Ա. Լոպուխին
«Քանի որ, ահա, բոլոր հոգիներն Իմն են. ինչպես հոր հոգին, նույնպես և որդու հոգին Իմն է. մեղանչող հոգին ինքը պիտի մեռնի»։ [4] (Սինոդական թարգ․)
«Բոլոր հոգիներն Իմն են» - այստեղից հետևում է, որ Աստծո համար անհրաժեշտություն չի առաջանում մեկի մեղքերի համար վրեժխնդիր լինել մյուսից. Նա մշտապես էլ կարող է պատժել յուրաքանչյուրին իր սեփական մեղքի համար, ասել է թե՝ պատժել անմիջապես տվյալ մեղքը գործած մեղավորին, և ոչ թե՝ ուրիշին կամ ուրիշի միջոցով՝ մեղավորին: «Մարդկային հոգու ներքին արժեքն այստեղ արտահայտված է այնպես, ինչպես նախկինում երբեք չի արտահայտվել. յուրաքանչյուր հոգի պատկանում է Աստծուն, այսինքն՝ Աստված յուրաքանչյուր հոգու նկատմամբ առանձնահատուկ հարաբերության մեջ է և այդ հոգուն առնչվում է այնպես, ինչպես որ այդ հոգին է առնչվում է Իրեն» (Բերթոլետ):
«Մեղանչող հոգին ինքը պիտի մեռնի» - տե՛ս 3։18-րդ համարի բացատրությունը։ Մահը հակադրությունն է ա՛յն կյանքի, որը խոստացված է արդարներին (տե՛ս 9-րդ համարը), հետևաբար, այստեղ խոսքը գլխավորաբար գալիք աղետի ժամանակ կորստյան մատնվելու մասին է, որի հետ էլ կապված է ապագայում հաստատվող Մեսիական թագավորությունից անմասն լինելը: Այստեղ Հին Կտակարանում առաջին անգամ է, որ խոսվում է հոգևոր մահվան մասին, սակայն «հոգի» ասելով հասկանում ենք ավելի շուտ առհասարակ մարդուն, կենդանի էակին։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) որովհետեւ բոլորի հոգիներն էլ իմն են՝ ինչպէս հօրը, այնպէս էլ զաւակինը. ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի:
(Արարատ թարգ․) Ահա բոլոր հոգիներն իմն են. ինչպես հոր հոգին, նույնպես և որդու հոգին իմն է. մեղանչող հոգին ինքը պիտի մեռնի։
(Գրաբար) Զի ամենայն անձինք ի՛մ են. որպէս անձն հօր՝ նո՛յնպէս և անձն որդւոյ. անձն որ մեղիցէ՝ նո՛յն և մեռցի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: