Աբդիուի մարգարեության մեկնություն 1:1

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Աբդիուի տեսիլքը։ Այսպես է ասում Տեր Աստված Եդոմի մասին. լուր առանք Տիրոջից, և պատգամաբեր ուղարկվեց` ազգերին հայտարարելու. «Վե՛ր կացեք, և պատերազմի ելնենք նրա դեմ»: (Սինոդական թարգ․) [1]
   
   «Աբդիուի տեսիլքը» (սլավոներեն՝ «Ավդիինո») արտահայտությունն այս գրքի խորագիրն է: «Chazon» (տեսիլք) եզրույթով մարգարեները մատնանշում են ոչ միայն այն հայտնությունները, որոնք ստացվել են տեսիլքով կամ հայեցողությամբ (Ամ. 7, Ամ. 8:1, Եզ. 1 և այլն), այլև այն հայտնությունները, որոնք փոխանցվել են խոսքի միջոցով (Ես. 1:1): Այս վերջին իմաստով է «տեսիլք» եզրույթն օգտագործված Աբդիուի գրքի խորագրում:

   «Այսպես է ասում Տեր Աստված Եդոմի մասին» (սլավոներենում՝ «Իդումեայի մասին»). սա ոչ թե գրքի ուշ շրջանի հավելում (գլոսսա) համարվող մեկ այլ խորագիր է, այլ սովորական մարգարեական արտահայտչաձև, որը նախորդում է Տեր Աստծու խոսքին կամ էլ հաստատում է մարգարեի հաջորդ խոսքի աստվածահայտնության բնույթը:

   «Մենք լուր առանք Տիրոջից (schamanu), և պատգամաբեր (zir)ուղարկվեց (schullach)՝ ազգերին հայտարարելու. «Վեʹր կացեք, և պատերազմով ելնենք նրա դեմ»: Հոգնակի թվով կիրառվող «schamanu»-ի փոխարեն Յոթանասնից թարգմանության մեջ և սլավոներենում օգտագործված է եզակի թվով՝ «akoenh hkousa» (լուր լսեցի)։  Նույն պարագան է նաև Երեմ. 49:14 համարում (schamathi): Եբրայերեն բնագրի (հոգնակի ձևի) հետ համաձայն են քաղդերեն (արամեերեն) և ասորերեն թարգմանությունները, քանի որ «schamanu» բառի ընթերցումն ավելի դժվար է, քան «schamathi»−ինը, ուստի այն պետք է գերադասել վերջինից, թեև որոշ մեկնիչներ (Կնաբենբաուեր) նախընտրում են Յոթանասնիցի տարբերակը: Եբրայերեն «zir» բառը Յոթանասնիցը «perioch» (պարիսպ, պատվար) բառի միջոցով է թարգմանում, Սյումմաքոսը` «aggelian», ասորական և քաղդեական տեքստերը՝ «angustias»: «Schullach» բայը նրանք իբրև «schillach» են փոխանցել, որտեղից էլ ծագել է սլավոներեն տեքստի «լուր ուղարկվեց ազգերին» տարբերակը: «Մենք լուր առանք» արտահայտության կապը նախորդ հատվածների հետ լիովին պարզ չէ: Ենթադրելով, որ «այսպես է ասում Տեր Աստված Եդոմի մասին» արտահայտության միջոցով անձամբ Տիրոջ խոսքն է մեջբերվում (անձամբ Տիրոջ խոսքը միայն 2−րդ համարից է սկսվում), որոշ մեկնիչներ (ըստ Կասպարիի) 1−ին համարի վերջին հատվածը ներածական նախադասություն են համարում, որը լուսաբանում է այն հանգամանքները, որոնցում մարգարեն հայտնության է արժանանում: Այդ մեկնիչները կարծում են, որ մարգարեն ցանկանում է նշել, թե ինքը Եդոմի մասին հայտնությունը ստացել է այն ժամանակ, երբ իրեն է հասել եդոմացիների վրա հարձակվելու ազգերի մտադրության մասին լուրը: Սակայն «այսպես է ասում Տերը» խոսքերը կարող են ընկալվել նաև որպես ընդհանուր մատնանշում այն մասին, որ մարգարեի հաղորդած հայտնությունը նա ստացել է Աստծուց: Այդ դեպքում 1−ին համարի վերջին հատվածը կարելի է Եդոմի ճակատագրի մասին մարգարեության սկիզբ համարել: Մարգարեն հոգնակի թվով է խոսում (մենք լուր առանք), քանի որ նա իրեն ընկալում է որպես Իսրայելի ժողովրդի անդամ և նրա ներկայացուցիչ: Մարգարեի լսած լուրի բովանդակությունն այն է, որ ազգերը պատերազմի են դուրս գալիս Եդոմի դեմ: Ազգերի մոտ ուղարկված «պատգամաբերի» մասին մարգարեի հիշատակումը կարիք չկա հասկանալ որպես Նաբուգոդոնոսորի կողմից հարևան ժողովուրդների մոտ ուղարկված դեսպանություն՝ վերջիններիս եդոմացիների վրա հարձակվել դրդելու նպատակով (Կոռնելիոս Ալյապիդի) կամ որպես  ազգերի մոտ հրեշտակի պատգամաբերություն (Կնաբենբաուեր): Մարգարեի արտահայտությունները պատկերավոր բնույթ ունեն. Եդոմի դեմ պատերազմը ներկայացվում է որպես անխուսափելի իրադարձություն: Մարգարեն կարծես տեսնում է Աստծու կողմից առաքված պատգամաբերին, որն ազգերին Եդոմի դեմ դուրս գալու կոչ է անում: «Վե՛ր կացեք և պատերազմով ելնենք» խոսքերը մարգարեի կողմից դրվում են պատգամաբերի շուրթերին, սակայն դրանք Տիրոջ անմիջական խոսքը չեն (Շեգգ):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․)Աբդիուի տեսիլքը, որ երեւաց Աքաաբի օրօք Ասորեստանից դուրս գալուց առաջ: Սա է Աբդիուի տեսիլքը: Այսպէս է ասում Տէրը Եդոմի մասին. լուր իմացայ Տիրոջից, որ պաշարման հրահանգ ուղարկեց հեթանոսներին. «Ելէ՛ք, պատերազմի դուրս գանք նրա դէմ»։
(Արարատ թարգ․) Աբդիայի տեսիլքը. Տեր Աստված Եդովմի մասին այսպես է ասում. «Տիրոջ կողմից լուր լսեցինք, և ազգերին դեսպան ուղարկվեց, թե՝ “Վե՛ր կացեք, որ նրա դեմ պատերազմի ելնենք»։
(Գրաբար) Տեսիլ Աբդիու որ եղև յառաջ քան զելս Ասորեստանւոյն յաւուրս Աքաաբու։ Ա՛յսպէս ասէ Տէր ցԵդոմ. Լուր լուայ ի Տեառնէ. և պաշարումն առաքեաց ի հեթանոսս. արի՛ք և յարիցուք ի վերայ նորա ի պատերազմ։