեսված սենյակում» - Այս նկատառումը ընթերցողին նախևառաջ նախազգուշացնում է, որ բոլոր կռապաշտների՝ մեկ սենյակում միավորվելն ունի միայն խորհրդանշական նշանակություն (վկայում է պաշտամունքի համընդհանրության և տարածվածության մասին։ Բոլոր դեպքերում այս կռապաշտությունը յուրաքանչյուրն իր սենյակում էր կատարում (այդտեղից հետևելով՝ իրավիճակը, իհարկե, ոչ թե բարելավվում է, այլ ավելի է վատթարանում), և ի դեպ այդ սենյակը խնամքով ներկված էր (հմմտ․ Եզեկ․ 23:14) կուռքերի պատկերներով։ Սակայն հարց է առաջանում, թե արդյո՞ք կռապաշտությանը ծառայող այդ սենյակները եղել են յուրաքանչյուրի տանը կամ տաճարում: Մարգարեին կարող էր ներկայացվել մի իրական կռապաշտություն, որը տաճարային սենյակում էր տեղի ունենում՝ խորհրդանշական նպատակների ծառայելով (ինչպես մյուս գործողությունների պարագայում էր, Քեյլ)։ Բայց հնարավոր է նաև, որ կռապաշտական այդ գործողությունը կարող էր ցուցադրվել հենց այնտեղ, քանի որ այն իրականում նույնպես տեղի էր ունենում տաճարի սենյակներում: «Մենք գտնվում ենք ներքին գավթում, որտեղ Եզեկիելը բացարձակապես չի ցանկանում ներս թողնել աշխարհիկներին, ինչպես որ չի ուզում թույլ տալ, որ նրանք, առավել ևս, տիրանան տաճարի տարբեր տեսակի սենյակներին. ապագայում դրանք պատկանելու էին միայն քահանաներին (Եզեկ․ 40:44 և հաջորդող համարները):

   Եթե ​​ընդունելի չէ այն տեսակետը, որ 70 հոգուց յուրաքանչյուրը տաճարում նմանատիպ մի սենյակ ուներ, այնուամենայնիվ այստեղ կիրառված արտահայտությունը կարող է վկայել այն մասին, որ Հեզանիայի նման շատ աշխարհականներ նույնպես այդպիսի սենյակներ ունեին։ Այդ իրողությունը հաստատում է Երեմիայի մարգարեության 36:10-րդ համարի վկայությամբ։ Աշխարհականներն այդ սենյակներում կարող էին նաև նմանատիպ շատ այլ բաներ էլ անել, ինչը հարուցում էր քահանաների վրդովմունքը (Դ Թագ․ 23։11, Սմենդ): Սլավոներեն տեքստում ասվում է․ «Նրանցից ամեն մեկն իր գաղտնի անկողնում է»։ Այստեղ, ըստ երևույթին, նկատի է առնվում ոչ թե խնկարկությունը, այլ մի ինչ-որ նոր ծիսակատարություն, որի մասին ավելի բաց տեքստով խոսելը, հնարավոր է, որ պատշաճ չէր լինի։

   «Ուշադրության են արժանի նաև այս օտար պաշտամունքի հետևորդների խոսքերը. Հին Կտակարանում նրանց ուղղությանը հարող մարդիկ հազվադեպ են խոսքի մեջ սայթաքում թույլ տալիս» (Բերթոլետ): Առաջին արտահայտությունը կասկած է հայտնում Աստծո ամենագիտության վերաբերյալ, իսկ ահա «Տերը լքել է այս երկիրը» արտահայտությունը կարող էր տեղին և արդարացի լինել։ 597 թվականից սկսած այն հավանաբար դարձել է սովորական արտահայտություն (հմմտ․ Եզեկ․ 9:9), որովհետև այդ ինչպե՞ս կարող էր Տերը թույլ տալ, որ ընտրյալ ժողովրդի ավելի քան 10․000 ներկայացուցիչներ գերեվարվեին: Հնարավոր է նաև, որ այդ արտահայտությունն առնչվում էր Ուխտի տապանակի անհետացմանը (հմմտ․ Երեմ․ 3:16 և 12:7): Եզեկիելն ընդհանուր առմամբ պահպանել է ժողովրդական նմանատիպ դատողությունների մի ամբողջ շարք (Եզեկ․ 11:3, 15, 12:21, 18:2, 13, 33:10, 37:11

--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Եւ Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թէ Իսրայէլի այդ տան նախնիներն ինչե՛ր են անում այստեղ, խաւարի մէջ, իւրաքանչիւրն իր ծածուկ սենեակում: Նրանք ասում են, թէ Տէրը լքել է երկիրը, չի նայում երկրին»:
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես՝ ի՛նչ են անում Իսրայելի տան երեցները խավարում, ամեն մարդ՝ իր նկարների սենյակներում, որովհետև ասում են. Տերը մեզ չի տեսնում, Տերը լքել է երկիրը»։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր. Որդի մարդոյ՝ տեսանե՞ս զինչ ծերք տանդ Իսրայէլի գործեն այդր ընդ խաւար, իւրաքանչի՛ւր ‘ի ծածուկ ‘ի սենեկի իւրում. զի ասեն. Եթո՛ղ Տէր, և ո՛չ հայի յերկիր: