Հավիտենական խաղաղությունը
1․ Այն պատգամը, որը Ամոզի որդի Եսային տեսավ Հուդայի և Երուսաղեմի մասին։
2․ Այնպես պիտի լինի վերջին օրերին, որ Տիրոջ տան լեռը պիտի հաստատվի լեռների գագաթին, պիտի բարձրանա բլուրներից վեր, և բոլոր ազգերը պիտի փութան դեպի այն։
3․ Բազում ժողովուրդներ պիտի գնան և ասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը, Հակոբի Աստծու տունը. նա մեզ կսովորեցնի իր ճանապարհները, և մենք կգնանք նրա շավիղներով»։ Արդարև, Սիոնից է դուրս գալիս օրենքը, և Երուսաղեմից՝ Տիրոջ խոսքը։
4․ Նա կդատի ազգերին և կհանդիմանի շատ ժողովուրդների։ Նրանք իրենց սրերից խոփեր կձուլեն և իրենց նիզակներից՝ էտոցներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չպիտի սովորեն պատերազմել։
5․ Ո՛վ Հակոբի տուն, եկե՛ք քայլենք Տիրոջ լույսով։
Հոխորտանքը պիտի կործանվի
6․ Դու լքել ես քո ժողովրդին՝ Հակոբի տունը, որովհետև նրանք լցվել են արևելքի գուշակներով և հմայություն են անում փղշտացիների նման, ու օտարների որդիների հետ համաձայնվեցին։
7․ Նրանց երկիրը լցված է արծաթով ու ոսկով, և նրանց գանձերին թիվ չկա. նրանց երկիրը լցված է ձիերով, և նրանց ռազմակառքերին վերջ չկա։
8․ Նրանց երկիրը լցված է կուռքերով. նրանք երկրպագում են իրենց ձեռքի գործին, նրան, որ իրենց մատներն են ստեղծել։
9․ Մարդը խոնարհեցվում է, մարդիկ նվաստացվում են. մի՛ ներիր նրանց։
10․ Մտի՛ր ժայռերի մեջ, թաքնվի՛ր հողի տակ Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից։
11․ Մարդուս ամբարտավան աչքերը պիտի խոնարհեցվեն, պիտի նվազեցվի մարդկանց գոռոզությունը, և այդ օրը կբարձրանա միայն Տերը,
12․ որովհետև Զորությունների Տերը մի օր ունի բոլոր ամբարտավանների, մեծամիտների և հպարտների դեմ, որոնք պիտի նվաստացվեն,
13․ Լիբանանի բոլոր եղևնիների դեմ՝ բարձր ու բարձրացած, և Բասանի բոլոր կաղնիների դեմ,
14․ բոլոր բարձրաբերձ լեռների և բոլոր բարձր բլուրների դեմ,
15․ ամեն բարձր աշտարակի և ամեն ամուր պարսպի դեմ,
16․ Թարսիսի բոլոր նավերի դեմ, ցանկալի տեսք ունեցող ամեն ինչի դեմ և ճարտարորեն պատրաստված ամեն բաների դեմ։
17․ Մարդուս ամբարտավանությունը պիտի խոնարհվի, պիտի իջնի մարդկանց մեծամտությունը, և այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա։
18․ Կուռքերն ամբողջովին պիտի անհետանան։
19․ Մարդիկ ժայռերի քարայրերն ու գետնի խոռոչները պիտի մտնեն Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։
20․ Այդ օրը մարդն իր արծաթե կուռքերը և ոսկե կուռքերը, որ պատրաստել էր երկրպագելու համար դրանց, պիտի գցի խլուրդներին և չղջիկներին,
21․ որպեսզի մտնի ապառաժների խոռոչներն ու ժայռերի ծերպերը Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։
22․ Հե՛տ կանգնեք մարդուց, որի շունչը նրա ռունգերի մեջ է, որովհետև ինչի՞ մեջ է նրա արժեքը։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: