Ա. Լոպուխին
«Ինչ վերաբերում է այս անիվներին, ինչպես ես լսեցի, դրանք կոչվեցին «գալգալ» («մրրիկ»)»։ [13] (Սինոդական թարգ․)
«Ինչպես ես լսեցի» - բառացիորեն՝ «իմ ականջներում», ինչպես որ 9։1-ին համարում է, ուր և տե՛ս համարի մեկնաբանությունը։
«Դրանք կոչվեցին» - հրեշտակապետին պատվիրելով անիվների միջից ածուխներ վերցնել՝ Աստված, համաձայն եբրայական տեքստի 2-րդ համարի, դրանք կոչում է «գալգալ»։ Քանի որ ինքը՝ մարգարեն, լսել էր այդ պատվիրանը, ապա հնարավոր է, որ նա հենց դա է ակնարկում այստեղ. սակայն ամբողջ արտահայտությունն այն տպավորությունն է թողնում, որ անիվները դիտավորյալ և հանդիսավորաբար են այդպես կոչվել, և այս նշանակալից անունն արտասանվել է բարձր ձայնով, որպես «բղավոց»՝ եբրայեցերենում՝ «վայիքրա», սլավոներենում՝ «կանչ» - «գալգալ»: Եբրայեցերեն բառն առանց թարգմանության է մնացել ինչպես հունարեն, այդպես էլ սլավոնական թարգմանությունների մեջ՝ «գալգել»: Տեսիլքում հիշատակվող անիվների այս անվան մասին առաջին հերթին կարելի է ասել, որ այն աստվածային անուն է, քանի որ մարգարեն ինքն իրենով ոչ մի տեղ նրանց այդպես չի անվանում, այլ դրանք մատնանշելու համար կիրառում է եբրայեցերեն սովորական «օֆան»՝ «անիվներ» բառը։ Այս առումով հատկապես հատկանշական է, որ նույն 6-րդ համարում, երբ Աստվա՛ծ է խոսում անիվների մասին, դրանք կոչվում են «գալգալ», իսկ երբ մարգարեն ինքն է հիշատակում այդ անիվները, դրանք կոչում է «օֆան»։ Որպես աստվածային «հեղինակություն» ունեցող անուն, այն պետք է որ լեցուն լինի խորը իմաստով և խորհրդավորությամբ, այդ իսկ պատճառով էլ հնագույն թարգմանիչները վախենում էին այն թարգմանելուց։ «Գալգալ»-ը մեկ անգամ չէ, որ օգտագործվում է Հին Կտակարանում՝ որպես անիվը մատնանշող անուն՝ կիրառվելով հիմնականում բանաստեղծական խոսքում (Ժող. 12:6, Ես․ 5:28, Եզեկ․ 23:24, 26:10): Սա, սակայն, այս բառի միակ և անկրկնելի իմաստը չէ. այս բառն իմաստային առումով նշանակում է նաև «մրրիկ»: Սաղմոսներում և Եսայու մարգարեության մեջ այն օգտագործվում է բնության երևույթներից մեկը մատնանշելու համար (Ես․ 17։13 - «Ինչպես քշված փոշին՝ մրրիկի («գալգալ») առաջից (ռուսերեն թարգմանության մեջ՝ «փոշի», սլավոներենում՝ «անիվների փոշին»)», Սաղմ․ 83:13 - «Նրանց փոշու («գալգալ») պե՛ս դարձրու և ինչպես դարման՝ քամու առաջ»): «Երկու տեղերում էլ խոսվում է ծղոտի նման մի բանի մասին, որը հեշտությամբ քշվում է քամուց։ Եվ բնավ գաղտնիք չէ, որ նույնիսկ ներկայումս էլ Պաղեստինին հարող երկրներում բերքահավաքի ժամանակ կամ դրանից մի փոքր հետո որոշակի պտտահողմեր (բավականին մեծ չափի), քամուց քշվելով, տարուբերվում են ճանապարհների և դաշտերի երկայնքով. դրանք ոչ այլ ինչ են, քան չորացած բույսերի կույտեր, որոնք հավաքվում են փոթորկի հետևանքով և պտտահողմի տեսքով մեծ արագությամբ սլանում են դաշտերով մեկ (Հեբրանս, նշվ. աշխ., էջ 598): Հետևաբար «գալգալը» կարող է մատնանշել ընդհանուր առմամբ գնդաձև տեքս ունեցող որևէ բան։ 76:19-րդ Սաղմոսում այս բառը մատնանշում է երկնքի կամարը («քո որոտի ձայնը անիվի մեջ»): Մարգարեի կողմից նախկինում պարզապես «օֆանիմ» անվանված անիվները, որոնք Աստծո կողմից կիրառության մեջ կոչվում են «գալգալ» նպատակային անվամբ, այդպիսով ակնհայտորեն ավելի մասնավոր բնութագրման են ենթակա դառնում․ այդ անիվներն իրենց շարժումով նմանվում էին «գալգալ»-ի՝ հատուկ տեսակի մրրկահողմի, որը ստանում էր գնդաձև տեսք: Այստեղից էլ ոչ առանց հիմնավորման մեկնիչները հանգում են այն եզրակացությանը, որ Եզեկիել մարգարեի տեսիլքում երևացած անիվները գնդաձև տեսք ունեին և որ այդ անիվները ներկայացնում էին երկնային գնդաձև ոլորտը։ Սաղմոսներում և Եսայու մարգարեության մեջ «գալգալ» բառի՝ որպես ծղոտի փշրանքներ նշանակությամբ գործածությունից բացի «գալգալ» և «օֆան» բառերը «երկնային գնդաձև ոլորտ» իմաստային նշանակությամբ կիրառվում են նաև Թալմուդում․․․ «Գալգալ» անվամբ անիվներին տրվող մեկնաբանությունը լույս է սփռում Եզեկիելի տեսիլքների համակարգում դրանց ընդհանուր նշանակության և այդ տեսիլքների գլխավոր գործող անձանց՝ քերովբեների հետ նրանց ունեցած փոխհարաբերությունների վրա: Թևեր ունենալով՝ քերովբեները դրանց օգնությամբ կարող էին թռչել, բայց գետնի վրա նրանք այլևս ստիպված չէին թռչելու, այլ կարող էին քայլել կամ վազել։ Եթե նրանք երկրի վրա շարժվեին իրենց ոտքերի օգնությամբ, ապա այն տպավորությունը կստեղծվեր, որ երկիրն իր կոշտ նյութականությամբ կարող էր խոչընդոտ ներկայացնել Տիրոջ համար, Որը քայլում էր երկրի վրայով. այդպես չէր կարող լինել և, հետևաբար, քերովբեները «հագեցած» էին գետնի վրա շարժվելու համար նախատեսված «զենքով», որը նրանց թույլ է տալիս իրենց շարժումները կատարել թռիչքից ոչ պակաս արագությամբ. ահա թե ինչպիսի «զենքեր» էին անիվները նրանց համար: Սովորական անիվները, իհարկե, չէին կարող ծառայել այդպիսի նպատակի իրականացմանը. անհնար է պատկերացնել այնպիսի անիվ, որը շարժվեր սավառնող թռչնի կամ քամու արագությամբ (հմմտ․ Եզեկ․ 1։4-6, Քոբարի տեսիլքը)․․․ Քանի որ «գալգալը» ոչ այլ ինչ է, քան մրրիկի մի հատուկ տեսակ, ուստի տեսելքի անիվները, որոնք ուղղակիորեն և միտումնավոր կոչվում են «մրրիկ», պետք է որ շատ ընդհանրություններ ունենային մրրիկի հետ: Հասկանալի է, որ նրանք, գտնվելով միայն կենդանիների կողքին, ինչպես կարող էին ազդել նրանց շարժման վրա. ուժեղ մրրիկը մեծ առարկաները բարձրացնում և տանում է գետնի երկայնքով: Իրենց հզոր թևերով քամու արագությամբ սավառնելով՝ տեսիլքի կենդանի էակները ճիշտ նույն արագությամբ որպես մրրիկ պտտվում էին երկրագնդով մեկ։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Հէնց ինքս լսեցի, որ անիւներին դիւրաթաւալ անունն էին տալիս:
(Արարատ թարգ․) Ինչ վերաբերում է անիվներին, ականջներում նրանք կոչվեցին «Մրրիկ»։
(Գրաբար) Եւ անուոցն անուն՝ կոչեցաւ Գեղ գեղ, իմո՛վ իսկ լսելով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: