Գիրք` 32. Ովսեե

Գլուխ 2

Անհավատարիմ Գոմերը և անհավատարիմ Իսրայելը
   
1․ «Ձեր եղբայրներին ասացե՛ք Ամմի և ձեր քույրերին՝ Րուհամա։
2․ Վիճե՛ք ձեր մոր հետ, վիճե՛ք, որովհետև նա իմ կինը չէ, և ես նրա այրը չեմ։ Թող նա իր դեմքից հեռացնի իր պոռնկությունները և իր շնություններն իր ստինքների մեջտեղից։
3․ Որ չլինի թե նրան մերկացնեմ և կարգեմ իր ծնված օրվա պես. նրան անապատ դարձնեմ. նրան անջուր երկիր անեմ և ծարավից մեռցնեմ նրան։
4․ Եվ նրա որդիներին չեմ ողորմելու, որովհետև նրանք պոռնկության որդիներ են։
5․ Որովհետև նրանց մայրը պոռնկացավ, նրանց հղացողը խայտառակություն գործեց, որովհետև ասաց. “Գնամ իմ սիրեկանների հետևից, որոնք տալիս են իմ հացն ու ջուրը, իմ բուրդն ու քաթանը, իմ յուղն ու ըմպելիքը”։
6․ Ուստի ես ահա փշերով պիտի ցանկապատեմ նրա ճանապարհը և պատով պիտի պատեմ, և նա իր ուղիները չի գտնելու։
7․ Նա պիտի հետապնդի իր սիրեկաններին, բայց նրանց չի հասնի. նրանց կորոնի, բայց չի գտնի։ Այն ժամանակ կասի. “Հետ դառնամ գնամ իմ նախկին ամուսնու մոտ, որովհետև ինձ համար այն ժամանակն ավելի լավ էր, քան հիմա”։
8․ Եվ նա չգիտեր, որ իրեն ես էի տալիս ցորենը, գինին և յուղը և շատացնում նրա արծաթն ու ոսկին, որոնցով նրանք Բահաղ շինեցին։
9․ Ուստի ես իր ժամանակին հետ պիտի վերցնեմ իմ ցորենը և իր եղանակին՝ իմ գինին։ Եվ պիտի խլեմ բուրդս ու քաթանս, որոնք նրա մերկությունը ծածկելու համար էին։
10․ Եվ հիմա նրա լրբությունն իր սիրեկանների առաջ պիտի բացահայտեմ, և ոչ ոք չի կարող նրան ազատել իմ ձեռքից։
11․ Ես պիտի դադարեցնեմ նրա բոլոր ուրախությունները՝ տոնախմբությունները, ամսագլուխներն ու շաբաթները և նրա բոլոր հանդիսավոր տոները։
12․ Եվ պիտի ավերեմ նրա որթերը և թզենիները, որոնց մասին ասում էր. “Սրանք իմ վարձն են, որ իմ սիրեկաններն են տվել ինձ”։ Եվ դրանք ես անտառ պիտի դարձնեմ, և դաշտի գազանները պիտի ուտեն դրանք։
13․ Եվ նրան պիտի պատժեմ Բահաղների օրերի համար, երբ նա խունկ էր ծխում նրանց և զարդարվում էր օղերով ու զարդերով և իր սիրեկանների հետևից գնում։ Եվ ինձ մոռացել էր»,- ասում է Տերը։
   
Տիրոջ սերն իր ժողովրդի հանդեպ
   
14․ «Ուստի ահա ես նրան կհրապուրեմ ու կտանեմ անապատ և կխոսեմ նրա սրտի հետ։
15․ Եվ ես այնտեղից իր այգիներն իրեն կտամ և Աքովրի ձորը հույսի դուռ կանեմ, և նա այնտեղ կպատասխանի իր մանկության օրերի պես և Եգիպտոսի երկրից իր դուրս գալու օրվա պես։
16․ Այն օրը,- ասում է Տերը,- ինձ “այրս” կկոչես և ինձ այլևս “Բահաղս” չես ասի։
17․ Ես Բահաղների անունները կհեռացնեմ նրա բերանից, և նրանք այլևս չպիտի հիշվեն իրենց անուններով։
18․ Եվ նրանց համար այն օրը ուխտ պիտի կնքեմ դաշտի գազանների հետ, երկնքի թռչունների հետ և երկրի սողունների հետ։ Աղեղը, սուրը և պատերազմը պիտի վերացնեմ երկրից և նրանց ապահովությամբ պիտի պառկեցնեմ։
19․ Եվ քեզ ինձ պիտի նշանեմ հավիտյան, և քեզ ինձ պիտի նշանեմ արդարությամբ և իրավունքով, ողորմությամբ և գթությամբ։
20․ Քեզ ինձ պիտի նշանեմ հավատարմությամբ, և դու կճանաչես Տիրոջը։
21․ Եվ այն օրը, որ ես կպատասխանեմ,- ասում է Տերը,- կպատասխանեմ երկնքին, և նա կպատասխանի երկրին։
22․ Եվ երկիրը կպատասխանի ցորենին, գինուն և յուղին, և նրանք կպատասխանեն Հեզրայելին։
23․ Եվ նրան երկրի վրա պիտի սերմանեմ ինձ համար և պիտի ողորմեմ ողորմություն չգտածին և կասեմ նրան, որ իմ ժողովուրդը չէ. “Դու իմ ժողովուրդն ես”, և նա կասի. “Դու իմ Տեր Աստվածն ես”»։