Աբդիուի մարգարեության մեկնություն 1:21

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Եվ փրկիչներ պիտի ելնեն Սիոն լեռը՝ դատելու Եսավի լեռը. և Տիրոջը պիտի լինի թագավորությունը: (Սինոդական թարգ․) [21]
   
   «Եվ փրկիչներ (moschilim) պիտի ելնեն Սիոն լեռը (behar zion)». ինչպես մի ժամանակ` Դատավորների ժամանակաշրջանում, Տերը փրկիչներ հանեց Իր ժողովրդի համար (Դատ. 3:9, 15, Դ Թագ. 13:5, Նեեմ. 9:27), այդպես էլ ապագայում Նա պիտի հատուկ անձանց միջոցով Իր ժողովրդին ազատի տանջանքներից, իսկ Եդոմը պիտի ենթարկվի Աստծու դատաստանին: Ժողովրդի այդպիսի փրկիչներ էին Զորաբաբելը, Եզրասը, Նեեմիան և մակաբայեցիները, որոնք նախապատրաստեցին Աստծու Թագավորությունը (Կնաբենբաուեր և կաթոլիկ միջնադարյան մեկնիչներ): Մարտին մարգարեի «vealu moschiim» (փրկիչներ պիտի ելնեն լեռը) արտահայտության մեջ ակնարկ է տեսնում այն բանի մասին, որ այդ փրկիչները ծագելու են ոչ թե Երուսաղեմից, այլ գավառներից, ինչպես մակաբայեցիները՝ Մոդիիմից: Յոթանասնիցը, ինչպես նաև Ակյուղասը և Թեոդիտոնը, եբրայերեն «moschiim» (փրկիչ) արտահայտությունը «noschaim» կամ «muschaim» տարբերակով են ընթերցել և հետևաբար թարգմանել են «anaswzomenoi և seswsmenoi» (սլավ.` «փրկվածները») (Ակկիլա, Թեոդիտոն): «Behap zion» արտահայտությունը Յոթանասնիցը «megar zion» տարբերակով է ընթերցել (սլավ.` «Սիոն լեռից»): «Դատելու Եսավի լեռը». սլավ.` «վրեժ լուծելու (touekdikasai)  Եսավի լեռից»: Մարտին ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ նախորդ համարներում արդեն խոսվել է Եդոմի կործանման մասին. հետևաբար, Եդոմի դատաստանի մասին միտքը նրան ավելորդ է թվում, և «որպեսզի դատեն Եսավին» արտահայտությունը որպես հետագայի հավելում՝ նրա կողմից դուրս է թողնվում: Սակայն մարգարեի պատկերավոր խոսքում այս արտահայտությունը հակասական չէ. այն պարզապես Աստծու ժողովրդի ապագա վեր բարձրանալու վերաբերյալ մարգարեի կողմից բացահայտվող գաղափարին առնչվող մի նոր արտահայտություն է: Աբդիուի մարգարեության իրականացման վերաբերյալ հարկ է նշել հետևյալը. 6−րդ դարից սկսած՝ հյուսիսից արաբական ցեղերի կողմից ճնշվելով՝ եդոմացիներն աստիճանաբար գրավեցին հարավային Պաղեստինը, և Քեբրոնը դարձավ եդոմական քաղաք: Այդ ժամանակից էլ սկսվեց հրեաների պայքարը եդոմացիների դեմ, որն իր գագաթնակետին հասավ մակաբայեցիների ժամանակաշրջանում: Ք.ա. 165 թվականին Հուդա Մակաբայեցին եդոմացիներից խլեց Քեբրոնը (Ա Մակ. 5:3, 65), իսկ Ք.ա. 126 թվականին Հովհաննես Հյուրկանոսը ամբողջությամբ հպատակեցրեց եդոմացիներին` բռնի կերպով նրանց հուդայական դարձնելով (Հովսեփոս Փլավիոս, Հրեական հնախոսություններ, XII, 8, 1, XIII, 9, 1, Ա Մակ. 4:28–61, 5:3, 65, 6:31,  Բ Մակ. 10:15, 11:5, 12:32): Այդ ժամանակաշրջանից սկսվեց եդոմացիների ձուլումը հրեաներին, իսկ Երուսաղեմի կործանումից հետո վերացավ անգամ եդոմացիների անունը: Նշված փաստերն էլ կարող են դիտարկվել որպես Աբդիուի մարգարեության հրեաների կողմից Եսավի լեռը ժառանգելու մասին խոսող 17−21−րդ համարների իրականացումը: Սակայն, ընդհանուր առմամբ, Եդոմի ու Հուդայի ապագայի մասին մարգարեի խոսքը փոխաբերական բնույթ ունի, և դժվար է այն պատմական որոշակի փաստերի հետ կապելը: Եդոմի կործանմանը վերաբերող հինկտակարանյան մարգարեությունների մասին ընթերցի՛ր Կ. Քեյթ. Քրիստոնեական հավատի ճշմարտացիության ապացույցները, Սանկտ-Պետերբուրգ., 1870, էջ 298−360:

--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Փրկուածները Սիոնի լեռից ոտքի կը կանգնեն՝ վրէժ լուծելու Եսաւի լեռից, եւ կը հաստատուի Տիրոջ արքայութիւնը»:
(Արարատ թարգ․) Եվ ազատարարները Սիոն լեռը պիտի բարձրանան՝ Եսավի լեռը դատելու համար, և թագավորությունը Տիրոջը պիտի լինի»։
(Գրաբար) Եւ ելցեն ապրեալք ի լեռնէ Սիոնի՝ առնուլ վրէ՛ժ ի լեռնէն Եսաւայ. և եղիցի Տեառն արքայութիւն։