Եզեկիելի մարգարեության մեկնություն 10։8

Ա. Լոպուխին

«Եվ քերովբեների թևերի տակ մարդկային ձեռքերի նմանություն էր երևում»։ [8] (Սինոդական թարգ․)
   

   Այն հանգամանքը, որ քերովբեն վերցրեց կրակը և այն իր ձեռքով տվեց հրեշտակապետին, մարգարեի կարծիքով կարող էր ընթերցողի համար տարակուսանք առաջացնել քերովբեների՝ ձեռքեր ունենալու հարցի առնչությամբ, այն դեպքում, որ քերովբեները շատ ավելի բարձր են ո՛չ միայն մարդկային, այլ նաև հրեշտակային աշխարհից ու բացարձակապես էլ մարդակերպ արարածներ չեն: Ասես «չվստահելով» ընթերցողի հիշողությանը, ըստ որի՝ ընթերցողը 1։6-րդ համարից պետք է գիտենար քերովբեների՝ ձեռքեր ունենալու մասին, մարգարեն կրկնում է քերովբեների ձեռքերի վերաբերյալ այնտեղ հիշատակված նկատառումը՝ մի փոքր այլ կերպ արտահայտելով միտքը․ «ձեռք» բառի փոխարեն՝ «նմանություն», ավելի ճիշտ՝ «ձեռքերի ուրվագիծ»: 1-ին գլխում ասվածի այս ոչ այնքան անհրաժեշտ կրկնությունը մարգարեին մղում է կրկնել 1-ին գլխում շարադրված տեսիլքի գրեթե ողջ նկարագրությունը:  Գլխավորաբար 1-ին գլխից կրկնվում է անիվների նկարագրության դրվագը (9-17-րդ համարներ), որին, մարգարեի կողմից դեպի ընդհատված պատմություն կատարած կարճատև անդրադարձից հետո (18-20-րդ համարներ), ավելացվում է կենդանի էակների մասին ավելի համառոտ նկարագրությունը (21-22-րդ համարներ): Այս երկրորդ նկարագրությունը նախորդ նկարագրության մեջ գրեթե ոչինչ չի ավելացնում և չի փոփոխում ու այդ իսկ պատճառով էլ այնքա՜ն տարօրինակ է թվում, որ դրա վավերականությունը խիստ վիճարկելի է դառնում կամ էլ բացատրվում է նրանով, որ մարգարեն, ունենալով նույն թեմային առնչվող երկու նմանատիպ անդրադարձ ու դրանք զետեղելով իր գրքում, վերջնական խմբագրման ժամանակ չի հասցրել ջնջել դրանցից մեկը (մեկնաբաններն ասում են, որ նման երևույթի հանդիպել են նաև 7-րդ գլխում՝ 2-5-րդ և 6-9-րդ համարների վերաբերությամբ (Կոռնիլ, Կրեչմար): Սակայն չխոսելով այն իրողության մասին, որ Եզեկիելի հեղինակային յուրահատկությունն է նախկինում ասված խոսքին վերադարձն այդ խոսքի հետագա զարգացման և լրացման նպատակով կամ պարզապես ընթերցողի հատուկ ուշադրությունը դրա վրա հրավիրելու համար (3:17-21, 18-րդ գլուխ, 33։1-20 կամ 5:10-16 և 12:17-20), այդուամենայնիվ ներկայիս կրկնության համար որպես հիմնավորում և արդարացում կարելի է համարել հետևյալը․ «Յահվեն պատրաստվում է հեռանալ Իր սրբարանից. արդյո՞ք սա մի նրբանկատ քայլ չէ, որով մարգարեն օգտվում է Տիրոջ հեռանալուց առաջ եղած կարճ ժամանակահատվածից, որպեսզի հնարավորինս ավելի խորը կերպով մխրճվի Նրա փառավոր հայտնության խորհրդի։ Մարգարեն կարծես չի կարողանում հագենալ այդ Հեռացողից, և շատ հաջող ու շատ պատեհ առիթով մարգարեն հրեշտակի կողմից իրեն սարսափելի հանձնարարության կատարման համար նախատեսված ժամանակամիջոցը «լցնում» է Տիրոջ հայտնության մասին խորհրդածությամբ»: (Բերթոլետ):

   Մեկնաբանները (մասնավորապես՝ Սմենդը) նաև նշում են, որ այս կրկնաբանությունը կարող է ունենալ հետևյալ նպատակը. Եզեկիելի ընթերցողներին կարող էր թվալ, որ Երուսաղեմի հետ պիտի կործանվեր նաև Յահվեն, ուստև մարգարեն այդպիսով ցանկանում է իր ունկնդիրներին հասկացնել, որ Յահվեն, Ինքն Իր սրբավայրը ավերելով, ցույց է տալիս, որ այլևս կապված չէ Իր երկրի հետ։ Բացի այդ, ինչպես կարող ենք նկատել կրկնվող նկարագրությունն ուշադիր ուսումնասիրելիս, մարգարեն ակնհայտորեն ցանկանում է լրացնել առաջին նկարագրության մեջ առկա որոշ բացթողումները, պարզաբանել դրանց երկիմաստությունները և մատնանշել, որ կրկնվող հայտնությունը նման չէր առաջին հայտնությանը (12-րդ և 14-րդ համարներ): Մարգարեի կողմից տեսիլքի նկարագրության կրկնությունը նպատակ ունի նախապատրաստելու Տիրոջ՝ տաճարից և Երուսաղեմից հեռանալու նկարագրությունը (18-րդ և 19-րդ համարներ), այդ իսկ պատճառով էլ նկարագրության մեջ գլխավոր տեղը հատկացվում է անիվներին (7 համարներ, իսկ քերովբեների վերաբերյալ՝ 3 համարներ)։ Հենց անիվներից էլ սկսվում է այդ կրկնվող նկարագրությունը:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Նայում էի քերովբէներին ու նրանց թեւերի տակ տեսնում մարդու ձեռքի պէս մի բան:
(Արարատ թարգ․) Եվ քերովբեների թևերի տակ մարդու ձեռքի նմանություն էր երևում։
(Գրաբար) Հայէի ընդ քերովբէսն, և տեսանէի նմանութիւն ձեռաց մարդոյ ՚ի ներքոյ թևոց նոցա: