Գիրք` 32. Ովսեե

Գլուխ 9

Ովսեեն հայտնում է Իսրայելի պատիժը
   
1. Մի՛ ուրախացիր, ո՛վ Իսրայել, մի՛ ցնծա, ինչպես ժողովուրդները, քանզի պոռնկացար ու հեռացար քո Աստծուց. ցորենի ամեն կալի վրա պոռնկության վարձը սիրեցիր։
2. Կալը և հնձանը նրանց չեն կերակրելու, և քաղցուն պիտի ստի նրան։
3. Նրանք չեն բնակվելու Տիրոջ երկրում, այլ Եփրեմը պիտի վերադառնա Եգիպտոս, և Ասորեստանում անմաքուր բաներ պիտի ուտեն։
4. Նրանք Տիրոջը գինու նվեր չեն մատուցելու, և նրան հաճելի չեն լինելու նրանց զոհերը. սգավորների հացի պես պիտի լինի նրանց հացը. բոլոր ուտողները պիտի պղծվեն, որովհետև նրանց հացը նրանց անձերի համար է և չի մտնելու Տիրոջ տունը։
5. Ի՞նչ եք անելու հանդիսավոր տոնի օրը և Տիրոջ տոնախմբության օրը։
6. Որովհետև ահա կործանումից փախչելով գնում են. Եգիպտոսը պիտի ժողովի նրանց, Մեմփիսը պիտի թաղի նրանց, եղինջը պիտի ժառանգի նրանց ցանկալի արծաթեղենը, փուշ պիտի լինի նրանց վրաններում։
7. Եկան պատժի օրերը, եկան հատուցման օրերը, Իսրայելը պիտի իմանա. անմիտ է մարգարեն, խելագար է ներշնչված մարդը քո բազում անօրենության և մեծ հակառակության պատճառով։
8. Եփրեմն իմ Աստծու հետ դիտում է, իսկ մարգարեն լարված որոգայթ է նրա բոլոր ճանապարհների վրա, հակառակություն՝ իր Աստծու տան մեջ։
9. Գաբաայի օրերի պես խորապես ապականվեցին։ Նա պիտի հիշի իրենց անօրենությունը, պիտի պատժի նրանց մեղքերը։
   
Իսրայելի մեղքը և դրա հետևանքը
   
10. Իսրայելին գտա, ինչպես խաղողն անապատում. թզենու կանխահաս՝ առաջին պտուղների պես տեսա ձեր հայրերին։ Սակայն երբ նրանք եկան Բաալփեգոր և իրենց նվիրաբերեցին ամոթալի կուռքին, պիղծ եղան իրենց սիրած բանի պես։
11. Ծնունդից, արգանդից, հղիությունից Եփրեմի փառքը թռչունի պես պիտի թռչի։
12. Թեկուզ իրենց որդիներին մեծացնեն, նրանց անզավակ պիտի դարձնեմ, մինչև ոչ մեկը չմնա. որովհետև վա՜յ նրանց, երբ ես իրենցից հեռանամ։
13. Եփրեմը, ինչպես որ Տյուրոսում տեսա, տնկված էր հաճելի վայրում, բայց Եփրեմն իր որդիներին դուրս է հանելու սպանողի մոտ։
14. Տո՛ւր նրանց, Տե՛ր. ի՞նչ ես տալու նրանց. տո՛ւր նրանց վիժող արգանդ և ցամաք ստինքներ։
   
Աստծու դատաստանն Իսրայելին
   
15. Նրանց ամբողջ չարությունը Գաղգաղայում է. այնտեղ ատեցի նրանց իրենց արարքների չարության պատճառով. նրանց իմ տնից պիտի վտարեմ և այլևս չպիտի սիրեմ նրանց. նրանց բոլոր իշխանավորները ապստամբներ են։
16. Հարվածվեց Եփրեմը. նրանց արմատը չորացավ, պտուղ չեն տալու։ Թեկուզ ծնեն էլ, նրանց արգանդի ցանկալիներին պիտի մեռցնեմ։
   
Մարգարեն խոսում է Իսրայելի մասին
   
17. Նրանց մերժելու է իմ Աստվածը, որովհետև չլսեցին նրան, և ազգերի մեջ թափառական պիտի լինեն։