Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, Երուսաղեմին հայտարարի՛ր նրա պղծությունները»։ [6] (Սինոդական թարգ․)
«Լեռների վրա զոհաբերություն չի ուտում և իր աչքերը չի դարձնում դեպի Իսրայելի տան կուռքերը, իր մերձավորի կնոջը չի պղծում և չի մերձենում իր սեփական կնոջը նրա՝ անմաքրությունից մաքրվելու ընթացքում»։
Արդարին և մեղավորին հատուկ բնորոշիչ հատկանիշները թվարկելով՝ մարգարեն ակնհայտորեն ցանկանում է ներկայացնել բարոյական հիմնական սկզբունքների, այսպես կոչված, մի ամբողջ վադապետություն: Նա այստեղ խոսում է ոչ թե մի անհասանելի, բայց և սքանչելի իդեալի (հմմտ․, օրինակ, Ես. 33:15), այլ գործնականում հեշտությամբ ձեռք բերվող մի բանի մասին (հմմտ․ Սաղմ. 14, 23): Մարգարեի գերության ընկերների համար, որոնք նոր-նոր էին սկսում իրենց կրոնա- բարոյական ուղղումը և կրթությունը, այդպիսի բարոյական ուսուցումն ավելի օգտակար էր, քան ամենավսեմ բարոյականության մասին քարոզչությունը: Այս հանգամանքից ելնելով է, որ արդարների բնորոշիչ գծերը գրեթե բոլորն էլ ներկայացվում են ժխտողական սկզբունքով: Սկզբում խոսվում է կրոնական, իսկ հետո՝ բարոյական գործողությունների մասին։
Կրոնական - 1․ «Լեռների վրա զոհաբերություն չի ուտում» - զոհաբերության մատուցման ամբողջ ծիսակարգից մատնանշվում է միայն դրա «ամփոփիչ» հատվածը, ամենայն հավանականությամբ ա՛յն պատճառով, քանի որ հեթանոսությունից հատկապես այդ դրվագն է ամենահաճելին և գրավիչը, կամ էլ գուցե ա՛յն պատճառով, որ հնում զոհաբերությունները տեղի էին ունենում տվյալ աստվածության առջև հյուրի կարգավիճակով ներկայանալու և զոհաբերված կերակուրը ճաշակելու միջոցով: Բարձունքների վրա մատուցվող զոհաբերությունները կիսահեթանոսական բնույթ ունեին. դրանք, թեև ոչ օրինավոր կերպով, մատուցվում էին Յահվեին, ահա թե ինչու են այդ զոհաբերություններն այստեղ հիշատակվում առաջին տեղում։
2․ «Իր աչքերը չի դարձնում դեպի Իսրայելի տան կուռքերը», այսինքն՝ աղոթքով և օգնության հույսով չի ապավինում այդ կուռքերին: «Իսրայելի կուռքեր» ասելով նկատի է առնվում ոչ միայն ոսկե հորթերին մատուցվող պաշտամունքը, այլ նաև մատնացույց են արվում բոլոր օտար կուռքերը, որոնց Իսրայելը որևէ մի ժամանակ երկրպագել է: Ահա այն ամենը, ինչն աստվածապաշտության առումով կարելի էր պահանջել գերության մեջ գտնվող իսրայելացուց։ Հեռու լինելով սրբարանից՝ նա գրեթե ոչ մի կրոնական ծիսակատարություն չէր կարող կատարել։ Յահվեի հանդեպ հավատարմությունը գերյալ իսրայելացին կարող էր դրսևորել միայն բացառման եղանակով՝ կռապաշտությունից հեռու մնալու միջոցով։ Սակայն դրա հետ համեմատած հրեայի առջև ավելի լայն էր բացվում նրա զուտ բարոյական պարտականությունների ասպարեզը։ Բարոյական նշանակություն ունեցող պարտականություններից առաջին հերթին հիշատակվում են կրոնական պարտավորությունների հետ սերտ առնչություն ունեցող դրույթները, այն է՝ ցանկացած տեսակի արյունապղծությունից հեռու մնալը, իսկ ահա այդպիսի արյունապղծության օրինակներն էին
1․ դավաճանությունը,
2․ համատեղ ամուսնական կյանքով ապրելը (սեռական հարաբերություններ ունենալը) կնոջ ամսական մաքրման շրջանի (դաշտանի) ժամանակահատվածում՝ մի հանցանք, որը Ղևտացվոց գրքում դասվում է մերձավոր արյունակիցների սեռահարաբերության (ինցեստի), անասունների հետ սեռահարաբերվելու և սոդոմիզմի (համասեռամոլության) հետ և պատժվում է այդ հանցանքի մեջ բռնված երկու մեղսակիցների՝ ժողովրդի միջից վերացումով (Ղևտ․ 18:19, 23 հմմտ․ Եզեկ․ 18։6-18, 29, 20:18):
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 18:5
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) լեռների վրայ զոհաբերուածը չի ուտում, աչքը չի գցում Իսրայէլի տան կուռքերին, չի պղծում իր ընկերոջ կնոջը, իր կնոջն էլ դաշտանի ժամանակ չի մօտենում, ոչ մի մարդու հանդէպ բռնութիւն չի գործադրում,
(Արարատ թարգ․) սարերի վրա չուտի, աչքերը դեպի Իսրայելի տան կուռքերը չբարձրացնի, իր ընկերոջ կնոջը չպղծի, իր դաշտանի մեջ եղող կնոջ չմոտենա
(Գրաբար) ‘ի վերայ լերանց զոհեալ՝ ո՛չ ուտիցէ. և զաչս իւր ‘ի կուռս տանն Իսրայէլի ո՛չ արձակիցէ. և զկին ընկերի իւրոյ ո՛չ ապականիցէ. և ‘ի կին իւր ապարահ ո՛չ մերձենայցէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: