Ա. Լոպուխին
«Սրանք այն նույն էին կենդանի էակներն էին, որոնց ես տեսա Իսրայելի Աստծո պատվանդանին՝ Քոբար գետի մոտ։ Եվ ես իմացա, որ քերովբեներ են նրանք»։ [20] (Սինոդական թարգ․)
1-ին գլխում, որում մարգարեին հայտնված քերովբեներն այդքան մանրամասնորեն նկարագրված էին չորս դեմք ունեցող կենդանիների տեսքով, Եզեկիելը ոչ մի բառ չասաց այն մասին, որ այդ կենդանի էակները քերովբեներ էին, քանի որ, անկասկած, այդ ժամանակ չէր էլ պատկերացնում, որ դա այդպես է։ Մինչև այդ այնտեղ նրան հայտնված արարածների տեսքը տարբերվում էր տաճարի քերովբեների պատկերներից (տաճարում քերովբեները պատկերված էին մարդկային կերպարանքով)։ Այս ամբողջ տեսիլքը կարծես թե միտված էր այն բանին, որպեսզի մարգարեի համար բացահայտեր Քոբարում նրան հայտնված կենդանիների իրական էությունը։ Եվ մարգարեն արդեն իսկ այս տեսիլքում նրանց այլևս կենդանիներ չի անվանում, այլ նրանց բոլորին կոչում է «քերովբեներ» (Եզեկ․ 11:3, 10:1 և այլ տեղիներ): Այն համոզումը, որ սրանք քերովբեներ էին, կարող էր մարգարեի մտքում առաջանալ ներկայիս տեսիլքի հենց սկզբից՝ միայն այն փաստից, որ Տիրոջ փառքը, որը հանգչում էր այդ առեղծվածային կենդանիների վրա, հայտնվեց այն տաճարում, որտեղ բնակվում էր Շեխինան։ Այդ համոզումը կարող էր ամրապնդվել 10:2-րդ համարում հնչած Աստծո ձայնով (այնտեղ Աստված Ինքն է Իր փառքի խորհրդավոր կրողներին կոչել «քերովբեներ», չնայած չպետք է մոռանանք, որ տեսիլքներում ասված բառերն «անպատմելի» են, հմմտ․ Բ Կորնթ. 12։4)։ Այդ համոզումն էլ առավել է ամրացել 15-րդ համարի վկայությամբ (տե՛ս այդ համարի բացատրությունը)։ Այն, սակայն, վերջնականապես հաստատվում և, հետևաբար, հանդիսավոր կերպով արտահայտվում է միայն հիմա, երբ Տիրոջ փառքը տաճարից հեռանում է քերովբեների օգնությամբ, ինչը շատ նշանակալի մի իրողություն է:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Այս այն կենդանի էակն էր, որին ես տեսել էի Քոբար գետի ափին Իսրայէլի Աստծուց ներքեւ ու իմացայ, որ դրանք քերովբէներ են:
(Արարատ թարգ․) Սրանք էին այն կենդանի էակները, որ ես տեսա Իսրայելի Աստծու տակ՝ Քեբար գետի մոտ, և իմացա, որ քերովբեներ են նրանք։
(Գրաբար) Այս ա՛յն գազան է զոր տեսի ՛ի ներքոյ Աստուծոյ Իսրայէլի ՛ի վերայ Քոբար գետոյ, և գիտացի թէ այն քերովբէք են'
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: