Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 10:1

Ստեփանոս Սյունեցի

Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգի եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր:
   
   «Այնուհետև Տերը ընտրեց ուրիշ յոթանասուներկու հոգի ևս»:

   Նախ տասներկուսին ընտրեց, որպեսզի դատավորներ լինեն՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու համար: Եվ այնուհետ [ընտրեց] յոթանասուներկուսին, որպեսզի դատեն հեթանոսների յոթանասուներկու ազգերը, որովհետև ջրհեղեղից հետո Նոյի որդիներից յոթանասուներկու ազգեր սփռվեցին բոլոր մայրցամաքների և կղզիների վրա:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգի եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր:
   
   Հորդանանից սկսած՝ Հիսուսին հետեւողների խումբը շարունակաբար աճեց։ Այն մի պահ ցրվեց (Հովհ. 6:61-72), ապա նորից կազմվեց, սակայն միշտ անորոշ թվով, ավելի կամ նվազ հարատեւող անհատներով, ովքեր, առանց պաշտոնապես Հիսուսի գործակիցներ նշանակվելու, համարվում էին Նրա հետեւորդները, ընդունել էին Նրա վարդապետությունը, պաշտպանում էին Նրա անձն ու պատիվը, նպաստում էին Նրա գործի հաջողությանն ու զարգացմանը։ Հիսուս Իր քարոզության երկրորդ տարում այդ խմբից զատեց Տասներկուսին, ովքեր մի պահ նույնիսկ առանձին շրջեցին, բայց ավելի շատ Հիսուսի հետ էին։ Նրանք դարձան հետեւող խմբի գլխավորներն ու առաջնորդները։
   Տասներկուսի ընտրությունից անցել էր տարուց ավելի։ Լրանում էր Հիսուսի քարոզության ժամանակը, մոտենում էին Հիսուսի վերջին օրերը, Ինքը եւս դա չէր թաքցնում եւ ամեն հարմար առիթով առաքյալներին լսեցնել էր տալիս, թե Իր վիճակը մոտ է։ Այն պիտի լիներ չարչարանքների ու խաչի տագնապալից վախճան, որին, սակայն պիտի հաջորդեր հաղթական հարությունը։ Հիսուսի գործունեության ժամանակի լրումը թելադրում, մանավանդ պահանջում էր ավելի թափ տալ Իր գործին, պատրաստել ապագա հաջողության ու զորության միջոցներ, մեծացնել իրեն հետեւողների խմբի ուժը եւ լիարժեք կազմակերպվածություն տալ։ Ահա Հիսուսի ունեցած նպատակը, երբ իր քարոզության երրորդ տարվա երկրորդ կեսին, հռոմեական 782 տարվա սեպտեմբեր ամսվա մեջ, կամեցավ Իրեն հետեւողներից մի երկրորդ խումբ էլ զատել, նրանց էլ հատուկ հրահանգ ու պաշտոն տալ, որպեսզի Իրենից հետո Տասներկուսին ձեռնտու ու օգտակար լինել։ Նրանց հետ մեկտեղ Ավետարանի տարածման, քարոզության եւ ջատագովության համար աշխատեն։ Այս երկրորդ ընտրվածները կազմեցին Յոթանասուներկու աշակերտների խումբը։
Հիսուսի բոլոր հետեւորդներին, ընդհանուր իմաստով, տրվում է աշակերտ անվանումը, թե՜ սկզբում ընտրված Տասներկուսին, թե՜ Յոթանասուներկուսին, թե՜ ընտրությունից դուրս մնացած մյուս հետեւողներին, թե՜ պատահաբար Հիսուսի հետեւից գնացողներին եւ թե՜, վերջապես, Հիսուսի համբարձումից հետո, Առաքյալնների քարոզության շնորհիվ Ավետարանն ընդունողներին։ Սակայն ինչպես հստակ անվանակոչությամբ Առաքեալ անունը տրվեց այն Տասներկուսին, այնպես էլ Աշակերտ կոչումը հատկացվեց Յոթանասուներկուսին։ Թեեւ վերջիններիս համար եւս ասվում է, թե Հիսուս առաքեաց զնոսա, ըստ որի նրանք էլ են իրոք ուղարկված, պատգամավորներ, այսինքն՝ առաքեալներ եղան։
   Նպատակահարմար ենք գտնում ուշադրություն հրավիրել յոթանասուներկու թվի վրա. մեր, լատին եւ ուրիշ օրինակներ եօթանասուներկու ընտրյալներին են հիշում, իսկ հույն օրինակը, որ ավելի բնագրային է համարվում, հիշատակում է միայն եօթանասուն ընտրյալներ։ Ասել կուզի, թե այստեղ նշվածները երկուսով պակաս են մյուս օրինակներում եղածից, թեեւ կան յոթանասուներկու թիվը փոխանցող գրչագիրներ եւս։ Նրանք, ովքեր փորձում են ապացուցել, թե յոթանասուն թիվն է ճշմարիտը, օրինակ են բերում (Ծննդ. 10 գլ.) եղող ազգերի ըստ հրեական ավանդության մինչեւ յոթանասունի բաժանված լինելը։ Սակայն այնտեղ հիշված չէ ոչ միայն յոթանասուն թիվը, այլեւ յոթանասուն անուններն առանձնացնելը նույնպես կամայական բնույթ ունի։ Վերջապես, ընդհանուր ազգերի թիվը հրեից մեջ, իբրեւ խորհրդավոր թիվ, երբեք ընդունված չի եղել։ Ընդհակառակը, յոթանասուներկուսը տասներկու խորհրդավոր թվի վեց անգամ կրկնապատկվածն է, 12-ն ու 72-ը միմյանց հետ, իբր մեկից վեց համեմատությամբ, հիշատակվում են Սուրբ Գրոց մեջ։ Ճիշտ այնպես, ինչպես Եղիմի աղբյուրներն ու արմավենիները Ել. 18:27, ուր որքան էլ 12 եւ 70 գրված լինի, սակայն համեմատությունը 72 թիվն է պահանջում՝ վեց արմավենի առ յուրաքանչյուր աղբյուր։ Նույն կերպ են ընտրվել Մովսեսի կողմից ծերերը՝ 12 ցեղերի գործերը վարելու համար, թեպետ 70 է հիշատակվում Թիվ. 11:16։ Բայց յուրաքանչյուր ցեղից վեցական մարդ ընտրված լինելով՝ լրանում եր 72 -ը։ Ինչպես, օրինակ, երբ Վկայուրյան Խորանի շուրջն էին հավաքվել 70 ծերերը, երկուսը մնացել էին վրանում Թիվ. 11:25և 26, որով լրանում է 72 ծերերի թիվը։ Հետեւաբար, պետք է ընդունել, որ այսպիսի խմբերը թեկուզ 72 անձից էին բաղկացած , այնուամենայնիվ, կլոր հաշիվը պահելու համար Յոթանասուններ էին կոչվում։ Այս նույն սկզբունքով, 72 թարգմանիչների կատարածն առ այսօր կոչվում է Յոթանասունից, իսկ սույն աշակերտները՝ Յոթանասունք։
Բայց ովքե՞ր էին այս 72 աշակերտները։ Ո՛չ Ղուկասի, ո՛չ էլ մեկ ուրիշի կողմից նրանց անվանացանկը չի տրված, եւ ոչ էլ նրանց հիշատակում է Նոր Կտակարանը։ Սուրբ Գրքից դուրս էլ, առաջին դարերի Սուրբ հայրերն ու մատենագիրները նույնպես բոլորովին չեն տալիս ո՛չ 72 աշակերտների անունները, ո՛չ էլ անվանացանկը։ Այդ իսկ պատճառով բացահայտորեն պակասում են 72 աշակերտներին եւ նրանց անուններին վերաբերող ստույգ տեղեկությունները։ Անգամ հավանական համարվող տվյալներ էլ չկան, որոնցով կաչողանայինք թվարկել 72 աշակերտների անունները։ Չորրորդ դարում է մի քանի անուններ տալիս Եվսեբիոս Կեսարացին՝ իբրեւ թե նրանք պատկանում էին Յոթանասնից խմբին, իսկ առաջին անգամ 70 անունների ցանկ կազմողը, ասում են, եղել է Դորոթեոս Տյուրեցին, հինգերորդ դարում։ Սակայն Դորոթյան ցուցակն այնքան անհիմն ու անիմաստ է, որ երբեք չի պատշաճում Դորոթեոս Տյուրեցուն եւ ընդունված է, նաեւ հաստատված, որ այն ետին ժամանակների ոմն Սուտ-Դորոթեոսի գործն է։ Դորոթյան ցուցակում առնված են ավետարաններում եւ Առաքելական թղթերում հիշատակված բոլոր անունները, փույթ չէ որ նրանցից շատերն    Ավետարանին աշակերտել են Հիսուսի հարձակումից բավականին տարիներ հետո։
   Որպեսզի մի անուն ընդունվի Յոթանասնից ցուցակի մեջ եւ կարողանա դասվել Հիսուսի
աշակերտների խմբում, պետք է.
   1. Հիսուսի քարոզությունների ժամանակ չափահաս տարիք եւ վիճակ ունենար։
   2. Հիսուսի քարոզությունների ժամանակիրապես Նրան հետեւած լիներ։
   3. Հիսուսի հրամանով եւ Հիսուսի ժամանակ Հրեաստանում քարոզած լիներ Ավետարանը։
   4. Հրեական ծագում ունենար եւ լիներ կատարելապես թլպատության զավակ, այսինքն՝ կատարյալ եւ ստույգ հրեա լիներ։
   Արդ, այս բոլոր պայմաններին համապատասխանող անունները շատ քիչ են Նոր Կտակարանում ու առավել քիչ՝ առաքելական դարի ավանդական պատմություններում։ Ուստի 72 աշակերտների ցուցակը կազմելը պատմական անհնարինություն պարունակող գործ է։ Այսուհանդերձ, հայ եւ հույն եկեղեցիները Յոթանասուներկու աշակերտների տոն են կատարում, որի պատճառն այն է, որ Հիսուս նրանց բոլորի համար ընդհանուր ասաց. «Խնդրոցէ՛ք, զի անուանք ձեր են յերկինս» Ղուկ. 10:20: Այս կերպ Նա ամենքին էլ երանելիների դասակարգում գտնվելու վկայությունը տվեց։
Քանի որ 72 աշակերտների ցուցակը կազմելը անհնար է, գոնե, նրանց թվում եղողների մասին փոքրիշատե տեղեկություն տված լինելու համար, կարող ենք հետեւյալ ծանոթությունները քաղել՝ հիշատակելով նրանց, ովքեր ամենայն ավանականությամբ, այլ ոչ թե ստուգությամբ, տեղ կգտնեին Յոթանասնից խմբում։
   1-2. Երբ Հուդա Իսկարիովտացին Տասներկուսից դուրս մնաց, առաքյալները կամեցան լրացնել իրենց թիվը, եւ արժանի ընտրելիներ համարվեցին Հովսեփ Բարսաբան եւ Մատաթիան Գործ. 1:23: Անշուշտ վերջիններս, աստիճանի բարձրացման արժանանալիս, նախապես առաքյալների գործակիցն ու Հիսուսի մերձավորը պետք է եղած լինեին, որ ասել է, թե կանխավ Յոթանասնի թվից էին։
   3-6. Չորս Տյառնեղբայրները՝ Հակոբոսը, Հովսեփը, Սիմոնն եւ Հուդան, ում համար վկայեցինք, թե Տասներկուսի թվին չէին պատկանում (Մատթ. 10:2-4), կարող էին լինել Յոթանասնից թվում, քանի որ Հիսուսի համբարձումից հետո նրանց առաքյալների հետ տեսնում ենք Վերնատանը Գործ. 1:14։ Իսկ Հակոբոս Տյառնեղբայրը գլխավոր դեր է կատարում թե՛ Պողոսի հետ եղած ժամանակ Գաղ. 1:19և Գաղ. 2:6, թե՛ Երուսաղեմի ժողովում Գործ. 15:13 եւ թե՛ իբրեւ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս։ Մեր շարականում եւս նշվում է՝ կոչվելով «Գլուխ առաքելոց սրբոց», որպես Յոթանասնից առաջինը։
   7-8. Հիսուսի հարության օրը Եմմավուս գնացողները կոչվում են «Երկուք ի նոցանէ» Ղուկ. 24:13 եւ բնականորեն ճանաչվում են «Երկուք յաշակերտաց»։ Քանի որ Տասներկուսից չեն, ուրեմն պետք է ընդունվեն որպես Յոթանասնից պատկանողներ։ Սրանից մեկի անունը Կղեովպաս է հիշվում Ղուկ. 24:18, հավանաբար ոչ թե Տյառնեղբայրի հայրը , այլ համանուն ուրիշ մեկը։ Իսկ մյուսը, որ չի հիշատակվել, մեկնիչների ընդհանուր կարծիքով համարվում է նույն ինքը՝ Ղուկաս Ավետարանիչը:
   9. Քանի որ Ղուկաս Ավետարանիչը անցնում է Յոթանասնից շարքը, ապա նմանողության սովորությամբ Մարկոս Ավետարանչին եւս նույն դասակարգման մեջ են համարում, չնայած նրա վերաբերըալ ուրիշ հիշատակություն չունենք, բացի Պետրոսի իրեն որդի իմ կոչելը Ա Պետ. 5:13:
   10. Անանիա Դամասկացու մասին գրված է. «Էր ոմն աշակերտ ի Դամասկոս, Անանիա անուն» Գործ. 9:10 եւ աշակերտ կոչումը պատճառ է դառնում ասելու, թե Անանիան եւս 72 աշակերտներից մեկն էր։
   Այս տասն անուններով ամբողջանում է այն, ինչ առավել հավանականությամբ հնարավոր է քաղել Նոր Կտակարանից Յոթանասուներկուսից ոմանց վերաբերյալ։ Իսկ հնավանդ հիշատակություններից վերցված անունները հետեւյալներն են.
   1. Թադեոս Դիդիմոս, Թովմաս առաքյալի եղբայրը, ով քարոզեց Եդեսիայում եւ այնտեղ վախճանվեց՝ ըստ ասորիների։ Ըստ հայերի՝ անցավ Արտազը եւ այնտեղ նահատակվեց։
   2. Ստաքեոս. եղավ Անդրեաս առաքյալի գործակիցը։ Համարվում է Բյուզանդիայի առաջին եպիսկոպոսը։ Ենթադրվում է, թե հենց նա է, ում ողջույն է գրում Պողոս առաքյալը. «Եւ Ստաքեայ սիրելւոյ իմոյ» Հռոմ. 16:9:
   3. Եվոդիոս. Պետրոս առաքյալի գործակիցն էր։ Անտիոքի եկեղեցին, նախքան Իգնատիոսը, նրան համարում է իր առաջին եպիսկոպոսը։
   4. Եղիշե. Թադեոս առաքյալի գործակիցն էր եւ Աղվանից աթոռի առաջին եպիսկոպեսը։
   5. Եվստաթեոս. Բարդողիմեոս առաքյալի գործակիցն էր։ Նրա գերեզմանը ցարդ գտնվում է Տաթեւի վանքում եւ համարվում է տեղի առաջին եպիսկոպեսը։
   6. Մաքսիմինոս. առաքելությամբ գնացել է հարավային Գաղղիա եւ ընդունվել իբրեւ Ակուիո (էքս) առաջին եպիսկոպոս։
   Այս վեց անուններից յուրաքանչյուրը հիմնված է տվյալ երկրի ավանդությունների վրա։ Իբրեւ թե կարող են համարվել Յոթանասնից խմբից, քանի որ ավելի ստույգ տեղեկություններ չկան։ 16 անունների ընդունումից հետո անգամ դեռ պակասում են բավականին թվով անուններ, որպեսզի ամբողջանա 72 աշակերտների թվերի ցուցակը։
   Դորոթյան ցուցակն ու հետեւողները ուրիշ շատ անուններ են հիշատակում 72-ի կարգում, բայց նրանց դեմ հիմնավոր դիտողություններ կարող են լինել, օրինակի համար թվարկենք մի քանիսը։ Ղազարոս Բեթանիացին եղավ Հիսուսի բարեկամն ու նրան հյուրընկալողը, սակայն Նրա հետ շրջագայության եւ քարոզության գնալու մասին տեղեկություն չկա։ Հովսեփ Արեմատացին եւ Նիկոդիմոս Փարիսեցին, գաղտնի աշակերտներ մնալով, չէին կարող Հիսուսի կողմից քարոզությունների ուղարկվել։ Կղեովպաս Նազարեթցու՝ Տյառնեղբայրների հոր ողջ լինելն իսկ երկբայական է։ Իսկ Եմմավուսի Կղեովպասին հիշեցինք արդեն։ Նաթանայել Կանացու նույն ինքը՝ Բարդողիմեոս առաքյալը լինելն ապացուցեցինք։ Սիմոն Կյուրենացին, Հիսուսի խաչը տանելու առիթով, բոլորովին անծանոթ մի անձ է հանդես բերված։ Ռուփոս եւ Աղեքսանդրոս Կյուրենացիք՝ Սիմոնի զավակները, թեպետ հիշատակված են Ավետարանում Մարկ. 15:21, բայց աշակերտ համարվելու հիմք չունեն։ Զաքեոս Երիքովցին Հիսուսի մահվանից շատ քիչ ժամանակ առաջ դեռ Հիսուսին ճանաչելու ճիգեր էր անում։ Զաքարիա Նայինցու՝ Նայինում հարություն առած պատանու անունն ու կոչումն անգամ լրիվ ենթադրական են։ Ստեփանոս եւ Փիլիպպոս սարկավագները, ինչպես նաեւ նրանց մյուս հինգ ընկերնեեւը՝ Պրոխորոնը, Նիկանովրը, Տիմոնը, Պարմենասը եւ Նիկողայոսը, հույն հորջորջված, սակայն Պաղեստինից դուրս գտնվող հրեաներից էին (Գործ. 6:1-3) եւ, ավելի ուշ հավատալով, չէին կարող լինել Հիսուսին հետեւող պաղեստինցի հրեաների թվից։ Հովսեփ Բառնաբացի առաքյալների քարոզության շնորհիվ հավատացյալ դառնալը հայտնապես ասված է Գործ. 4:36։ Հովհաննես Մարկոսը, Շիղա Սիվղանոսը, Հուդա Բարսաբան, Շմավոն Նիգերը, Ղուկիոս Կյուրենացին, Մանայեն Դայեկորդին, Ագաբոս մարգարեն եւ Մնասովն Կիպրացին թեպետ Գործքի պատմության մեջ հիշատակվում են, սակայն պարզապես առաքյալների քարոզությամբ եւ Հիսուսի համբարձումից հետո Ավետարանին հետեւած անձեր են։ Այդ վերջին 26 անուններից որեւէ մեկն անհնար է 72 աշակերտների ցուցակի մեջ առնել՝ համառոտակի նշված պատճառներով, թեեւ նրանք Դորոթյան ցուցակի լավագույն հիշատակություններից են։ Մյուսները կամ հայտնապես ուշ ժամանակի հավատացյալներ են, կամ հեթանոսությունից Ավետարանի հետեւողությանն անցնողներ եւ կամ էլ բոլորովին ենթադրական ու կամայական անուններ, որոնց հիշատակությունն ինքնին ավելորդ է։ Մեզ բավական է իմանալ, որ Հիսուս 72 աշակերտներից բաղկացած մի երկրորդ խումբ կազմեց, որի անվանացանկը մեզ անծանոթ է մնացել։
   
1. Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգի եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր:
19. Ահա ձեզ իշխանութիւն տուի կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ: Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու:
   
    Գալիլիայի քաղաքներին հանդիմանելուց հետո, Հիսուս կրկին դառնում է աշակերտներին և նրանց հորդորում անվհատ կերպով գնալ և իրենց պաշտոնը լրացնել, որովհետև իրենց քարոզությունը իրենցը չէ, և իրենց հանդեպ բռնված դիրքը իրենց համար չէ. «որովհետև,- ասում է,- ով որ ձեր ասածն ընդունի, իմ խոսքն ընդունած կլինի: Մյուս կողմից ձեր կատարածը ինձնով չի ավարտվում, որովհետև իմ խոսքն ընդունողը Երկնավոր Հոր խոսքն ընդունած կլինի և ինձ անարգողը Երկնավոր Հորս անարգած կլինի»: Այդ քաջալերական վերջաբանը Հիսուս ասել էր նաև Տսներկուսին, (Մատթ. 10:17-42) ինչը որ մեկ անգամ ևս հաստատում է, թե Տասներկուսին և Յոթանասուներկուսին տրված պաշտոնը բնույթով և իսկությամբ նույնն էին:
    Պարտուպատշաճ հրահանգներն ու պատվերներն այսպես ավարտելուց հետո Հիսուս 72 աշակերտներին ճանապարհ հանեց, միշտ երկու-երկու ուղարկելով նրանց, ինչպես Տասներկուսի պարագային, որ նշանակում է, թե 36 զույգ եղան և 36 կողմեր կամ քաղաքներ տարածվեցին:
    Տասներկուսն ուղարկված էին այն վայրերը, որտեղ Հիսուս արդեն գնացել և գործունեություն էր ունեցել՝ քարոզությունները կրկնելու և հրաշքներով հոգիները արծածելու համար: Յոթանասուներկուսի պաշտոնը տարրեր եղավ, սրանը Հիսուսից ուղարկվեցին այնտեղ, ուր ինքն էր մտադիր գնալու, ինչպես էին Գալիլիայի հարավային և արևելյան կողմերը, Սամարիան և Վերին Հրեաստանը, Բերեան կամ Հորդանանի մյուս կողմը: Զույգերը, բավականին բազմաթիվ լինելով, յուրաքանչյուր շրջանակ կարող էր ավելի նեղ լինել և ըստ այդմ բոլոր քաղաքներն ու նշանավոր վայրերը առանձին-առանձին աշակերտներ ուղարկվեցին:
    Սրանց կատարելիք գործն էր՝ ժողովրդին նախապատրաստել, քարոզել և հրաշագործել, ետևից եկող Հիսուսին ճանապարհ բացել, մտքերը պատրաստել և Ավետարանի գործին դյուրություն ընծայել: Այս աշակերտների գործը մի տեսակ ավելի ծանր էր, որովհետև Հիսուս չտեսած և Ավետարանի գաղափարները չհասած վայրերում պիտի գործեին, բայց մյուս կողմից Հիսուսի համբավը ամեն կողմ տարածված էր և եթե գալիլիացիները սկզբնական աշխուժությունից հետո սառնության մեջ էին ընկել, ապա Հիսուսին չտեսած վայրերը դեռևս կարոտի և ակնկալության բաղձանքով էին բորբոքվում:
    Իսկ Հիսուս պատրաստվում էր վերջնականապես հեռանալ Գալիլիայից: Չէ՞ որ աշակերտներին և առաքյալներին հավասարապես խրատել էր իրենց չընդունող վայրերից հեռանալ և ոտքի փոշիներն էլ թափ տալով՝ մեկնել: Ինքը՝ Հիսուս, պատրաստվում էր նույնն անել գալիլիացիների նկատմամբ և բոլորովին թողնել Գալիլիան: Գնացող աշակերտներին էլ հրահանգ տվեց գնացած տեղերից ետ վերադառնալիս Գալիլիա չգնալ, այլ իրենց շրջանը լրացնելով, ուղիղ Բերեա անցնել, որտեղ Իրեն իրենցից առաջ հասած պիտի գտնեին: