Գիրք` 32. Ովսեե

Գլուխ 14

Ովսեեի աղերսն Իսրայելին
   
1. Ո՛վ Իսրայել, Տիրոջը՝ քո Աստծո՛ւն դարձիր, որովհետև դու սայթաքել ես քո անօրենության պատճառով։

2. Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք և վերադարձե՛ք Տիրոջը. ասացե՛ք նրան. «Ների՛ր ամեն անօրենություն և ընդունի՛ր, ինչ որ բարի է, և մենք կմատուցենք մեր շրթունքների պտուղները։

3. Ասորեստանցին մեզ չի փրկելու, ձիեր չենք հեծնելու և մյուս անգամ մեր ձեռքի գործերին չենք ասելու. Ո՛վ մեր Աստված, որովհետև որբը քեզանից է ողորմություն գտնում»։

4. Նրանց խոտորումը պիտի բժշկեմ, նրանց անհատույց պիտի սիրեմ, որովհետև իմ բարկությունը շրջվել է նրանցից։
   
Տերը նոր կյանք է խոստանում
   
5. Ես ցողի պես պիտի լինեմ Իսրայելի համար. նա շուշանի նման պիտի ծաղկի և արմատներ պիտի գցի Լիբանանի ծառի պես։

6. Նրա ճյուղերը պիտի տարածվեն, և նրա վայելչությունը ձիթենու պես, իսկ բուրմունքը Լիբանանի պես պիտի լինի։

7. Նրա հովանու տակ ապրողները պիտի վերադառնան, պիտի կենդանանան ցորենի պես և ծաղկեն որթատունկի պես։ Նրա բուրմունքը Լիբանանի գինու պես պիտի լինի։

8. Եփրեմը պիտի ասի. «Ես այլևս ի՞նչ ունեմ կուռքերի հետ»։ Ես լսեցի նրա խնդրանքը և խնամեցի նրան։ Ես կանաչ մայրի ծառի պես եմ, քո պտուղն ինձնից է գտնվելու։

9. Ո՞վ է իմաստուն, թող հասկանա այս բաները, կամ հասկացող, թող գիտենա սրանք. որովհետև ուղիղ են Տիրոջ ճանապարհները, և արդարները գնում են նրանցով, իսկ հանցավորները սայթաքելու են նրանց մեջ։